[202100314.jpg]
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
21-րդ դարում, երբ «մեծ ու շքեղ բնակարաններ ունեցանք, բայց փոքրանդամ ընտանիքներ, երբ բժշկությունը զարգացավ, բայց հիվանդությունները շատացան, երբ մարս ու լուսին թռանք, բայց խուսափեցինք հարեւանի տուն մտել, երբ ընկերների թիվը շատացավ, բայց անկեղծներինըՙ նվազեց, երբ բոլորիս ժամանակը չբավարարեց ոչ մի բան անելու», երբ պատերազմում հաղթեցինք, բայց հաղթանակը դղյակներ ու միլիոններ կուտակելուն ծառայեցրինք, երբ աշխարհն առաջ գնաց, իսկ մենք էշի ականջում քնած մնացինք, երբ կրկին անխուսափելի պատերազմը եղավ ու մենք պարտվեցինք… Նոյեմբերի 10-ի խայտառակ «Հայտարարությունն» ու եռակողմ հանդիպման արդյունքում գրված նոր հայտարարության տակ ստորագրեցինք, որում ասված է, թե Ղարաբաղի կոնֆլիկտը մնացել է անցյալում, այսինքն փակ է, ու պիտի մեր հարաբերությունները լավացնենք ու հարեւանություն անենք:
Այսքանից հետո հարց է առաջանում. մենք կարո՞ղ ենք ապրել թուրքի հետ կողք-կողքի: Ավագ սերնդից ոմանք ասում են, որ կարող ենք եւ վկայակոչում են խորհրդային տարիները: Իսկ մեծ մասը պնդում է, որ դա հնարավոր չէ, քանի որ էն ժամանակ պատերազմ չկար ու էսքան արյուն էլ չէր թափվել, մի ողջ սերունդ դեռ բեղ ու մորուք, հասուն տարիներ, կին ու էլի շատ բաներ չտեսածՙ նահատակվեց: Քանի որ մեր փոքրաթիվ ազգի համար հսկայական թիվ կազմող շուրջ 15 հազար աղջիկ չի երջանկանա ու չեն ծնվի ամենաքիչը 30 հազար երեխաներ: Էլ չեմ ասում, թե քանիսը տատիկ ու պապիկ չեն դառնա: Էն ժամանակ մանկապարտեզից հային ատել չէին սովորեցնում, որի արդյունքում 30 տարիների ընթացքում այն աստիճան հայատյացություն է ներարկվել ադրբեջանական սերունդների մեջ, որ պատկերացնելն անգամ սարսափելի է: Հետո էլ էն ժամանակ գիշերով քնած հային կացնահարողին հարեւան երկրում դափնիների չէին արժանացնում:
Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ չնայած 30 տարի առաջ թուրքն էլի թուրք էր, բայց 30 տարի անց, առավել եւս հիմա, նա վախկոտ, բայց «հաղթած» թուրք է: Սա մոտավորապես նույնն է, որ մեկին 30 տարի ստորացնես, հետո մեկ օրում նա դառնա քեզ պայմաններ թելադրողը, քո հայրենակիցների ճակատագիրը որոշողը: Նա այդ 30 տարվա ստորացումը երբեք չի ներելու, ու քանի որ նաեւ թուրք է, միշտ էլ հարմար առիթ է փնտրելու, որ գիշերով հային կացնահարի, հայի հետ ընկերություն անի, բայց հարմար պահին կոկորդը կտրի ու տունը թալանի: Իսկ մենք , որ ուզում էիք ազատ, արժանապատիվ ու մարդավայել կյանքով ապրել, երկու տասնամյակ ազատագրված տարածքները դարձրել էինք անհատական ֆազենդաների փակ գոտի, Հայրենիքը բաժանել կալվածքներիՙ ստույգ աստիճանահարգությամբՙ ըստ իշխանության մարդ լինելու «դասային աստիճանի»: Ահա թե որտեղ է պետք փնտրել ողբերգության արմատը:
