Հայաստանը գտնվում է տնտեսական անկման եւ ճգնաժամի մեջ
Անցյալ տարվա տնտեսական աղետալիՙ 7,5 տոկոս անկմանը անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ, նշելով, որ դա տեղի է ունեցել հակառակ Նիկոլ Փաշինյանիՙ «լավ կյանքի» մասին խոստումների։ Այս տարին եւս սկսվել է տնտեսական անկման նույն տեմպով, սպառման ապրանքների, մասնավորապես սննդամթերքի գների կտրուկ թանկացմամբ եւ անշարժ գույքի շուկայի խորը պասիվացմամբ։ Այժմ այդ ամենի մասինՙ հերթականությամբ։
Տնտեսական անկումն անկասելի ընթացք է ձեռք բերել
Վիճակագրական կոմիտեի հրապարակած 2021 թ.-ի հունվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշները փաստում են, որ տնտեսական անկումը շարունակվում է նույն տեմպով, որ պարտք վերցնելով եւ աշխատավարձեր, թոշակներ ու պարգեւավճարներ բաժանելով, տնտեսությունը չի կարող զարգանալ։ Ըստ վիճկոմի, հունվարին Հայաստանի տնտեսական ակտիվությունը նվազել է 7,5 տոկոսով։ Տնտեսության ճյուղերից արդյունաբերությունում անկումը կազմել է 1,8 տոկոս նախորդ տարվա հունվարի համեմատ։ Առեւտրում, որտեղ զբաղված է բնակչության մի զգալի հատված, անկումը շատ ավելի խորն էՙ 15,1 տոկոս, որը նշանակում է, որ բնակչության եկամուտները նվազում են եւ մարդիկ ավելի քիչ գնումներ են անում։ Ծառայությունների ոլորտում անկումը դարձյալ երկնիշ էՙ 10,3 տոկոս։ Շինարարությունում արձանագրվել է 0,8 տոկոս աճ։ Հիշեցնենք, որ անցյալ տարի այստեղ 9,5 տոկոս անկում էր։ Գյուղատնտեսության ցուցանիշները բացակայում են, քանի որ հրապարակվում են եռամսյակը մեկ։
Բնականաբար, կտրուկ նվազել են թե արտահանման թե ներմուծման ցուցանիշները։ Արտահանումը նվազել է 11,3 տոկոսով, ներմուծումըՙ արդեն 20 տոկոսով։ Սրանք, թերեւս, մեր տնտեսության եւ սոցիալական վիճակի իրականությանը մոտ գտնվող տվյալներ են, քանի որ ապրանքաշրջանառությունը արձանագրվում է նաեւ գործընկեր երկրների մոտ եւ կարելի է հստակ պարզել, թե մեր Վիճկոմը իրակա՞ն տվյալներ է ներկայացնում, թե՞ հորինած։ Տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ գնաճը նոր հակառեկորդներ է խփում։
Սննդամթերքի թանկացումներն իսկապես աննախադեպ են
Այս տարվա փետրվարին գնաճը նախորդ տարվա փետրվարի համեմատ կազմել է 5,3 տոկոս։ Դա արդեն գերազանցում է Կենտրոնական բանկը որպես գնաճի նպատակային միջակայքի վերին շեմ սահմանած 4 տոկոսը։ Ընդ որում, ավելի բարձր գնաճ է արձանագրվում մարդկանց համար առավել կենսական սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների դեպքումՙ 7,8 տոկոս, ոգելից խմիչքների եւ ծխախոտի դեպքումՙ 8,7 տոկոս։ Առանձին ապրանքների թանկացումները պարզապես թռիչքային են։
Այսպես, բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13,1 տոկոս գնաճ, մրգի ապրանքախմբումՙ 8,3 տոկոս։ Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում արձանագրվել է 19,7 տոկոս գնաճ, ընդ որումՙ բուսական յուղի միջին գնաճը կազմել է 50,4 տոկոս։ Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է 9 տոկոս գնաճ։ Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 13,1 տոկոս գնաճ, ընդ որումՙ ձվի գինը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել է 52,5 տոկոսով։ Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 40,6 տոկոս գնաճ։ Նախկինում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը շաքարավազի գնի աննշան բարձրացման ժամանակ աղմուկ-աղաղակ էր բարձրացնում, բայց հիմաՙ քար լռություն է։
Ոչ պարենային ապրանքները նույնպես զգալի թանկացել ենՙ 6,7 տոկոս։ Բարձր է նաեւ այս ապրանքախմբի ամենակենսական ապրանքներիՙ հագուստի եւ կոշիկի գնաճըՙ 5,2 տոկոս։ Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի եւ բնակարանների խնամքի ամենօրյա գործունեության ապրանքների գնաճը կազմել է 6,9 տոկոս։
Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է սակագների ավելի ցածրՙ 1,6 տոկոս հավելաճ։ Այստեղ ամենամեծ աճը գրանցվել է տրանսպորտի ոլորտումՙ 7,2 տոկոս։ Դա ամենայն հավանակնությամբ միջքաղաքային տրանսպորտի գների արտացոլումն է։ Տրանսպորտի սակագների նման թանկացումը կարծես թե բողոքի լուրջ ալիք չի առաջացրել, հակառակ նախկինում տեղի ունեցածի։
Կենտրոնական բանկը բարձր գնաճը զսպելու համար իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Սակայն, փոխարենը այդպիսով վատթարացնում է տնտեսության ֆինանսավորման պայմանները տնտեսական խորը անկման պարագայում։ Այս կացության լուծումը չի նշմարվում։
Անշարժ գույքի շուկան հայտնվել է ճգնաժամի մեջ
Այս տարվա հունվար ամսվա Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վերլուծությունները փաստում են, որ անշարժ գույքի շուկան հայտնվել է ճգնաժամի մեջ։ Այսինքն, նվազել են մարդկանց եկամուտները եւ կատարվող ներդրումները, ավելացել է ռիսկայնությունը, որը այս իշխանության նկատմամբ բնակչության անվստահության եւս մեկ ապացույց է։
Այսպիսով, ըստ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վերլուծության, 2021 թ․-ի հունվարին Հայաստանի Հանրապետությունում իրականացված ընդհանուր գործարքները 22,4 տոկոսով ավելի քիչ են անցած տարվա հունվարի եւ 44,6 տոկոսով դեկտեմբերի համեմատ։ Առքուվաճառքի գործարքների քանակը հունվարին անցած տարվա հունվարի համեմատ նվազել է 32,1 տոկոսով, դեկտեմբերի համեմատՙ 45,1 տոկոսով։ Նվազման տեմպի ցուցանիշներն ինքնին խոսուն են։
Առքուվաճառքի հիմնական օբյեկտներից բնակարանների առքուվաճառքը անցած տարվա հունվարի համեմատ նվազել է 24,2 տոկոսով, դեկտեմբերի նկատմամբՙ 39,3 տոկոսով։ Անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքները անցած տարվա հունվարի համեմատ նվազել են 23,8 տոկոսով, դեկտեմբերի համեմատՙ 44,1 տոկոսով։ Հողատարածքների առքուվաճառքի գործարքները անցած տարվա հունվարի համեմատ նվազել են 26 տոկոսով, դեկտեմբերի համեմատՙ 49,7 տոկոսով։ Ընդհանուր գործարքների եւ առքուվաճառքի գործարքների քանակների կտրուկ նվազում առկա է թե՛ Երեւանում, թե՛ առանց բացառության բոլոր մարզերում։
Օտարերկրյա քաղաքացիները ավելի շատ վաճառում են իրենց գույքը Հայաստանում, քան գնում։ Մասնավորապես, հունվարին օտարերկրացիները Հայաստանում գնել են 27, վաճառել 48 անշարժ գույք։
Անցած տարվա հունվարի համեմատ մարզերում բնակարանների գները նվազել են հունվարի համեմատՙ 3,5 տոկոսով, դեկտեմբերի համեմատՙ 0,2 տոկոսով։ Երեւանում բնակարանների գները նվազել են 4,9 տոկոսով, դեկտեմբերի համեմատՙ 0,5 տոկոսով։ 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները դրամով հետեւյալն են եղել․
– | 2020Ã. ÑáõÝí³ñ | 2020Ã. ¹»Ïï»Ùµ»ñ | 2021Ã. ÑáõÝí³ñ |
Կենտրոն | 659 000 | 613 050 | 608 500 |
Արաբկիր | 456 600 | 440 200 | 436 500 |
Քանաքեռ-Զեյթուն | 334 500 | 317 200 | 315 000 |
Նոր-Նորք | 293 000 | 292 200 | 293 000 |
Ավան | 297 000 | 289 000 | 288 000 |
Էրեբունի | 291 500 | 282 000 | 280 500 |
Շենգավիթ | 302 000 | 296 500 | 297 000 |
Դավթաշեն | 344 500 | 317 000 | 315 200 |
Աջափնյակ | 317 000 | 304 000 | 303 000 |
Մալաթիա-Սեբաստիա | 293 500 | 283 200 | 281 000 |
Նուբարաշեն | 188 000 | 175 000 | 174 500 |
Հետաքրքրական են հիպոթեկային գործարքների թվերը։ Հունվարին Հայաստանում իրականացվել են 148 հիպոթեկային գործարքներ, որը 38,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա հունվարի եւ 61,2 տոկոսովՙ դեկտեմբերի համեմատ։ Սա այն ոլորտն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը զորուգիշեր ինչ-որ երեւակայական աճի եւ «բումի» մասին էր խոսում։
Ամենից ցավալին սակայն այն է, որ այս պայմաններում Փաշինյանին հաջողվում է իրեն գովերգող ինչ որ զանգված հավաքել։ Գուցե այդ զանգվածն իսկապես արժանի է այս կացությանը, բայց չմոռանանք, որ բոլորս ենք պատասխանատու մեր երկրի համար։ Հետեւաբար, չի կարելի թողնել իշխանությունը մեզ կործանման տանող վարչախմբի ձեռքին։
ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