Այն ինչ կատարվում է Ադրբեջանում մեր ռազմագերիների հետ միջազգային և մարդասիրական իրավունքների կոպտագույն խախտում է , – այս մասին «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ ընդգծել. «այս ամենը պետական բարձրագույն մակարդակում ահաբեկչություն և ավազակապետություն է»:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե իրենց մոտ այլեւս հայ ռազմագերիներ չկան, իսկ Բաքվում գտնվող հայորդիներին ներկայացրել են որպես դիվերսանտներ։
«Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը, մենք դա երբեք չենք մոռացել: Չնայած, այնուամենայնիվ, ոմանք մոռանում են, թե ինչ են իրենցից ներկայացնում Ադրբեջանը և Թուրքիան: Տպավորություն է ստեղծվում, որ այդ երկրները հատուկ հիշեցնում են մեզ դրա մասին։
Միջազգային հանրությունը պետք է արձագանքի այս իրավիճակին և իր գնահատականը տա, բայց այս հարցում նույնպես մենք չպետք է չափազանց մեծ սպասումներ ունենանք : Մենք պետք է անընդհատ աշխատենք այս հարցով, տարբեր միջազգային ատյաններում: Այն, ինչ անում է Ադրբեջանը, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, հնարավոր է, որ այնտեղ մեր գերիները ենթարկվում են խոշտանգումների, տարբեր տեսակի անմարդկային վերաբերմունքի», – շեշտել է Բաբայանը:
«Փաստինֆո» -ի հարցին, թե որքանով են հավաստի տեղեկությունները, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգանները, Արցախի ԱԳՆ ղեկավարը պատասխանեց, որ դա բացառել չի կարելի:
«Ես ուզում եմ շեշտել, որ միջազգային հանրությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի մեր գերիներին և ռազմագերիներին ադրբեջանական գերությունից ազատելու համար», – շեշտեց Բաբայանը:
Աղբյուր` Փաստինֆո






