1894-96թթ. հայերի զանգվածային կոտորածներն ուղեկցվել են հայկական մշակութային ժառանգության` համակարգված և հետևողականորեն իրագործված ոչնչացմամբ: Կասկածից վեր է, որ Օսմանյան կայսրությունում հայության ազգային զարթոնքի դեմ պայքարը սուլթան Աբդուլ Համիդ II-ի ներքին քաղաքականության առաջնային խնդիրներից էր: Այդ քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է եղել հայկական հոգևոր-մշակութային հաստատությունների դեմ: Հայտնի է, որ թուրքական բռնատիրության պայմաններում հայկական վանքերն ու եկեղեցիները պարզ աղոթատեղիներից և կրթամշակութային օջախներից վերածվել էին նաև հասարակությանը համախմբող, սատարող կառույցների՝ կատարելով ազգապահպանության կարևոր գործառույթ: Արևմտահայ իրականության մեջ եկեղեցին ու նրա գլուխ կանգնած պատրիարքը հադիսանում էին այն առանցքը, որի շուրջ կենտրոնանում էին բնակչության համար կենսական կարևորություն ունեցող խնդիրները և դրանց լուծմանը միտված մոտեցումները: Այս իմաստով հայկական վանքերի ու եկեղեցիների գոյությունն Օսմանյան կայսրությունում և դրանց այդչափ կարևոր դերակատարությունը հայերի ազգային-մշակութային կյանքի զարգացման գործում արդեն իսկ դարձել էին անցանկալի և նույնիսկ դիտվում էին որպես վտանգ ինչպես մուսուլման հասարակության մեծամասնության, այնպես էլ օսմանյան իշխանությունների կողմից: Համիդյան կոտորածները հարմար առիթ դարձան հայկական մշակութային արժեքների զանգվածային ոչնչացման համար: Ինչպես իրավացիորեն նկատել է դեպքերի ժամանակակից անգլիացի հոգևորական, հասարակական գործիչ Մալքոլմ Մաքքոլը, հայերի դեմ ուղղված համիդյան քաղաքականությունն առաջին հերթին պատերազմ էր նրանց կրթության, մշակույթի և դավանանքի դեմ:
Ժամանակի բազմաթիվ վավերագրեր ու տեղեկագրեր, մասնավորապես օտարերկրյա դիվանագետների վկայությունները փաստում են, որ համիդյան կոտորածների ընթացքում հայկական մշակութային արժեքների ոչնչացումն իրագործվել է պետական քաղաքականության մակարդակով, կենտրոնական և տեղական իշխանությունների անմիջական հրահրմամբ ու հովանավորությամբ: Ըստ Պոլ Կամբոնի վկայության` 1894թ. Սասունի կոտորածի ընթացքում գնդապետ Իսմայիլ բեյը կարգադրել է զինվորներին հրո ճարակ դարձնել և ավերել գյուղերը՝ ավելացնելով, որ նրանք իրավասու են անելու այն ամենը, ինչ կամենում են, քանի որ այդպիսին է սուլթանի հրամանը:
Կոտորածների ընթացքում հայկական մշակութային հաստատությունների կողոպուտն ու ոչնչացումն ուղղորդել են թե՛ կենտրոնական ու տեղական իշխանությունները, թե՛ հոգևորական շրջանակները, թե՛ կանոնավոր զորքը և թե՛ մուսուլման ազգաբնակչության լայն զանգվածները: Ավելին, նրանք իրենց գործուն մասնակցությունն են ունեցել դրանց իրականացմանը` յուրաքանչյուրն իրեն հատուկ գործելակերպով: Անշուշտ, այս գործում կարևորագույն դերը պատկանում էր իշխանություններին, որոնք, փաստորեն, հրահրել և սադրել են ամբոխի գործողությունները, այնուհետև անպատիժ թողել իրականացնողներին:
1895թ. փետրվարի 4-ին Կամբոնը հավաստում է, որ իշխանություններն իրենց օրինակով ու վարքագծով մոլեռանդություն էին հրահրում: Ալեքսանդրեթի սանջակում Ֆրանսիայի փոխհյուպատոս Մ. Լոնգվիլը Կամբոնին հղած` 1896թ. հունվարի 3-ի թվակիր տեղեկագրում գրում էր. «Մեր կողմերում մահմեդականների մոլեռանդությունը հեռու է մարելուց: Վայրագությունները շարունակվում են ներքին նահանգների բազմաթիվ բնակավայրերում…»:
Կոտորածների ընթացքում թուրքերն ամենուր առանձնակի վայրագությամբ են կործանել հոգևոր-մշակութային հաստատությունները՝ կից շինություններով հանդերձ, և դաժանաբար սպանել քահանաներին ու վանականներին՝ որպես այդ հաստատությունների առաջնորդների՝ սպանությունները զուգակցելով խոշտանգումներով, ծանակումներով ու ողջակիզմամբ: 1896թ. հրատարակված տեղեկագրերից մեկում մասնավորապես հաղորդվում է.
