Հինգշաբթի, 20 Օգոստոս, 2026

ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով. Սուրեն Սուրենյանց

Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մի միջադեպ, որը վերջին շաբաթներին աստիճանաբար դառնում է իշխող մեծամասնության աշխատաոճի բնորոշ դրսևորում․ «բարեկիրթ» միջավայրի պահպանման անվան տակ դահլիճից հեռացվեց ընդդիմադիր պատգամավոր։

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ՊՊԾ աշխատակիցների միջոցով նիստերի դահլիճից հեռացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Ղազինյանին։ Պաշտոնական բացատրությունը ծանոթ է՝ խախտվել են բարեկրթության կանոնները, խաթարվել է նիստի բնականոն ընթացքը, «քաղաքակիրթ» քննարկման մթնոլորտը։

Սակայն այս և նախորդ նմանատիպ միջադեպերը շատ ավելի խորքային խնդիր են բացահայտում։ «Քաղաքացիական պայմանագրի» առաջարկած «բարեկրթությունը» վարքականոն կամ աշխատանքային կարգապահություն չէ։ Այն աստիճանաբար վերածվում է քաղաքական գործիքի, որի միջոցով իշխանությունը փորձում է ցուցադրական կարգուկանոնով քողարկել նոր Ազգային ժողովի շուրջ առկա լեգիտիմության ճգնաժամը։

Ընտրություններից հետո լեգիտիմության շուրջ քաղաքական վեճը ոչ միայն չի փակվել, այլև տեղափոխվել է նոր խորհրդարանի գործունեության դաշտ։ Այս պայմաններում «բարեկիրթ միջավայրի» պահանջը դառնում է յուրատեսակ փոխարինող լեգիտիմություն՝ ստեղծելով պատրանք, թե խորհրդարանում ամեն ինչ ընթանում է սահմանված կանոններով, իշխանությունը պաշտպանում է կարգը, իսկ ընդդիմությունը պարզապես «անբարեկիրթ» է և դրա համար էլ պատժվում է։

Սակայն այստեղ սկզբունքային հարց է առաջանում․ ո՞վ և ի՞նչ հստակ չափանիշներով է որոշում՝ որն է «բարեկիրթ», իսկ որը՝ «անբարեկիրթ» վարքագիծ։ Եվ, որ ավելի կարևոր է, նույն չափանիշները հավասարապես կիրառվո՞ւմ են իշխանության և ընդդիմության նկատմամբ։ Հենց այստեղ է, որ խորհրդարանական «բարեկրթությունը» վտանգավոր կերպով սկսում է հիշեցնել «զոնի պանյատները»։ «Զոնում» «ճիշտն» ու «սխալը» որոշվում են ոչ թե գրված օրենքով և բոլորի համար հավասար կանոններով, այլ «ասողի» կամքով։

Խորհրդարանում ևս աստիճանաբար արմատավորվում է նույն տրամաբանությունը․ օրենքն ու կանոնակարգը մղվում են երկրորդ պլան, իսկ որոշիչ է դառնում «ասողի» գնահատականը՝ Վահագն Ալեքսանյանի, Ռուբեն Ռուբինյանի կամ տվյալ պահին նիստը վարող մեկ այլ իշխանական գործչի հայեցողությունը։ Եթե իշխանությունը որոշում է, որ ընդդիմադիր պատգամավորի ելույթը կամ վարքագիծը «անբարեկիրթ» է, կարող է հետևել պատիժ՝ ընդհուպ մինչև դահլիճից հեռացում։

Իսկ երբ համանման վարքագիծ է դրսևորում իշխանական պատգամավորը, այն կարող է պարզապես անտեսվել կամ բոլորովին այլ մեկնաբանություն ստանալ։ Երբ կանոնը մեկնաբանում է նույն քաղաքական մեծամասնությունը, որը նաև պատժում է դրա ենթադրյալ խախտման համար, իսկ չափանիշները կիրառվում են ընտրողաբար, գործ ունենք ոչ թե խորհրդարանական կարգապահության, այլ քաղաքական կամայականության հետ։ Սա խորհրդարանական քաղաքականության բովանդակազրկում է։

Քաղաքական պայքարը տեղափոխվում է վարքագծային վերահսկողության դաշտ, իսկ խորհրդարանը գաղափարների, ծրագրերի և քաղաքական դիրքորոշումների բախման հարթակից վերածվում է «պատշաճության» ցուցադրման տարածքի։ Այսպիսի միջավայրում ընդդիմության հիմնական գործառույթը՝ իշխանությանը հաշվետու պահելը, սուր հարցեր տալը, քննադատելը և այլընտրանք ներկայացնելը, աստիճանաբար մղվում է երկրորդ պլան։

Առաջնային է դառնում մեկ այլ պահանջ՝ չանցնել այն սահմանը, որը տվյալ պահին գծում է իշխանական մեծամասնությունը։ Ղազինյանի հեռացումն այս տրամաբանության մեջ պատահական դրվագ չէ։ Խնդիրը նույնիսկ նրա ելույթի բառապաշարը կամ վարքագիծը չէ։ Խնդիրն այն է, որ քաղաքական անհամաձայնությունը տեղափոխվում է «պատշաճության» գնահատման դաշտ, որտեղ իշխանությունը միաժամանակ սահմանում է չափանիշը, որոշում դրա խախտման փաստը և կիրառում պատիժը։

Այս տրամաբանության պայմաններում քաղաքական հակափաստարկին փոխարինում է վարչական միջամտությունը, բանավեճին՝ պատիժը, իսկ քաղաքական հակադրությանը՝ պատգամավորի ֆիզիկական հեռացումը դահլիճից։ Մեծ հաշվով, «բարեկրթության» այս ցուցադրական բեմականացումը ծառայում է մեկ նպատակի՝ ստեղծել կարգուկանոնի և բնականոն խորհրդարանական կյանքի պատրանք այն պայմաններում, երբ Ազգային ժողովի լեգիտիմության շուրջ քաղաքական վեճը շարունակում է մնալ չլուծված։

Սակայն խորհրդարանը «բարեկիրթ զոն» դարձնելով՝ հնարավոր է ժամանակավորապես լռեցնել անցանկալի ձայները, բայց հնարավոր չէ լուծել լեգիտիմության խնդիրը։ Այնտեղ, որտեղ գրված կանոնին փոխարինում է «ասողի» քմահաճույքը, կարգուկանոն չի հաստատվում։

Հաստատվում է կամայականություն։

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ, պատմաբան

https://t.me/SurSurenyants/7105