Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

«Այլընտրանք»՝ առանց այլընտրանքի. Փաշինյանի արտաքին քաղաքական փակուղին. Սուրեն Սուրենյանց

«Հիմա ինչպես հանրաքվե անենք, երբ երկրորդ այլընտրանքը գոյություն չունի։ Մենք ապագայում անպայման հանրաքվե կանենք, երբ պաշտոնապես դիմած լինենք ԵՄ-ին անդամակցության հարցով»։

Այս խոսքերով Նիկոլ Փաշինյանը վերջին ճեպազրույցում փորձել է ամփոփել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության վերաբերյալ իր մոտեցումը։ Նրա տրամաբանությամբ՝ Հայաստանին և՛ Եվրոպական միությունը, և՛ Եվրասիական տնտեսական միությունը անհրաժեշտ են այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը «այլընտրանքներ է ձևավորում», որից հետո վերջնական ընտրությունը պետք է կատարի ժողովուրդը։ Ավելին՝ Փաշինյանը խոսել է նաև երրորդ հնարավորության՝ «ոչ ԵԱՏՄ, ոչ ԵՄ» տարբերակի մասին։

Սակայն այս ձևակերպումների տակ թաքնված է շատ ավելի խորքային հակասություն. Հայաստանի իշխանությունը փաստացի սկսել է գործող արտաքին քաղաքական և անվտանգային համակարգից հեռանալու գործընթաց՝ դեռևս չունենալով դրա փոխարեն ձևավորված, ինստիտուցիոնալ և երաշխավորված այլընտրանք։

Այլ կերպ ասած՝ նախ սկսվել է հին համակարգի ապամոնտաժումը, իսկ հետո միայն՝ նորի որոնումը։

Փաշինյանի հայտարարությունը նաև արձագանք էր Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի՝ Հայաստանի ռազմավարական ընտրությունը հստակեցնելու վերաբերյալ վերջին հայտարարություններին։ Մոսկվայի դիրքորոշումը պարզ է. ԵՄ-ին անդամակցելու քաղաքական նպատակ ամրագրած Հայաստանը չի կարող անորոշ ժամանակով պահպանել նույն կարգավիճակը ԵԱՏՄ-ում և միաժամանակ օգտվել այդ ինտեգրացիոն համակարգի բոլոր առավելություններից։

Հանրաքվեն՝ որպես ճնշման գործիք

Այս համատեքստում հանրաքվեի թեման աստիճանաբար վերածվում է դիվանագիտական ճնշման և Հայաստանից ռազմավարական հստակություն պահանջելու գործիքի։

Մոսկվան Երևանից ցանկանում է ստանալ ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ Հայաստանը կամ պահպանում է իր ներկայիս ինտեգրացիոն ուղղությունը, կամ պաշտոնապես արձանագրում է դրանից հեռանալու քաղաքական որոշումը։ ԵԱՏՄ անդամ երկրների մայիսյան հայտարարությունից հետո այս հարցը պարբերաբար վերադառնում է օրակարգ, իսկ Հայաստանի հետագա կարգավիճակի և հնարավոր փոփոխությունների տնտեսական հետևանքներն արդեն քննարկման առարկա են դառնում։

Փաշինյանի պատասխանն, ըստ էության, հետևյալն է. Հայաստանը շարժվում է ռազմավարական այլընտրանքի ձևավորման ուղղությամբ, սակայն վերջնական ընտրությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ այդ այլընտրանքը դառնա իրական և առարկայական՝ օրինակ, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար։

Առաջին հայացքից այս տրամաբանությունը կարող է ռացիոնալ թվալ։ Իրապես դժվար է հանրաքվեի դնել ընտրություն, որի տարբերակներից մեկը դեռևս գոյություն չունի որպես կոնկրետ քաղաքական, տնտեսական և անվտանգային առաջարկ։

Բայց հենց այստեղ էլ սկսվում է Փաշինյանի քաղաքականության հիմնական հակասությունը։

Նախ՝ քանդել հինը, հետո՞ փնտրել նորը

Խնդիրը հանրաքվեն այսօր կամ վաղը անցկացնելու մեջ չէ։ Խնդիրն այն է, որ իշխանությունը տարիներ շարունակ փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական միջավայրը, թուլացնում նախկին հարաբերությունների և անվտանգային մեխանիզմների գործունակությունը, բայց այդ ընթացքում չի ստեղծել դրանց փոխարինող համակարգ։

