Երբ նշմարվում է իրապես փոփոխության ուրվագիծ, ապա հարվածները գալու են ամենատարբեր կողմերից՝ ոչ միայն անմիջական իշխանությունից. Հակոբ Բադալյան

Նախօրեի խորհրդարանական իրավիճակը, որ արդեն բավականին հայտնի է, անշուշտ բարդ դրություն է ստեղծել «Ուժեղ Հայաստան» ֆրակցիայի համար։
Բայց, ըստ իս, ստեղծված իրավիճակը բոլորովին ի զորու չէ «սպանել» ֆրակցիան, հետեւաբար՝ նախադրյալ է առավել ուժեղանալու համար։
Այստեղ հարցը, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, բոլորովին շատ կոնկրետ միջադեպը չէ։ Հարցի արժեքը ավելի լայն է։ Իմ գնահատմամբ, Ուժեղ Հայաստանը մեր ներքաղաքական դաշտում ինստիտուցիոնալ վերբեռնման առանցքային նախադրյալ է, ու հենց այդտեղ է նոր ուժի ձեւավորման ու գործունեության մեկնարկի հիմնարար նշանակությունը։ Բնական է, որ մեկնարկը չի լինելու հարթ, ունենալու է վայրիվերումներ, կարող է հայտնվել «փոսերում»։ Բայց էականն այն է, որ բոլորի համար է գրեթե պարզ՝ երիտասարդ ուժն ունի Հայաստանի ներքաղաքական կյանքում թե ինստիտուցիոնալ, թե անգամ մտածողական–մեթոդական վերբեռնման կամ վերակերտման կարեւոր ներուժ։
Իսկ այդ հեռանկարով Հայաստանի ներքաղաքական կյանքում մեղմ ասած բոլորը չէ, որ իրապես հետաքրքրված են ու շահագրգռված։ Մինչ այժմ եղած ստատուս–քվոյի դեմ ոչ բոլոր պայքարողները կամ դժգոհություն հայտնողներն են, որ իրապես դեմ են եւ ուզում են այդ ստատուս–քվոյի փոփոխություն։ Եվ, երբ նշմարվում է իրապես փոփոխության ուրվագիծ, ապա հարվածները գալու են ամենատարբեր կողմերից՝ ոչ միայն անմիջական իշխանությունից։
Ավելին, իշխանության հետ կապված այստեղ կա մի շատ նուրբ հանգամանք, որի մասին ես բազմիցս խոսել եմ նաեւ նախընտրական շրջանում, եւ թերեւս կխոսեմ առաջիկայում։
Այդպիսով, երբ որեւէ ուժ գետնի վրա սկսում է իրավիճակ փոխելու աշխատանք՝ նրան, իհարկե, զանազան մեխանիզմներով եւ հնարքներով փորձելու են թիրախավորել օդից, ջրից ու նույն ցամաքից։ Բայց, հենց այստեղ է, որ քննություն է անցնում հենց այդ կարեւոր ներուժը, ու այն հանձնելու դեպքում դուրս գալիս առավել ուժեղացած։ Պարզապես պետք է մնալ գետնի վրա՝ փոփոխության փիլիսոփայությանը հավատարիմ, շարունակել հետեւողականորեն, չտրվելով ազդեցության ուժգնացող փորձերի։
Ինձ համար սա կարեւոր է, որովհետեւ ես հայաստանյան քաղաքականությունը փորձում եմ դիտել ու չափել «օրվա լրահոսից» փոքր ինչ դուրս, փոքր ինչ լայն։
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան
