Հայաստանը տրածաշրջանի թատերաբեմ է դարձել, որտեղ հայ-ադրբերաջանական հակամարտության հիմքում տեղի են ունենում գլխավոր խաղացող տերությունների դիրքերի վերադասավորումներ: Այդ համատեքստում մենք էլ մեր ներքաղաքական խնդիրներն ենք փորձում լուծել, թեեւ ակնհայտ է, որ ինչպիսի ղեկավար էլ ունենանք, մոտ պագայում Հայաստանի հետ հաշվի նստողներ այսուհետեւ չեն լինելու:
Ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի, նոր մարտահրավերների ու սպառնացող վտանգների մասին «Ազգ»-ի զրույցը քաղաքական վերլուծաբան, հասարակական գործիչ, հրապարակագիր, Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանի հետ է:
– Պարոն Ազատյան, հայաստանյան քաղաքական իրադարձությունները դրսիցՙ Սփյուռքից, ձեր դեպքումՙ ԱՄՆ-ից, ինչպե՞ս են ընկալվում, ի՞նչ արձագանք են ստանում: Հիմա Հայաստանում եք. այդ ընկալումներն ու արձագանքները այստեղից ինչպիսի՞ն են:
– Սփյուռքից գալով Հայաստանՙ այստեղի քաղաքական պատկերը, հանձինս քաղաքական գործիչների, դիմագիծ է ստանումՙ իրենց կողմնորոշումներով ու տեսակետներով: Ներսում պատկերը բոլորովին այլ է, իսկ Սփյուռքում նման ընկալումներ ստանալը հնարավոր չէ, որովհետեւ իրադրությանը կարող ենք հետեւել միայն հեռվից հեռուՙ լուրերի միջոցով: Սփյուռքն այդ տեսակետից հայաստանյան իրադարձությունների բազկերակից հեռու է, հետեւաբար, հնարավոր է ավելի սառը դատողություններ անել, որոնք հրատարակվում են, օրինակ, ՌԱԿ «Պայքար», Mirror-Spectator, «Ազգ» եւ մեր մյուս թերթերում:
Հայաստանով հետաքրքրվելը հիվանդություն է, եթե տառապում ես այդ հիվանդությամբ, ուրեմն այն անբուժելի է:
Հայաստան գալովՙ տեսա, որ մարդիկ ամբողջովին ընդգրկված են ընտրապայքարի մեջ, կենաց եւ մահու կռիվ են մղում. սա մեզ համար մի քիչ անհասկանալի իրավիճակ է: Այս մեկ տարվա իրադարձությունները, որ վերջին մեկ դարվա տագնապների խտացումն էին, պատերազմի պարտությունը, հազարավոր զոհերն ու իրենց վերքերը դեռ չբուժած վիրավորներըՙ մի կողմ, ժողովուրդը խելակորույս կերպով մտել է պայքարի մեջ: Դրսի աչքի համար սա անհասկանալի ու տարօրինակ պատկեր է, բայց ներսում գտնվելովՙ պարզ է դառնում, որ Հայաստանում կենսական նշանակություն ունեցող դեպքեր են տեղի ունենում:
Հունիսի 20-ին Հայաստանի ճակատագիրը պետք է վճռվի. ժողովուրդն արմագեդոնի մթնոլորտում է ապրում:
– Հայաստանում լարված, ագրեսիվ, անհանդուրժողականության ու ատելության մթնոլորտ է տիրում: Սփյուռքին այդ ազդակները հասնո՞ւմ են:
– Մենք եղածից դասեր չենք քաղել, կողք կողքի չենք կանգնում, որպեսզի թշնամու դեմ միասնաբար պայքար մղենք: Թշնամին, դժբախտաբար, Հայաստանի սահմանների վրա է, վաղը նորից է հարվածելու. ու սա ոչ թե ենթադրությունն է, այլ իրական փաստ:
