Ադամորդու արարումից հետո, նրան երկրային աղտեղություններից զերծ պահելու նպատակով, Աստված ուղարկեց իր միակ բալասանը, արարչագործության կարևորագույն բաղադրիչը֊՝ Նորին մեծություն ամոքիչ Ցավը։ Ֆիզիկական ցավը մարմինը մաքրագործելու, հոգեկան ցավը՝ հոգին սրբագործելու համար։ Այս երկուսը անբաժանելի են, հաճախ փոխարկվում են մեկը մյուսին և ուղեկցում են մարդուն մինչև իր վերջին շունչը։
Իսկ ի՞նչ արեց այդ եղկելի մարդ-արարածը (որին չգիտես ինչու Աստված տվեց նաև իր կերպարանքը). Սկսեց մոգոնել զանազան ցավազրկող միջոցներ, բթացնելու աստվածային բուժիչ ցավը։ Մինչդեռ Արարիչը այդ փոքրիկ էակին օժտել էր տիեզերական անսահման ցավը իր մեջ կրելու կարողությամբ։
Ի սկզբանե Բանը չէր, ի սկզբանե Ցավն էր, Աստվածամոր երկունքի ցավը։ Այդ ցավի ճիչը արձագանքվեց ողջ Տիեզերքում ու ավետեց մարդկության Փրկչի ծնունդը՝ հայտնությունը։
Հետ այսու, Երկնային ու Երկրային ամեն մի արարման գործընթացին նախորդելու էր Երկունքի անասելի սաստիկ, Սրբազան Ցավը։
Ցավի աղբյուր էին դառնալու ամեն մի կենդանական ծնունդ, ամեն մի ժայթքում ու ճառագայթում, ամեն մի միջուկի ճեղքում, ամեն մի ամպրոպ ու փոթորիկ, և արդ, գործելու էր Ցավի պահպանման ու փոխակերպման օրենքը…
ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ
24.04.2021