Եթե «երկրորդ այլընտրանքը», ինչպես Փաշինյանն է ասում, դեռ գոյություն չունի, ապա բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է գործող համակարգից քաղաքական հեռացումը սկսվել ավելի վաղ, քան ձևավորվել է դրա իրական այլընտրանքը։

Ռազմավարական քաղաքականության մեջ նախ ձևավորում են այլընտրանքը, գնահատում դրա տնտեսական, անվտանգային և քաղաքական գինը, ստեղծում անհրաժեշտ երաշխիքները և միայն դրանից հետո գնում համակարգային շրջադարձի։

Հայաստանի դեպքում գործընթացը կարծես հակառակ ուղղությամբ է ընթանում՝ նախ հեռանալ գործող համակարգից, ապա փորձել հասկանալ, թե ինչով այն փոխարինել։

Հենց այս պատճառով Փաշինյանի «այլընտրանքի ձևավորման» թեզը բացահայտում է Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր խոցելիությունը։

Մոսկվայի համար էլ խնդիրը հենց այդ անորոշությունն է։ Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը քաղաքական մակարդակում շարժվում է ԵՄ ուղղությամբ, բայց միաժամանակ ցանկանում է պահպանել ԵԱՏՄ տնտեսական հնարավորությունները։ Հետևաբար, Մոսկվան փորձում է արագացնել ընտրության հստակեցումը և հանրաքվեի գաղափարն օգտագործում է որպես այդ գործընթացի քաղաքական գործիք։

«Երրորդ ճանապարհի» պատրանքը

Ավելի վիճահարույց է Փաշինյանի հիշատակած երրորդ տարբերակը՝ «ոչ ԵԱՏՄ, ոչ ԵՄ»։

Տեսականորեն պետությունը կարող է չլինել ոչ ԵՄ-ի, ոչ էլ ԵԱՏՄ-ի անդամ և միաժամանակ չհայտնվել միջազգային մեկուսացման մեջ։ Սակայն նման մոդելը պահանջում է տնտեսական, անվտանգային և արտաքին քաղաքական ինքնաբավության բարձր աստիճան, դիվերսիֆիկացված շուկաներ, արդյունավետ անվտանգության համակարգ և մեծ ինքնուրույնություն արտաքին հարաբերություններում։

Այսօրվա Հայաստանն այդպիսի ռեսուրսներ չունի։

Հետևաբար «ոչ ԵԱՏՄ, ոչ ԵՄ» բանաձևը կարող է գրավիչ հնչել որպես ինքնիշխանության քաղաքական ցուցադրություն, սակայն, առանց համապատասխան տնտեսական և անվտանգային հիմքի, այն կարող է ոչ թե ընդլայնել Հայաստանի ինքնուրույնությունը, այլ հակառակը՝ մեծացնել երկրի խոցելիությունը։

Փոքր պետությունների համար աշխարհաքաղաքական չեզոքությունը նույնպես ռեսուրս է պահանջում։ Երբ այդ ռեսուրսը չկա, չեզոքությունը հեշտությամբ կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության, այլ ռազմավարական միայնության։

Հայ-ռուսական փակուղին

Այս քաղաքականության հետևանքով հայ-ռուսական հարաբերություններն աստիճանաբար հայտնվում են փակուղային տրամաբանության մեջ։

Երևանը խոսում է «այլընտրանքների ձևավորման» մասին և փորձում է հետաձգել վերջնական ընտրությունը, Մոսկվան, ընդհակառակը, պահանջում է ռազմավարական հստակություն և հասկացնել տալիս, որ երկարատև երկիմաստությունը կարող է տնտեսական ու քաղաքական հետևանքներ ունենալ։

Այս իրավիճակում հանրաքվեն վերածվում է հայ-ռուսական հարաբերություններում ուժերի հարաբերակցությունը և Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը հստակեցնելու միջոցի։

Փաշինյանը փորձում է ժամանակ շահել՝ ասելով, որ ընտրության երկրորդ տարբերակը դեռ պետք է ձևավորվի։ Մոսկվան ցանկանում է, որ այդ անորոշությունն ավարտվի՝ Հայաստանը կամ վերահաստատի իր ներկայիս ինտեգրացիոն կարգավիճակը, կամ ստանձնի դրանից հեռանալու հետևանքների պատասխանատվությունը։

Արդյունքում Հայաստանը կանգնում է չափազանց բարդ դիլեմայի առջև. կամ արագացնել եվրոպական ուղղությամբ քայլերը՝ առանց ԵՄ անդամակցության հստակ հեռանկարի և ստանձնելով ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման տնտեսական գինը, կամ շարունակել հետաձգել որոշումը՝ խորացնելով անորոշությունը և մեծացնելով արտաքին ճնշումները։

Սակայն այստեղ կա ավելի հիմնարար հարց։

Ինչպե՞ս Հայաստանը հասավ մի իրավիճակի, երբ գործող ինտեգրացիոն համակարգից հեռացման քաղաքականությունն արդեն ընթացքի մեջ է, իսկ դրա իրական այլընտրանքը, իշխանության իսկ խոստովանությամբ, դեռևս գոյություն չունի։

Հայաստանի խնդիրը, հետևաբար, միայն ընտրության բացակայությունը չէ։ Խնդիրն այն է, որ իշխանությունը սկսել է ապամոնտաժել հին ընտրությունը՝ նախքան նորի ձևավորումը։

Երբ հանրաքվեների օրակարգը ձևավորվում է Հայաստանից դուրս

Այս պատմությունն ունի նաև ավելի լայն քաղաքական ենթատեքստ։

Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը տարիներ շարունակ տարբեր ձևակերպումներով հնչում է Բաքվից։ Այժմ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության վերաբերյալ հանրաքվեի անհրաժեշտության մասին խոսում են նաև Մոսկվայից։

Ստացվում է պարադոքսալ իրավիճակ. իշխանությունը մշտապես խոսում է Հայաստանի ինքնիշխանության աննախադեպ մակարդակի մասին, բայց Հայաստանի ներքին քաղաքական և սահմանադրական կարևորագույն գործընթացների շուրջ օրակարգն ավելի ու ավելի հաճախ ձևակերպվում է Հայաստանի սահմաններից դուրս։

Սա արդեն միայն հայ-ռուսական հարաբերությունների խնդիր չէ։ Սա Հայաստանի արտաքին քաղաքական սուբյեկտության խնդիրն է։

Հանրաքվեն ինքնին կարող է և պետք է լինի ժողովրդի ազատ կամարտահայտության բարձրագույն ժողովրդավարական գործիք։ Բայց երբ դրա թեման, ժամկետը կամ անհրաժեշտությունը դառնում են արտաքին մայրաքաղաքների քաղաքական պահանջների և ճնշումների առարկա, այն սկսում է կորցնել իր բովանդակությունը։

Ուստի այսօր գլխավոր հարցը նույնիսկ այն չէ՝ Հայաստանը ԵՄ-ի՞ն պետք է անդամակցի, մնա՞ ԵԱՏՄ-ում, թե՞ փորձի ընտրել երրորդ ճանապարհը։

Գլխավոր հարցն այն է՝ ո՞վ է ձևավորում Հայաստանի ռազմավարական ընտրությունը և ի՞նչ պայմաններում է այդ ընտրությունը կատարվում։

Եվ եթե Հայաստանի հանրաքվեների օրակարգը գնալով ավելի հաճախ թելադրվում կամ ձևակերպվում է Հայաստանի սահմաններից դուրս, ապա «աննախադեպ ինքնիշխանության» մասին իշխանության հռետորաբանությունն ավելի ու ավելի ակնհայտ հակասության մեջ է մտնում քաղաքական իրականության հետ։

Այս պայմաններում հանրաքվեն այլևս ոչ թե փակուղուց դուրս գալու լուծում է, այլ Փաշինյանի արտաքին քաղաքականության ստեղծած ռազմավարական անորոշության ինստիտուցիոնալ արտահայտությունը։

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ, պատմաբան