«Մահմեդական խուժանն յուր կատաղութիւնը ամենէն աւելի թափեց հայ վանօրէից, եկեղեցեաց, դպրոցաց և մատենադարանաց վրայ: Ասոնք այսօր առհասարակ աւերակաց կոյտեր դարձած են, մանաւանդ գիւղերու և գաւառներու մէջը»:
Հակաքրիստոնեական տրամադրությունների բորբոքման, հայերի հանդեպ թուրք մոլեռանդ զանգվածների մեջ ատելություն սերմանելու գործում մեծ է եղել հատկապես մուսուլման հոգևորականության դերը, ովքեր ջարդերից առաջ մզկիթներում մուսուլման ազգաբնակչությանը հորդորել են հնարավորինս բազմապատկել ոճիրների, կողոպուտների ու ավերածությունների թիվը՝ ըստ այդմ արժանանալով Մուհամմեդի գոհունակությանը: Այդ հորդորները մեծապես նպաստում էին զանգվածների մոլեռանդության աճին, խթանում նրանց գործողությունների ազատությունը` պատճառ դառնալով նոր, ավելի մեծ չափերի հասնող ավերածությունների: Նման եղանակով 1895թ. հոկտեմբերի 20-ին Դիարբեքիրում Ֆաթիհ փաշայի մզկիթից դուրս գալով` ելուզակներն ավերել են Ս. Սարգիս եկեղեցին՝ առանձնակի դաժանությամբ կոտորելով ներսում գտնվող հոգևորականներին: Ականատեսի վկայության համաձայն՝
«Նրանք քանդեցին տաճարներն (խորանները) ու գարշելի պղծութիւն գործածեցին անդ. պատառեցին, գնտակահարեցին սրբոց պատկերները, ս. գրյանց մատենադարանի և դպրոցի գրյանքը պատառելով՝ կոյուղիներն ու ջրհորները լեցուցին, վերջապես բնաջինջ ըրին թանկարժեք հնութիւնքը»:
Բազմաթիվ փաստեր վկայում են հատկապես կանոնավոր զորքերի գործուն մասնակցության մասին հայկական ազգային-մշակութային հաստատությունների կողոպտման ու ավերման գործընթացին: 1894թ. Սասունի կոտորածների ընթացքում թուրքական զորքերի ու քրդական հեծելազորի կողմից ամբողջովին ոչնչացվել ու հրկիզվել են շրջանի 48 գյուղեր` տասնյակ դպրոցներով ու եկեղեցիներով: Մերսինում (Ադանայի նահանգ) Ֆրանսիայի հյուպատոս Սումարիպայի՝ Կամբոնին հղած` 1895թ. նոյեմբերի 12-ի թվակիր տեղեկագրում հաղորդվում է, որ Միսիսում (ն/տ նոյեմբերի 9-ին) զինվորներն ու զափթիեները մուտք են գործել հայկական եկեղեցի, ոտնատակ տվել սուրբ գրքերը, պղծել եկեղեցական սափորները: 1896թ. հունվարի 13-ին Կամբոնն այս առիթով գրում էր, որ Աղջագյունեում (գյուղ Տրապիզոնի նահանգի Ջանիկ գավառում) կանոնավոր բանակի զինվորները պատճառ են դարձել տարատեսակ անկարգությունների, պարաններով կապկպված քահանայի ներկայությամբ պղծել ու կողոպտել են տեղի հայկական եկեղեցին: Սեբաստիայում և Խարբերդում զինվորները բացահայտ հայտարարել են, որ հայերին թալանելու բարձրագույն հրաման ունեն. կառավարական զորքերը, ըստ այդ հրամանի, մուսուլման ամբոխի հետ մեկտեղ թալանել ու ավերել են Տիվրիկի, Շապին-Գարահիսարի, Ակնի և Արաբկիրի շրջակա բոլոր գյուղերը, այդ թվում՝ բազմաթիվ եկեղեցիներ` «ջարդ ու փշուր անելով» սրբապատկերները, ջահերն ու խորանները: Վանի նահանգից «Արարատ»-ի թղթակիցը հայտնում է, թե ինչպես են զինվորներն ու քրդերի խմբերը ձուլելու համար քաղաքներ տեղափոխել նահանգի բազմաթիվ վանքերից ու եկեղեցիներից կողոպտված եկեղեցական սպասքը, հնագույն ձեռագրերի արծաթե կազմերը, թանկարժեք շուրջառները: Ըստ 1896թ. տեղեկագրերից մեկի`
«Նարեկայ վանուց մէջը գտնուած կենաց Փայտի մասունքն եւ ուրիշ զանազան մասունքներն ալ գերուեցան. իսկ Սբ. Գրիգոր Նարեկացիի գերեզմանն ալ խորտակուեցաւ: Այսօր զօրքեր եւ ուրիշ թիւրք կամ քիւրդ աւարառուներն կը բերեն ու կը ծախեն կամ ջարդել (ձուլել) կը տան արծաթեայ եւ ոսկեայ ծանրակշիռ սկիհներ, խաչեր, գաւազաններ, թագեր, բուրվառներ, արծաթապատ կամ ոսկեպատ աւետարաններ եւ այլն»:
«Ուրֆա. հրկիզված եկեղեցու սրահը»
խորագիրը կրող մատիտանկար`
արված համիդյան կոտորածների ականատես,
ամերիկացի միսիոներ Ռենդել Հարիսի կողմից, 1897 թ.
Լուսանկարի աղբյուրը` J. Rendel Harris and B. Helen Harris,
Letters from the Scenes of the Recent Massacres in Armenia,
London: James Nisbet& Co., 1897.
Կողոպուտին ու ավերածություններին թուրքական զորքերի գործուն մասնակցության մասին է վկայում նաև դեպքերի ականատես, Այնթափում ամերիկացի միսիոներ և քարոզիչ Էդվին Բլիսը՝ հաղորդելով, որ թալանից հետո թուրքական զորքերն իրենց հետ բերված նավթով հրկիզել են բազմաթիվ տներ, եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ ու խանութներ: Չկարողանալով հրկիզման միջոցով ոչնչացնել մեծ ու քարաշեն եկեղեցիները՝ նրանք դիմել են այլ միջոցների: Որոշ եկեղեցիներ փոխակերպվել են մզկիթների, այլ եկեղեցիներ՝ անարգվել, սուրբ գրքերը՝ բաժան-բաժան արվել: Հաճախ հատկապես քաղաքներում, մզկիթները դարձնելով հենակետեր, զինվորները կրակ են բացել վանքերի ու եկեղեցիների վրա: Այսպես, Դիարբեքիրում Ֆրանսիայի փոխհյուպատոս Գուստավ Մեյրիեն, լինելով թուրքական գազանությունների ականատեսը, 1895թ. դեկտեմբերի 18-ի թվակիր իր զեկուցագրում գրում է.
«Կիրակի օրը` կեսօրվա ժամը երեքին իմ լուսամուտից տեսա, ինչպես բոլորը կարող էին տեսնել, զինվորների, զափթիեների, քրդերի և մուսուլմանների, որոնք միասին տանիքներից ու մինարեթներից կրակ էին բացել հայ լուսավորչական եկեղեցու վրա»:
Կոտորածների ընթացքում, հիմնականում քաղաքներում, մեծ թվով հոգևոր- մշակութային հաստատություններ զինվորներն ավերել են հատուկ այդ նպատակով բերված հրետանու օգնությամբ: 1895թ. Մարաշում (Հալեպի նահանգ) կենտրոնացնելով երեք թնդանոթ և նույնքան գնդացիր` զինվորները ռմբակոծել են Ս. Գևորգ եկեղեցին, որբանոցն ու զորանոցը: Խարբերդի, Հուսեյնիկի և Մեզրեի ուղղությամբ երկուական հրանոթ կենտրոնացնելով՝ զինվորներն ավերակների են վերածել ազգային հաստատությունների մեծ մասը: Այս մասին է վկայում նաև թուրքական կառավարության կողմից Մարզվանից վտարված բողոքական քարոզիչ Ջորջ Ֆիլյանը, ով, վկայակոչելով մուսուլման մի սպայի, գրում է, որ «Խարբերդ քաղաքի Վերին թաղի գրիգորյանների (լուսավորչականների) ու միսիոներների դպրոցները, եկեղեցիներն ու տները հրկիզվել էին թնդանոթների միջոցով»: Ի դեպ, ավերածություններից զերծ չեն մնացել անգամ միսիոներական մշակութային հաստատությունները, որոնք ևս մեծ թիվ են կազմել:
Այսպիսով, կանոնավոր զորքերի այսչափ գործուն մասնակցությունը հայկական մշակութային հաստատությունների կողոպտմանն ու ավերմանը, նրանց գործողությունների բացարձակ ազատությունն ու անպատժելիությունը ևս մեկ անգամ անուղղակիորեն փաստում են այդ գործընթացի կազմակերպումն ու իրագործումը պետական քաղաքականության մակարդակով:
Կոտորածների ընթացքում հայկական վանքերն ու եկեղեցիները հաճախ օգտագործվել են որպես հավաքատեղի սպանության, կանանց անարգման կամ ողջակիզման համար: Հայկական հոգևոր հաստատությունների պղծման այս եղանակը, թերևս, մահմեդական մոլեռանդության այն բազմաբնույթ դրսևորումներից է, որն ուղեկցվել է 1894-96թթ. կոտորածների ողջ ընթացքում: Ավելին, հուշարձանի պղծումն ու ոչնչացումը նման եղանակով ոճրագործների կողմից դիտվել է որպես խորհրդանշական զոհաբերության գործողություն, որը կոչված է խորագույն անարգանք հասցնել զոհ էթնիկ հանրության հոգևոր զգացումներին և ավանդույթներին: Ասվածի վառ ապացույցը, թերևս, Ուրֆայի (Հալեպի նահանգ) Մայր տաճարի հրկիզումն է: Ականատեսներից մեկի վկայությամբ` 1895թ. դեկտեմբերի 29-ի կեսօրին Ուրֆայում թուրքերը, խմբվելով Մայր տաճարի առջև, որտեղ ապաստանել էր շուրջ 3.000 հայ՝ հիմնականում կանայք ու երեխաներ, կոտրում են եկեղեցու դուռը, ներս խուժում, սակայն տեսնելով, որ շատ ժամանակ կկորցնեն հայերին մեկ առ մեկ սպանելու համար, եկեղեցու բակում դրված 50 արկղ նավթը լցնում են Մայր տաճարի վրա՝ հրի ճարակ դարձնելով այն, միաժամանակ ողջակիզելով այնտեղ ապաստանած բնակչությանը: Օսմանյան կայսրությունում Մեծ Բրիտանիայի փոխհյուպատոս Ջ. Հ. Ֆիցմորիսի՝ Կ. Պոլսում Անգլիայի դեսպան Ֆիլիպ Քերիին հղած՝ 1896թ. մարտի 16-ի թվակիր պաշտոնական տեղեկագրում Ուրֆայի եկեղեցու հրկիզումը որակվում է որպես.
