Իրանը կոչ է անում դատապարտել Կասպից ծովում ԱՄՆ-ի, Իսրայելի և Ուկրաինայի գործողությունները

Կասպից ծովի օրվա կապակցությամբ իր ուղերձում Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ, Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ-Աբադին ընդգծել է Կասպից ծովի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ Կասպից ծովի ափամերձ պետությունները պետք է բացահայտորեն դատապարտեն Կասպից ծովի անվտանգության նկատմամբ ցանկացած խախտում. հայտնում է IRNA-ն․
«Կասպից ծովի անվտանգության նկատմամբ ցանկացած ոտնձգություն, այդ թվում՝ սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից Անզալի նավահանգստի օբյեկտների վրա 2026 թվականի մարտին իրականացված հրթիռային հարձակումը, ինչպես նաև ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածը իրանական առևտրային նավի վրա, դիտվում են որպես սպառնալիք ամբողջ տարածաշրջանի կայունությանը և ափամերձ պետությունների շահերին», – ասվում է դիվանագետի ուղերձում։
Նրա խոսքով՝ նման գործողությունները «ոչ միայն բացասաբար են անդրադառնում տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա, այլև ընդգծում են Կասպից ծովի ափամերձ պետությունների միջև համերաշխության անհրաժեշտությունը՝ ընդհանուր անվտանգությունը պաշտպանելու գործում»։
«Ակնհայտ է, որ բոլոր կասպյան պետությունները պետք է միանշանակ դատապարտեն նման գործողությունները և ընդգծեն պետությունների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը», – եզրափակել է Իրանի ներկայացուցիչը։
