Ուրբաթ, 21 Օգոստոս, 2026

Խազար, թե՞ Կասպից

  Գրիգոր Առաքելյան

Ինչպե՞ս կկոչվի Իրանի նոր նահանգը

Վերջին շրջանում  Իրանում քննարկվում է Կասպից ծովի ափին՝ Մազանդարան, Գիլան եւ Գոլեսթան նահանգների վերաձեւավորման հաշվին նոր նահանգ ստեղծելու հարցը: Դրա համար ընտրված ամենամրցունակ անվանումը, ըստ շրջանառվող տեղեկությունների, «Խազար»-ն է: Թե որքանո՞վ է «Խազար» բառն ընդունելի իրանցիների համար, կիմանանք քիչ անց:

Ի դեպ,  Իրանի հյուսիսային ափամերձ նահանգներին հարող Կասպից  ծովը, որի հայկական անվանումը  «Վրկանա ծով» է, այդ ջրային  ավազանի արձանագրված  ամենահին անվանումն է:  Ծովի «Վրկանա» անվանումը  գործածվել է դեռեւս Աքեմենյանների  եւ Արշակունիների ժամանակաշրջաններում:

Մեզ հայտնի է, որ ադրբեջանցիները, որպես տեղանունները յուրացնելու հարցում մեծ փորձ կուտակած ժողովուրդ, պետք է փորձեին Կասպից ծովի անվան համար կառչել «Խազար» բառից, որը ծագում է խազարական թյուրքական ցեղախմբերի անունից:

Պատահական չէ, որ ԻԻՀ նախագահ Մոհամմադ Խաթամիի հյուրընկալությամբ Թեհրանում գտնվող Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը դեռեւս 2002 թվականի մայիսին, համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լսելով «Մազանդարանի ծով» անվանումը, ընդգծված եւ կտրուկ տոնով իր դժգոհությունն արտահայտեց ու ջրային ավազանն առաջարկեց կոչել միայն «Խազարի ծով»՝ Xəzər dənizi:

Ի դեպ, «Խազար» բառը, որն ասոցացվում է օղուզական-թյուրքական եւ հրեական էթնիկ բնորոշումների հետ, համարվում է Ադրբեջանի Հանրապետությունում տարածված եւ նախընտրելի անուն:

Այդ անվանումն այնքան է տարածված Ադրբեջանում, որ նույնիսկ Թուրքիայի քաղաքականությունը գովազդող Բաքվի հեռուստատեսային ցանցերից մեկը կոչվում է «Xəzər TV»: Նույն մեդիա կառույցի շրջանակում, որպես համազգային ռադիոհեռարձակող, գործում է նաեւ «Xəzər FM» ռադիոն:

Բաքվում «Խազար» անվամբ գործում են նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություն եւ գիտահետազոտական կենտրոն: Էլ չենք խոսում Խազար անվանն արժանացած Ադրբեջանի շրջաններից մեկի մասին:

Հեյդար Ալիեւի դժգոհ արձագանքից կարճ ժամանակ անց ԻԻՀ նախագահ Խաթամիի առաջին տեղակալի կողմից պետական մարմիններին ուղարկված շրջաբերականով բոլոր կառույցներին պարտադրվեց այլ անվանումների փոխարեն օգտագործել միայն «Խազարի ծով» անվանումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Խազար» բառը կապ չունի Իրանի քաղաքակրթական, պատմական, կրոնական եւ այլ մոտեցումների հետ՝ պարզ չէ, թե ինչ հիմնավորմամբ է ընդունվելու այդ որոշումը (Եթե, իհարկե, այդպիսի որոշում կայացվի): Իսկ նկատի ունենալով այս բառի մեջ առկա հակաիրանական թյուրքական-հրեական էթնիկ շեշտադրումը՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ մինչեւ այժմ այդ մոտեցումը շրջանառությունից դուրս չի եկել:

Նկատենք, որ VIII-IX դարերում խազարների իշխող վերնախավը հուդայականություն է ընդունել, եւ IX դարի աղբյուրներն արդեն խոսում են խազարական արքունիքի ու որոշ ազնվականների՝ հուդայականություն ընդունելու մասին:

Եթե Իրանի հյուսիսային շրջաններում նոր նահանգ ձեւավորելու մասին որոշում կայացվի, ապա ինչո՞ւ պիտի այն կոչվի ադրբեջանցիների, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի նախկին նախագահ

Հեյդար Ալիեւի՝ քառորդ դար առաջ հնչեցրած առաջարկով:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