«արարք մը որ իր հրէշային բարբարոսութեամբ անգերազանցելի կը մնայ վերջին հայկական կոտորածներու սարսափներէն որեւէ մէկէն, և որուն նման քանի մը դէպքեր հազիւ կարելի է գտնել պատմութեան տարեգրութեանց մէջ… անոնք կը կողոպտեն եկեղեցւոյ գանձը, խորանները եւ զարդերը, 4,000 թրքական ոսկի արժէքով, կը քանդեն ու կը փճացնեն նկարներն ու նշխարները»:
Ի դեպ, համիդյան, ապա նաև 1909թ. Ադանայի ու հարակից շրջանների կոտորածների ընթացքում մարդկանց զանգվածային ողջակիզման նմանօրինակ դեպքերն են հիմք ստեղծել, որպեսզի ամերիկյան ու արևմտյան հրապարակումներում շրջանառության մեջ դրվի «Հոլոքոստ» բառեզրը՝ որպես բնորոշիչ նորագույն ժամանակների զանգվածային կոտորածների:
Նույն սկզբունքով են ոչնչացվել նաև Բուզսու գյուղի (Խարբերդի նահանգ) եկեղեցին, Դիարբեքիր քաղաքին ամենամոտը գտնվող Ալի-Փունար գյուղի Ս. Աստվածածին և Գըթրպիլի Ս. Թումայի եկեղեցիները: Վերջինիս պարագայում, սակայն, թուրքերը, չկարողանալով կոտրել եկեղեցու դուռը, բարձրացել են տանիք, քանդել այն՝ ցած նետելով այրված գերանները: Մեկ այլ դեպքում՝ Տալվորիկ գյուղի (Սասունի գավառակ) բնակչության՝ 1894թ. կոտորածի ժամանակ, թուրքերը, հավաքելով 600 կին, լցրել են եկեղեցին. նրանցից հիսունին` առավել գեղեցիկներին, առանձնացրել են, մյուսներին` թողել զորքերի ու քրդերի քմահաճույքին: Կանանց անարգելուց հետո կոտորել են, իսկ եկեղեցին քանդել հրանոթի կրակոցներով:
Ատելության ու մոլեռանդության դրսևորումներն առանձնակի ընդգծված են եղել հայերի հոգևոր հաստատությունները պղծելու և ավերածությունների ենթարկելու թուրքական վարքագծում, որը հաճախ դրսևորվել է կոնկրետ խորհրդանշական գործողություններով, ինչպիսիք են օրինակ` խաչի ու զանգի տապալումը, եկեղեցական, սրբազան իրերի պղծումը և այլն: Դրանով իսկ թուրքերը ցանկացել են ավելի նսեմացնել թիրախ դարձած էթնիկ հանրության դավանական զգացումները: Նմանօրինակ գործողությունների ուղեկցությամբ 1895թ. ընթացքում ավերվել են հայկական բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ: Հուսեյնիկում (Խարբերդի նահանգ), ոճրագործները, իջեցնելով հայկական եկեղեցու զանգը, գլորելով այն տարել են գետափ ու նետել ջուրը: Մալաթիա քաղաքի յոթ եկեղեցիներն ամայացրել են ու ավերել` ավետարաններն ու մյուս սուրբ գրքերը պատառոտելուց և խորանները պղծելուց հետո: Գուրլե գյուղում (Իզմիթի գավառակ) բաշիբոզուկները լցվել են եկեղեցի, ավերածություններ արել, ավետարանի կազմի վրայից պոկել են արծաթյա խաչը, ավետարանը նետել արտաքնոց: Լուսոնք և Ալմեղքա գյուղերի (Էրզրումի նահանգ, Բաբերդի գավառ) եկեղեցիները կողոպտելուց հետո դրանք պղծել են «աղտեղութիւններով»: Համընդհանուր ավերումից ու պղծումից զերծ չեն մնացել նաև հայկական գերեզմանոցները: Շատ դեպքերում ոճրագործները, եկեղեցական հագուստներ հագնելով, նմանակման միջոցով փորձել են ծաղրել քրիստոնեական հավատքն ու եկեղեցու խորհուրդը: Ուրֆայի Մայր տաճարի ավերումն ուղեկցվել է քրիստոնյաներին ու հայ հոգևորականությանն ուղղված բացահայտ ծաղրանքներով ու հայհոյանքներով: Ականատեսներից մեկի վկայությամբ.
«ոմանք սրբազան անօթներու մէջ կապականեն և ոմանք եկեղեցական զգեստները ծաղր ու ծանակ կընեն…Մին Կենաց փայտի խաչատուփը և սուրբ միւռոնի ոսկեայ աղաւնին կը գրպանէ, և միւսը եպիսկոպոսական թագը հագած միմոսութիւններ կընէ: Ոմանք խաչերը ոտքով կը փշրեն և այլք քահանայական սաղաւարտները և զգեստները հագած ծաղրածութիւններ կընեն»:
Գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական, միսիոներ Յոհաննես Լեփսիուսը, ով 1896թ. գարնանը շրջել է Փոքր Ասիայում և վկայություններ հավաքել կոտորածների ականատեսներից, գրում է.