Անհրաժեշտ է հստակ պատկերացնել, որ արցախյան պատերազմի արմատները ոչ այնքան աշխարհաքաղաքական են, որքան քաղաքակրթական: Հայ ժողովուրդն այլեւս չցանկանալով ապրել նախկինի նման, 2018-ին կատարեց իր ընտրությունը, եւ դա բնավ Նիկոլ Փաշինյանի անձին չէր վերաբերում: Այդ քաղաքակրթական ընտրությունը վերաբերում էր նոր աշխարհում ապրելու որոշմանը, որը պետք է ամրագրվի նոր իշխանության ձեւավորման ընթացքում: Վստահ եմ, որ քաղաքակրթական ասպարեզում մենք կգտնենք նաեւ հզոր դաշնակիցներ: Պետք է միայն հոգեպես պինդ լինել, շատ ու արդյունավետ աշխատել, շարունակել կրթվել, ինքնակրթվել, չդադարել երազել ու իրականացնել այդ երազանքները: Պատերազմի ընթացքում մեր ժողովուրդը ցույց տվեց, որ կարող է թեկուզեւ միայնակ, բայց արժանապատիվ ու երկարատեւ կռիվ տալ անգամ իրեն բազմակի գերազանցող թշնամիների կոալիցիային: Իսկ այսօր մենք պարզապես պարտավոր ենք ու կարող ենք կառուցել արդյունավետ պետություն եւ կարգապահ ու կազմակերպված հասարակություն: Պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ մենք պիտի սովորենք հանդուրժել ու սիրել իրար, լինենք համախմբված եւ ասպետական վեհանձնություն դրսեւորենք բոլորս բոլորի նկատմամբ, լինենք իրապես բարոյական: Հատկանշական է այս տեսակետից, որ «Տիտանիկը» խորտակվելու ժամանակ նավում գտնվող միլիոնատեր Ջոն Ջեյքոբ Աստոր IV-ը, որի բանկային հաշիվներում այնքան գումար կար, որ կարող էր կառուցել երեսուն նոր «Տիտանիկ», հայտնվելով մահացու վտանգի առջեւՙ ընտրեց իր կարծիքով բարոյապես ճիշտ լուծում եւ իր փրկարար նավակը զիջեց երկու վախեցած երեխաների: «Տիտանիկի» վրա գտնվող մեկ այլ մեծահարուստ Ամերիկայի ամենամեծ «Macy՛s» հանրախանութների ցանցի համասեփականատեր Իսիդոր Շտրաուսն էլ ասաց. «Ես երբեք մյուս տղամարդկանցից ավելի շուտ փրկարար նավակ չեմ նստի»: Նրա կինը եւս որոշեց իր կյանքի վերջին րոպեները ամուսնու հետ անցկացնել եւ նույնպես հրաժարվեցՙ տեղը զիջելով իր նոր գործի ընդունված սպասուհունՙ Էլեն Բիրդին: Այսինքնՙ այդ հարուստ մարդիկ նախընտրում էին մնալ առանց իրենց հարստության եւ նույնիսկ կյանքի, քան հրաժարվել բարոյական սկզբունքներից: Արարքներ, որոնք ցույց տվեցին քաղաքակրթության եւ մարդկային էության փայլը: Ակամա հարց է առաջանումՙ իսկ ի՞նչ արեցին եւ կարող են անել մեր մեծահարուստ օլիգարխները հանուն իրենց ժողովրդի: Ոչինչ կամ գրեթե ոչինչ: Իսկ գիտեք ինչու, որովհետեւ մեր ժողովրդի մտածելակերպի մակարդակը շատ է ցածրացել, որովհետեւ սկսած 1991 թվականից բարձրագույն կրթությունը դարձավ բիզնես, ուսումը լիարժեք ու պետական մակարդակով դասավանդելու ու ուսանողին ավեի մեծ գիտելիքներ հասցնելու