Վերջին երկու-երեք տարում Ալիեւի, Էրդողանի հայտարարույունները մակերեսորեն ընդունվեցին, մինչդեռ նրանք շատ լուրջ էին տրամադրված. եւ հետեւանքը մենք տեսնում ենք: Նրանք պատմական առաքելություն ունեն, որը պետք է կատարենՙ Հայաստանը քարտեզի վրայից ջնջելու գնով: Այս պայթյունավտանգ իրավիճակում ընտրություններ անցկացնելն աբսուրդ է: Մեկը մուրճն է վերցրել, մյուսը դիմացինին ջախջախել է ուզում, մինչդեռ երկիրն է ջախջախվել ու շարունակում է ջախջախվել:
Հայաստանից տարբեր երկրներ տեղափողված հայերի շրջանում, այսինքնՙ ոչ ավանդական Սփյուռքում, նույն հայաստանյան պատկերն է: Ինչպես Հայաստանն է բաժանված քոչարյանական ու փաշինյանական ճակատների, նույն բաժանումն այնտեղ է: Հայաստանյան Սփյուռքն անընդհատ հետեւում է այստեղի իրադարձություններին, որովհետեւ նրանց հարազատներն այստեղ են ապրում, եւ անմիջականորեն տեղյակ են իրավիճակին:
Իսկ ավանդական Սփյուռքն այդ աստիճանի տեղեկացված չէ, հեռակա կարգով է իրավիճակին ծանոթանում, եւ, բնականաբար, անմիջական մասնակցություն չունի:
– Որպես վերլուծաբանՙ այս ամենից ի՞նչ հետեւություններ եք արել, սկիզբն ի՞նչ էր, եւ վերջաբանն ի՞նչ պետք է լիներ:
– Փաշինյանից ու նրա թիմից մենք այսքան ժամանակ ամեն ինչի ապազգայնացման քաղաքականություն տեսանք: Պայքարՙ եկեղեցու, լեզվի, սեփական մշակույթի, արժեքների դեմ: Ու դա արվում էր մտածված, միտումնավոր: Եթե եկեղեցին խնդրո առարկա է դառնում, ուրեմն, անկասկած, ընդհանուր արժեհամակարգն է արատավոր: Եթե մենք ներքուստ խարխլված ենք, մեր ընտանեկան, ազգային արժեքները խարխլում ենք, դրսի ուժերի ներգործությունն, անշուշտ, շատ դյուրին է դառնում: Պատմությունը կրկնվում է. հիշենք Առաջին հանրապետության, Կիլիկյան թագավորության շրջանները: Թշնամու ազդեցության հետեւանքներն անդառնալի են, երբ մենք պառակտված ենք, մեր ազգային արժեքները, ինքնությունը հենց մենք ենք ոտնահարում:
– Անհերքելի է, որ դրսի ուժերը, մեր երկրում գործիքներ ունենալով, խարխլում են Հայաստանի հիմերը, ջանում ոչնչացնել մեզ: Եվ այդ քաղաքականության հերթական քայլը Հայաստանում քաոս ստեղծելն է, ինչի ականատեսն ու վկան ենք բոլորս: Ձեր կանխատեսումներովՙ ի՞նչ հետեւանքներ կունենա այս ամենը:
– Չեմ բացառում, որ բախումներ կլինեն: Միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Էդմոն Մարուքյանի խոսքի մեջ եմ լսել, որ բոլոր կարող, ունակ ուժերը պետք է համախմբվեն եւ աշխատեն միասին: Սակայն այդ խոսքերն այս աղմուկի մեջ չեն լսվում:
Մեծ պետություններն իրենց շահերն ունեն, այդ շահերի հետեւում էլ գաղտնիքներ, համաձայնություններ ու անհամաձայնություններ ունեն: Հայաստանն այսօր այն կարգավիճակում չէ, որ իրազեկված լինի, թե, օրինակ, առաջիկա տասը տարվա համար թուրքերն ինչ ծրագրեր ունեն, կամ Չինաստանն ինչ նպատակներ ունի: Մեր երկիրն այլեւս խաղացող չէ, եւ մյուս խաղացողների խաղին է ենթարկվում: Պատերազմից հետո Հայաստանը քաղաքականապես տկարացել է:
Թուրքիան ջիհադիստներին տարավ Լիբիա, Սիրիաՙ նրանց միջոցով իր քաղաքականությունը պարտադրելու. եւ ամենուր հաջողեց: Հիմա էլ հերթը Արցախինն է:
Թուրքիան ամենուր իր զորավոր ազդեցությունն ունի. մենք պետք է հասկանայինք, որ այն, ինչ կատարվեց Սիրիայում, այն էՙ համաձայնություն Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ, կամ այն փաստը, որ Լիբիայում Թուրքիան իր գաղութն ունի, ուրեմն երրորդ ճակատն էլ Արցախը պետք է լիներ. սա մենք պետք է հաշվարկեինք ու նկատի ունենայինք:
– Մենք Արցախի չլուծված խնդիր ունենք: Շատ կարեւոր է, որ արցախցին չթողնի իր հողն ու տունը, ավելինՙ Հայաստան տեղափոխված արցախցիներն էլ վերադառնան, որպեսզի ռուս խաղաղպահների առաքելությունն արդարացված լինի, այլապես, ո՞ւմ են պաշտպանելու նրանք: Եթե արցախցին չապրի իր հողի վրա, մենք կկորցնենք Արցախի նաեւ այդ փոքրիկ կտորը: Ի՞նչ դիտարկումներ ունեք այդ հարցի վերաբերյալ:
– Մեր եւ Ռուսաստանի շահերն այդտեղ համընկնում են: Մենք պետք է այնպես անենք, որ արցախցիներն Արցախ վերադառնան ու չհեռանան այնտեղից: Ռուսաստանի ռազմական ներկայությունը միայն այդ դեպքում արդարացված կլինի: Ռուսաստանի դերը Արցախում շատ ավելին է, քան խաղաղապահ լինելը:
Բացի այդ, մեր տունը պետք է կարգի բերենք. այսօր արտաքին քաղաքականություն չունենք, անգամ արտաքին գործերի նախարար չունենք: Պետք է կարողանանք օգտվել պատմական զարգացումներից: Երբ ռուսն ու թուրքը բախվում են, կա՛մ ԱՄՆ-ը պետք է միջամտի, կա՛մ Չինաստանը, Հնդկաստանը եւս հետաքրքրված է:
Մեր դիվանագիտությունը ո՞րը պետք է լինի: Մենք իրավիճակ թելադրող չենք կարող լինել, դժբախտաբար, բայց իրավիճակից օգտվել կարող ենք: Պետք է ճիշտ կողմնորոշվենք ու մեծ տերությունների ստեղծած իրավիճակում կարողանանք մեր երկրի շահերն առաջ տանել: Եթե արագ չկողմնորոշվենք, պատմությունը կկերտվիՙ հակառակ մեր կամքին, Հայաստանն էլ կունենա անհասկանալի դիմագիծ:
– Այս ընտրությունները նախորդների նման չեն, երբ մենք քաղաքական այս կամ այն ուժին էինք ընտրումՙ ըստ նրանց ծրագրերի: Երկու օրից պատմական ընտրություններ են լինելու, որոնք որոշելու են մեր պետականության, երկրի լինել-չլինելու, գոյապայքարի հարցը: Ո՞րն է ձեր ուղերձը:
– Հայաստանի քաղաքական, տնտեսական, ռազմական ուժի ստեղծման մասին ելույթներ հազվադեպ եմ լսում, ամբողջ քաղաքական պայքարը միմյանց ոչնչացնելուն է ուղղված: Այս հիմքերով քաղաքականություն կերտել հնարավոր չէ: Գոյապայքարի հիմնաքարը պետք է դնենք, այլապես չորս կողմից սպասում են, որ մեզ վերջնականապես բզկտեն: Եթե հաշվեհարդարներ են լինելու, ուրմեն որ կողմն էլ շահի, Հայաստանն է կորցնելու:
Հարցազրույցըՙ ՆԱԻՐ ՅԱՆԻ