«Երզնկայի մեջ, հայ կաթոլիկ եկեղեցին հասարակաց ճեմիշի (արտաքնոցի) վերածեցին: Հիւսնիմանսուրի մեջ եկեղեցին փլուեցաւ և սկիհը ճեմիշ նետեցին, ժանտարմները ծիսական հանդերձները հագան և հայհոյութիւններով պատարագը ծաղրեցին»:
Հաճախ հոգևոր հաստատությունը պղծելուց հետո գազազած ամբոխը ոչնչացրել է նաև բազմադարյան վանքերի ու եկեղեցիների սրբապատկերները, զարդաքանդակներն ու խաչքարերը, հրկիզել ազգային հաստատությունները: 1895թ. միայն Բաբերդում ու շրջակայքում կողոպտվել ու հրկիզվել է 36 եկեղեցի, Երզնկայի գավառում` 12 վանք , Սպարկերտում հիմնահատակ ավերվել են բոլոր եկեղեցիներն ու վանքերը, իսկ դրանց մի մասը վերափոխվել է մզկիթի:
1894-96թթ. կոտորածների ու ավերածությունների քաղաքականությունը թեև ուղղված է եղել հիմնականում հայերի դեմ, այդուհանդերձ դրանից զերծ չեն մնացել նաև ասորիներն ու նրանց ազգային հաստատությունները: 1898թ. Վանի ռուսական փոխհյուպատոս Վլ. Մաևսկին, վկայակոչելով նեստորական ասորի վերապրածներից մեկի՝ մելիք Աբդիշոյի պատմածը, գրում է, որ 1896թ. կոտորածների ժամանակ ասորիները ևս մեծ կորուստներ են ունեցել, և որ բազմաթիվ շինությունների հետ մեկտեղ քարուքանդ են արվել նաև ասորական եկեղեցիները:
Համիդյան կոտորածների ընթացքում հայկական վանքերի ու եկեղեցիների ոչնչացման առավել հաճախ և կրկնվող եղանակներից է եղել նաև դրանց փոխակերպումը մզկիթների: Հուշարձանների ոչնչացման այս եղանակը դարձյալ ուղեկցվել է ծիսական-կրոնական արարողակարգային այնպիսի տարրերով, ինչպիսիք են՝ մուսուլման հոգևորականի կողմից խաչի ու զանգի տապալումը և ազանի կոչը զանգակատնից, հայ հոգևորականին բռնի ու հրապարակայնորեն մուսուլմանացնելը և այլն: Հարկ է նշել, որ այլատյացության նմանատիպ դրսևորումները հաճախ խրախուսվել կամ ուղղորդվել են հենց թուրք պաշտոնյաների կողմից, ովքեր, թերևս, իրենց վարքագծով փորձել են օրինակ ծառայել մահմեդական զանգվածների համար: Այսպես, Ուրֆայի կոտորածի կազմակերպիչներից մեկը՝ Հուսեյն փաշան, ով բազմիցս երդվել էր, որ եկեղեցին գրավելուն պես ազանի կոչն այնտեղ պետք է հնչեցնի, 1895թ. դեկտեմբերի 17-ի վաղ առավոտյան` հարձակումից առաջ, անձամբ է եկել եկեղեցի՝ արարողությանը ներկա գտնվելու ցանկությամբ :
Հայերի ու նրանց ազգային-մշակութային հաստատությունների հանդեպ կույր ատելության համատարած երևույթի հետ մեկտեղ եղել են նաև բացառություններ: Համիդյան կոտորածների տարիներին, ի տարբերություն Վանի շրջակա գյուղերի սրբավայրերի, որոնց մեծ մասը հրկիզվել է ու ավերվել, բուն քաղաքը (թե´ բնակչությունը և թե´ շինությունները) համեմատաբար քիչ է տուժել` շնորհիվ չերքեզ հազարապետ Էմին բեկի: Նույն կերպ և Մոկսի գավառապետ Մահմուդ-զադե-Բեյդուլլահ-բեյը, ով կոտորածի սկզբին բացակայել էր Մոկսից, Վանից շտապ վերադարձել է ու կանխել տեղի հայության կոտորածներն ու ավերածությունները: Ուչքիլիսեի (գյուղ Բայազետի գավառում) Ս. Հովհաննու վանքն ու շրջակա գյուղերն ավերումից խուսափել են շնորհիվ հայդարանցի Մուստաֆա բեկի, որին օգնել են Միրվա և Նադի աղաները: 1895-96թթ. շնորհիվ մի ազդեցիկ թուրքի՝ Զապիթա Մեմուրուի, ջարդերից ու ավերածություններից խուսափել է նաև Չմշկածագ քաղաքը (Խարբերդի նահանգ), թեև քրդերին հաջողվել է թալանել ու ավերել դրա շրջակա գյուղերի հայերին պատկանող տներն ու եկեղեցիները (առավել մեծ վնասներ են կրել Միատուն, Մուռնա, Բասաբուն, Բեդրեթիլ գյուղերը):
Այսպիսով, չնայած վերը նշված ազդեցիկ դեմքերի միջամտություններին, այնուամենայնիվ, 1894-96թթ. թե´ Վանի և թե´ հատկապես Խարբերդի նահանգներում հայկական մշակութային արժեքների կորուստը զգալի է եղել: Ըստ սկզբնաղբյուրներից մեկի` Վանի նահանգի միայն ութ շրջաններում հաշվել են 125 կողոպտված, ավերված եկեղեցիներ ու վանքեր: Ինչ վերաբերում է Խարբերդին, ապա թալանն ու ավերածությունները ներառել են նահանգի գրեթե բոլոր բնակավայրերը: Կ. Պոլսի հայոց պատրիարքարանին ուղղված 1895թ. դեկտեմբերի 14-ի թվակիր մի նամակից տեղեկանում ենք, որ Խարբերդի վիլայեթում կոտորածն սկսվել է հին տոմարով հոկտեմբերի 10-ին Բերդակ գյուղի (Չարսանջակի գավառ) վրա տեղի ունեցած հարձակումով և տարածվել շրջակա գյուղերում. գրեթե ամենուր ազգային հաստատությունները՝ վանքերը, եկեղեցիները, պղծվել են ու հրկիզվել, իսկ քահանաներն ու ուսուցիչները կոտորվել են առանձնակի դաժանությամբ: 1895թ. Խարբերդի կոտորածից զերծ մնացած եզակի բնակավայրերից էր Ակն քաղաքը: Սակայն արդեն 1896թ. սեպտեմբերին այն ավերելու համար Երզնկայից զորք է բերվել: Վերին թաղը, որը զուտ հայաբնակ էր, ամբողջովին ավերվել է, այդ թվում և Ս. Աստվածածին եկեղեցին: Ըստ Բլիսի հաղորդման` միայն 1895թ. հոկտեմբերի ջարդերից հետո Խարբերդի նահանգի բնակավայրերում հաշվվել է 211 ավերված եկեղեցի, վանք ու դպրոց, որոնցից 108-ը՝ Խարբերդ քաղաքում և շրջակա 59 գյուղերում, 19-ը՝ Արաբկիրում և շրջակա գյուղերում, 38-ը՝ Ակնում և շրջակայքում, 6-ը՝ Կապան-Մադենի գավառակում, 13-ը՝ Մալաթիայում և շրջակայքում, 27-ը՝ Դերսիմի գավառում: Հայր Շարմետանի հաղորդած տվյալների համաձայն` Խարբերդի թեմի շուրջ 60 գյուղերում 1896թ. փետրվարի դրությամբ գործող որևէ հոգևոր կամ ուսումնական հաստատություն չի եղել:
1894-1896թթ. տեղի ունեցած հայկական մշակութային արժեքների ոչնչացումը ներառել է նաև հարյուրավոր ձեռագրատներ ու գրապահոցներ, որոնք պարունակել են հնագույն ձեռագրամատյանների եզակի նմուշներ: Անշուշտ, համիդյան կոտորածների հետևանքով հայկական ձեռագրական կորստի անգամ մոտավոր պատկերը ստանալը գրեթե անհնար է: Պատճառը մի կողմից՝ կոտորածներին նախորդող տարիներին Օսմանյան կայսրությունում, մասնավորապես Արևմտյան Հայաստանում, պահպանված հայկական ձեռագրերին վերաբերող ամբողջական տվյալների, իսկ մյուս կողմից՝ կոտորածների ընթացքում ոչնչացված ձեռագրերի ու տպագիր մատյանների ցուցակների բացակայությունն է, անգամ գավառների կտրվածքով: Ինչ վերաբերում է կոտորածները նկարագրող տեղեկագրերին ու զեկուցագրերին, ապա դրանք ավելի հաճախ լուսաբանում են մարդկային կորուստները` մասամբ անդրադառնալով մշակութային հաստատությունների ոչնչացմանը, սրբավայրերի պղծմանը, երբեմն նաև ձեռագրերի ոչնչացման եղանակներին: Այդուհանդերձ, հաշվի առնելով համիդյան կոտորածների ընթացքում կողոպտված ու հրկիզված վանքերի ու եկեղեցիների մեծ թվաքանակն ու այն հանգամանքը, որ այդ տարիներին չի եղել կրոնական որևէ հաստատություն, որում նվազագույնը 10 կամ ավելի հնագույն ձեռագրերի նմուշներ չպահվեին , կարելի է ընդամենը մոտավոր պատկերացում կազմել մշակութային այդ արժեքների ոչնչացման ծավալների մասին: Այս հարցում մեզ օգնության են գալիս կոտորածների ականատեսների հուշագրություններն ու տեղեկագրերը, որոնցում եզակի վկայություններ կան առանձին ձեռագրապահոցների կամ գրադարանների ոչնչացման մասին: Այսպես, 1895թ. Ուրֆայի Մայր տաճարի հրկիզումից առաջ թուրքերն ամբողջովին կողոպտել են ու ոչնչացրել նաև եկեղեցու գրապահոցը: Խիզանի (Բիթլիսի նահանգ) Ս. Խաչ վանքում ապաստանած հայերից միակ վերապրողը եղել է շուրջ 1.000 հնատիպ գրքեր ու ձեռագրեր պարունակող գրապահոցի ոչնչացման ականատեսը: 1895թ. թուրքերը Մարաշի Ս. Գևորգ եկեղեցու հրկիզման ժամանակ ոչնչացրել են նաև եկեղեցուն կից խցում պահվող մագաղաթյա ստվար հատորները, որոնք Հայսմավուրք, Ժամագիրք և եկեղեցական գրչագիր այլ մատյաններ են եղել: 1895թ. մեծ կորուստներ է կրել նաև Վարագավանքի գրապահոց-թանգարանը:
Այսպիսով, այսօրինակ եզակի վկայությունները, թեև թույլ չեն տալիս մեզ ամբողջական պատկերացում կազմել տվյալ ձեռագրատանը կամ թանգարանում պահվող ձեռագրերի քանակի ու դրանց ոչնչացման իրական ծավալների մասին, այդուհանդերձ փաստում են, որ համիդյան կոտորածների տարիներին հայկական մշակութային այլ արժեքների հետ զուգահեռ տեղի է ունեցել նաև ձեռագրական ժառանգության զանգվածային ոչնչացում:
Ինչպես արդեն նշվել է, հայկական եկեղեցիներն ու վանքերը միայն աղոթատեղիներ չեն եղել, եկեղեցու շուրջն է ձևավորվել արևմտահայ հոգևոր-մշակութային կյանքը, քաղաքական պայմանների բերումով եկեղեցուն կից և նրա հովանու ներքո են հիմնվել արևմտահայ առաջին կրթօջախները: Այս իմաստով կրթական հաստատությունները ևս կդիտարկենք որպես հայկական մշակութային արժեքների բաղադրիչ մաս:
1894-96թթ. համիդյան կոտորածները լրջորեն խաթարեցին նաև արևմտահայ կրթամշակութային կյանքի զարգացման բնականոն ընթացքը: 1895թ. կառավարության հրամանով գրեթե բոլոր նահանգներում հայկական դպրոցները փակվեցին և ավելի քան մեկ տարի դադարեցին գործել: Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի պահանջով Տրապիզոնի տեր Ղևոնդ քահանայի կողմից 1896թ. կազմված տեղեկագրում մասնավորապես նշվում է. «Տրապիզոնի արեւելեան գիւղերը, որոնք կրթական մեծ յառաջդիմութիւն ունէին, այժմ միայն 2 դպրոց եւ 2 ուսուցիչ ունին 90 աշակերտներով: Արեւմտեան կողմի գիւղերու բոլոր դպրոցները գոց են…»: 1894-96թթ. կողոպտվել, ավերվել ու հրկիզվել են հարյուրավոր կրթօջախներ: Որոշ դեպքերում ժանդարմներն այրել են նաև վարժարաններին տրված արտոնագրերը` այդ կերպ լիովին բացառելով տվյալ հաստատության գոյությունը: Ի տարբերություն վանքերի ու եկեղեցիների՝ ազգային կրթօջախների կրած վնասներն ու ավերածություններն ամփոփող որևէ տեղեկագիր, անգամ գավառների կտրվածքով, մեզ չի հասել: Մ. Իզմիրլյանի արխիվից դուրս բերված տվյալները վերաբերում են միայն հայ բողոքական վարժարաններին, որոնց համաձայն՝ ավերվել է ութ, հրկիզվել` մեկ, զորանոցի վերածվել` մեկ վարժարան, մինչդեռ հայ լուսավորչական ու կաթոլիկ համայնքներին պատկանող կրթական հաստատությունների կրած կորուստներն ավելի զգալի են եղել:
Այսպիսով, 1894-96թթ. հայկական մշակութային արժեքների ոչնչացման համիդյան քաղաքականությունը ներառել է Օսմանյան կայսրության 11 վարչական միավորներ, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթները (Էրզրում, Վան, Բիթլիս, Սվազ, Խարբերդ, Դիարբեքիր, Տրապիզոն, Հալեպ, Ադանա, Իզմիթ, Անգորա): 1896-1907թթ. Կ. Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը, 1895թ. կոտորածների ընթացքը բաժանելով երեք ուղղությունների` 1. Տրապիզոնից Գյումուշխանե, Բաբերդ, Դերջան, Կարին, Բասեն, Բայազեդ, Քղի, Կամախ, Երզնկա, Արճեշ, Ալջավազ, Վան, Շատախ, Կարճկան, Սղերդ, Բաղեշ, Խիզան, Մուշ, Սասուն 2. Սամսոնից Ամասիա, Մարզվան, Եվդոկիա, Սեբաստիա, Նիկոպոլիս, Զիլե, Կեսարիա, Խարբերդ, Ակն, Արաբկիր, Եդեսիա, Պիրեջիկ, Սևերեկ, Բալու, Դիարբեքիր, 3. Կիլիկիո թեմ` Կյուրին Ալպստան, Հաճըն, Գերմանիկ, Մելիտինե, Ադանա, Տարսոն, Մերսին, Չոքմարզվան, Եէնիջեքալե, Այնթափ, Բերիա, Իսկենդերուն, Անտիոք, գրում է, որ նշված թեմերը և քաղաքների շուրջը գտնվող գյուղերից և ոչ մեկը չի խուսափել արհավիրքից և միաժամանակ մանրամասնում է.
«Այդ սահմաններու մէջ վանք չէ եղած, որ անձեռնմխելի մնացած ըլլայ, եկեղեցի չէ մնացած, որ կա´մ քանդուած կա´մ պղծուած կա´մ մզկիթի փոխարկուած չըլլայ. եկեղեցւոյ զարդ եւ սպաս բոլորովին անհետացած է, եկեղեցական պաշտամունք իսպառ դադարած են, քահանայական դասակարգէն կէսէն ավելին սպանուած և մնացածն ալ կրօնափոխութեամբ ազատած է »:
Ավելին, վերոնշյալ նահանգներում ավերածությունները հաճախ ներառել են ամբողջ թաղամասեր կամ գյուղեր: Ըստ ամերիկացի միսիոներ Ֆ. Գրինի վկայության` 1894-96թթ. կոտորածների արդյունքում 3.300 հայկական գյուղերից 2.500-ը ավերվել է : Համիդյան կոտորածների հետևանքներն ամփոփող տեղեկագրերից ուշագրավ է հատկապես վիճակագրական եզակի աղյուսակը` կցված 1896թ. փետրվարին Բարձր դռանը ներկայացված «Վեց մեծ տերությունների դեսպանների կոլեկտիվ նոտային» : Այդ տվյալների համաձայն` կայսրության 11 վարչական միավորներում 1895թ. թալանվել ու ավերվել են 2493 բնակավայր, 570 եկեղեցի , 76 վանք , 328 քրիստոնեական եկեղեցի վերածվել է մզկիթի, 191 հոգևորական ու քարոզիչ դաժանաբար սպանվել է, որից 12-ը` բարձրաստիճան հոգևորականներ: Թեև տեղեկագրում իրականությունն արտացոլված է մասնակիորեն, բացակայում է մասնավորապես ավերված հայկական կրթօջախների թվաքանակը, որոնք ևս զգալի թիվ են կազմել, այդուհանդերձ հնարավորություն է ընձեռում թալանի ու ավերածությունների ծավալները պատկերացնելու համար: Այս առումով կարևոր է նաև Կ. Պոլսի հայոց պատրիարք Մ. Իզմիրլյանի կազմած վիճակագրությունը, ըստ որի նշված ժամանակահատվածում հայ լուսավորչական հուշարձաններից կողոպտվել են 791 եկեղեցի, 85 վանք, քանդվել` 157 եկեղեցի, 26 վանք, հրկիզվել` 50 եկեղեցի, 9 վանք, մզկիթի վերածվել` 48 եկեղեցի, 10 վանք, հայ բողոքական ժողովարաններից քանդվել է 11-ը, հրկիզվել՝ 19-ը, մզկիթի վերածվել՝ 1-ը, զորանոցի՝ 1-ը, հայ կաթոլիկ եկեղեցիներից կողոպտվել է 4-ը, ավերվել՝ 2-ը, մզկիթի վերածվել՝ 1-ը :
Այս ամենից հետո ժամանակի մայրաքաղաքի թերթերը, որպես պաշտոնական տեղեկատվություն, գրել են, որ «բարձրագոյն իրադէով յանձնախումբ մը կազմւած է», որը պետք է հանգանակություն կազմակերպեր և հավաքված գումարով կառուցեր ու նորոգեր այն մզկիթները, որոնք վերջին շրջանում քանդվել էին ու վնասվել Անատոլիայում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով : Ի պատասխան այդ կեղծիքի` 1896թ. Կ. Պոլսի հայոց պատրիարքն իր «Թաքրիր»-ով Բարձր դռանը հայտնում էր, որ «այդ պաշտօնական ծանուցումը բոլորովին սխալ է: Քանդւածներն ու վնասւածները հայոց սրբարաններն են, թւով 400-էն աւելի. իսկ մզկիթ ըլլալով, մէկ հատ միայն կայ, Արաբկիրի մէջ մզկիթ մը, որ հայոց թաղին կից ըլլալով, այրած է կրակի տրւած հայոց տուներուն հետ» :
Պատրիարքարանի այս «Թաքրիրը», սակայն, մնացել է անպատասխան : Արաբկիր քաղաքի ընդհանուր հրդեհի ընթացքում միակ մզկիթի հրկիզման մասին վկայություն կա նաև 1897թ. «Հնչակ» թերթում հրապարակված` «Արաբկիրի անլուր կոտորածը» խորագրով տեղեկագրում, ըստ որի` քաղաքի հայկական երեք եկեղեցիները և բազմաթիվ դպրոցներ այրվել են, բացառությամբ Մայր տաճարի և առաջնորդարանի, որոնք ամբողջովին կողոպտված են և կիսավեր. «…քաղաքի շուկան ծայրէ իծայր այրուած է մէջտեղի մզկիթով մէկտեղ»:
Այսպիսով, 1894-96թթ. համիդյան կոտորածների ընթացքում իրագործված հայկական մշակութային արժեքների զանգվածային ոչնչացումը, անկասկած, արևմտահայության բնաջնջման պետական քաղաքականության բաղկացուցիչ մաս է կազմել: Հայկական մշակութային արժեքները թալանվելուց ու պղծվելուց հետո ավելի հաճախ ոչնչացվել են հրկիզումների, հատուկ այդ նպատակով բերված հրետանու միջոցով, մզկիթների փոխակերպման, պարզապես ավերածությունների իրագործման տարատեսակ եղանակներով:
Ցեղասպանագիտական հանդես, 2 (1), Երևան, 2014թ.
Սեդա Պարսամյան