փոխարեն բացվեցին «կոմերցիոն» ուսումնական հաստատություններ, որտեղ հստակ կարող եմ ասել, որ ուսման մակարդակն անհամեմատ ցածր էր քան պետական ուսումնական կառույցներում: Ավելին, մի քանի տարվա ընթացքում պետական ուսումնական կառույցներն էլ քիչ քիչ դարձան վճարովի, թողնելով ամեն բուհում մի քանի տասնյակ անվճար հաստիքներ: Սրա հետ մեկտեղ երիտասարդությունը եւ ավելի ճիշտ նրանց ծնողները տեսնելով, որ վերանում է տնտեսությունը, քչանում են գործարաններն ու հիմնարկները, սկսեցին ավելի շատ հավակնել «իրավաբանական», «տնտեսագիտական», «արեվելագիտական» ճյուղերին: Սկսեցին պակասել «ինժեներների», «էներգետիկների», «ֆիզիկների» «մաթեմատիկների» եւ նման կարեւոր բնագավառների մասնագետները: Էլ չասեմ, որ մի կողմ դնելով Հայոց լեզուն, Պատմությունը, Մշակույթը, Հավատքն ու Եկեղեցին, ավելի զարգացան օտար լեզուներն ու օտարերկյա մտածելակերպը: Առողջ հասարակություն դաստիարակելու ու ստանալու փոխարեն, ստեղծեցինք իրավիճակ, երբ առողջ մտածելակերպով մարդկանց մի զանգված սկսեց արտագաղթելՙ փնտրելով իրեն վայել ապրելակերպ: Նրանց մի մասը դարձավ «խոպանչի», մի մասն էլՙ խանութպան: Այնինչ, բոլոր ազգային արժեքներ պահպանող երկրներում աշխատում են ուսումը պահել անվճար, իսկ մենք չցանկացանք առողջ ազգ ունենալ, ուղղակի հարմար չէր, ուղղակի դժվար կլիներ նրան կառավարել…
Այդ ամենին զուգընթաց սկսեցին հանդես գալ ազգակործան «գլոբալիստական» քայքայիչ ծրագրեր, որոնցից էին «կաշպիռովսկիներն» ու «չումակները», բազմատեսակ ու բազմագույն կրոնական աղանդները: Այդ գործընթացի հաջորդ քայլը եղան բրազիլական, այնուհետ հնդկական եւ թուրքական բութ եւ անիմաստ սերիալները, որոնք ցայսօր շարունակվուն են հեռարձակվել շատ հեռուստաալիքներով: Այնինչ, դրանց փոխարեն կարող էինք դիտել մեր պատմության հերոսական ու դաստիարակիչ դրվագներ պարունակող, հայ մշակույթը, լեզուն եւ ամենակարեւորըՙ հայ գենի առավելությունները քարոզող ֆիլմեր ու հաղորդումներ: Էսօր էլ ընկել մեկին «ժեխ» ենք անվանում, «պողոս» կամ «բալաբեկ», մոռանալով նրանց ստեղծող մտավոր կենտրոնների մասին: Կարծում եմ, որ սա անկախության երեսուներկու տարիների ընթացքում ձեւավորված «կոմունիստա-կապիտալիստական հիբրիդային» մտածելակերպի հետեւանքն է, որի արդյունքում էլ մեր ԱԶԳԸ հասավ էս օրին:
Իսկ առաջին Արցախյան պատերազմը հաղթեցինք, քանի որ մեր մեջ առողջ մտածելակերպ կար, որը կրում էր բնակչության գրեթե 80%-ը, այնինչ այսօր հակառակն էՙ առողջ մտածելակերպ ունեցողները կազմում են առավելագույնը բնակչության 30%-ն է կազմում. դրա համար էլ այսօր էս վիճակին ենք…
Բազմադարյան պատմություն ունեցող հայ ժողովուրդն այժմ կանգնած է գոյության պայքարի առջեւ, բայց հայրենիքի փրկության համար ոչ մի բան նրան չի կանգնեցնի: Շատ արհավիրքներ, պատերազմներ, ցավ ենք տեսել, բայց երբեք մեր հոգու կորովը չի կոտրվել եւ երբեք թշնամու առաջ չենք խեղճացել: Այժմ իր իսկ քաղաքական շահերից ելնելով մեր կողքին է նաեւ հզոր Ռուսաստանը: Իսկ ալիեւյան Ադրբեջանը փոխանակ պատրաստվի պատասխան տալու իր կողմից հրահրված պատերազմի համար, նորից շանտաժի է ենթարկում նրան եւ հայտարարում, թե Ռուսաստանը չպիտի խոսի Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ահաբեկիչների մասին, քանի որ դրանով իբրեւ թե խախտվում է ՌԴ չեզոքությունը: Ալիեւը հավանաբար դեռ չի գիտակցում, որ Ռուսաստանը չի ներելու Թուրքիայի հովանավորությամբ Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղելու նպատակով Ադրբեջանի թշնամական գործողությունները: Հատկապես, որ Վրաստանը, որ Մոսկվային պետք էր Ադրբեջանից Արեւմուտք գնացող խողովակաշարերն ու ճանապարհները վերահսկելու եւ Գյումրու ռուսական ռազմաբազայի հետ ցամաքային կապ ունենալու համար, արդեն կորսված է ու տարածաշրջանում նոր ու իր համար «ավելորդ» գլխացավանք ստեղծելնՙ անընդունելի: Միանգամայն ենթադրելի է, որ այս ետնախորքի վրա պարզ է դարձել մի իրողություն, երբՙ
ա) դեպի հարավ ձգտող եւ Սիրիայում հենակետեր ստեղծած Ռուսաստանն ուզում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում եւ հիմք ստեղծել հետագայում ավելի առաջ շարժվելու համար,
բ) Հայաստանը հերթական անգամ գործով ապացուցեց, որ անկախ ամեն ինչից ու աշխարհաքաղաքական զարգացումներից, մեղմ ասածՙ ռուսամետ է:
գ) Ադրբեջանը ոգեւորվելով Թուրքիայի ու մի քանի այլ մահմեդական երկրների ցույց տված օգնությունից եւ ռուսական արքունիքի իր կողմից կաշառված մի քանի պալատականների տված խոստումներից, պատերազմ սանձազերծեց, որպեսզի իր ձեւովՙ «թուրքավարի» (այնտեղի հայությանը ոչնչացնելով կամ հայրենազրկելով եւ իր բնօրրանից դուրս մղելով) լուծեր Արցախի հարցը, տնտեսապես եւ այլ առումներով հնարավորինս թուլացներ Հայաստանին, գրավել ստրատեգիական կարեւոր դիրքեր եւ շանտաժի ու ահաբեկման դիմելով դառնալ կարեւորագույն խաղացողներից տարածաշրջանում:
Շնորհիվ 18-20 տարեկան հայ զինվորի, որը հերոսությունն ուղղակի կենցաղ ու առօրյա դարձրեց, այդ հաշվարկներն ամբողջովին չիրականացան: Ռուսաստանն էլ սթափվելով եւ հասկանալով, որ իրադրությունը կարող է դուրս գալ իր վերահսկողությունից, միջամտեց եւ խաղապահների անվան տակ մարտունակ ուժեր բերեց տարածաշրջան: Ուզում ենք հավատալ, որ այսուհետեւ էլ իր իսկ շահերից բխող իրատեսական քայլեր կանի, որոնք կնպաստեն տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու եւ քաղաքական-ռազմակա-տնտեսական- մշակութային-հոգեւոր ասպարեզները զարգացնելու համար:
20-28.01.2021