«Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի պատվիրակությունը Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Զամիր Քաբուլովի հետ խորհրդակցությունների ընթացքում հավաստիացրել է, որ թալիբները չեն խախտի Կենտրոնական Ասիայի պետությունների սահմանները: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
«Թալիբանից հավաստիացումներ են ստացվել խմբավորման կողմից Կենտրոնական Ասիայի պետությունների սահմանները չխախտելու, ինչպես նաև Աֆղանստանի տարածքում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունների անվտանգության երաշխիքների վերաբերյալ», նշում է արտգործնախարարությունը:
«Շեշտվել է Աֆղանստանում «Իսլամական պետության» սպառնալիքի դեմ պայքարելու և քաղաքացիական պատերազմի ավարտից հետո երկրում թմրանյութերի արտադրությունն արմատախիլ անելու վճռականության մասին», հավելել է Ռուսաստանի արտգործնախարարությունը: