Հայաստանին ոչ ոք չի հեռացնի ՀԱՊԿ-ից․ որոշումը պետք է կամավոր լինի․ Վլադիմիր Ջաբարով

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից անդամ երկրների հեռացման մեխանիզմ նախատեսված չէ։ Նրա խոսքով՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշի դուրս գալ կազմակերպությունից, դա կլինի Երևանի կամավոր որոշումը, որը կքննարկեն կազմակերպության մյուս անդամները։
Սենատորն ընդգծել է, որ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ՀԱՊԿ-ի մյուս անդամները ՀՀ-ի փոխարեն որոշում չեն կայացնելու։ Դուրս գալու դեպքում Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կկառուցվեն որպես սովորական միջպետական հարաբերություններ, մինչդեռ ՀՀ-ն կմնա ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի կազմում։
«Մեր նախագահը հստակ ասել է՝ երկու աթոռի վրա միաժամանակ նստել հնարավոր չէ։ Կա՛մ Եվրամիություն, կա՛մ Եվրասիական միություն։ Վերջին երկու-երեք տարիները ցույց են տվել, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ին մասնակցությունից բազմաթիվ առավելություններ է ստացել, և դա կարևոր է ժողովրդի համար», — նշել է Ջաբարովը։
