Ժո Կորբո. Ֆրանսիական ռեգգիի հայկական ձայնը

ԵՐԵՎԱՆ – Ժո Կորբոն (Ժորժ Օհաննեսյան) ֆրանսահայ երգիչ, երգահան եւ նկարիչ է։ Ծնվել է 1946-ին Մարսելում։ Ծննդավայրի եւ Փարիզի Գեղարվեստի բարձրագույն դպրոցներում ուսանելուց հետո 1971-ին հիմնել է «Ալբերը եւ նրա պոլիորկետիկ փողային նվագախումբը»։ Գրել է առաջին ֆրանսիական ռոք-օպերաներից մեկը՝ «Ռոքերների անեծքը»։ Հանդես է եկել բազմաթիվ փառատոներում, համերգասրահներում, ռադիոյի եւ հեռուստատեսության հաղորդումներում։ 1974-ից որպես նկարազարդող եւ սցենարիստ աշխատակցել է «Ակտյուել» եւ «Ջազ հոթ» ամսագրերին, մասնակցել Հնդկաստանում ու Բալիում նկարահանված «Ճանապարհը» ֆիլմին։ 1978-ից լիովին նվիրվել է ռեգգի երաժշտությանը՝ ստեղծելով մի շարք հայտնի երգեր։ 1982-ին միացել է անտիլյան «Մեն ին դը հիլ» խմբին, որի հետ ձայնագրել է մի շարք ռեգգի ստեղծագործություններ։ Այնուհետեւ ստեղծել է «Ջիբրիլ սաունդ սիստեմ» եւ «Դաբ օլիմպիկ» խմբերը։ 1989-ին գրել է իր առաջին հայերեն երգը՝ «Արեւին ձայնը», որը կատարվել է Հայաստանում երկրաշարժից տուժածներին նվիրված բարեգործական համերգի ժամանակ։ Կորբոն նաեւ բանաստեղծ է, գրում է նաեւ հայկական թեմաներով։
Մեր զրույցը տեղի ունեցավ Երեւանի զբոսայգիներից մեկում, ֆրանսերեն, սակայն զրույցի ընթացքում Ժոն երբեմն խոսքի մեջ ներառում էր նաեւ հայերեն բառեր եւ արտահայտություններ։
– Այսօր հուլիսի 17-ն է, զրուցելու եմ Ժո Կորբոյի հետ։ Բայց ինչո՞ւ Կորբո («Ագռավ»)։
– Դա մի տեսիլք էր, որ ունեցա մտասուզման ժամանակ։ Ագռավն առաջին կենդանին էր, որ Նոյը բաց թողեց տապանից՝ աղավնուց առաջ։ Նա բացեց տապանը, ագռավը թռավ եւ այլեւս չվերադարձավ։ Բայց հիմա ես վերադառնում եմ։ Երկրորդ անգամ։ Առաջին անգամ Հայաստան եկա 2004-ին՝ Մարսելի տարածաշրջանային խորհրդի հրավերով, որպես հայ, պատվիրակության կազմում։ Ներկայացնում էի արվեստագետներին։ Այդ պատվիրակությունը բազմաթիվ օգտակար նախաձեռնություններ իրականացրեց Հայաստանում. հրշեջ ծառայությանը մեծ քանակությամբ սարքավորումներ նվիրեց, աջակցեց զբոսաշրջության զարգացմանը եւ այլ ծրագրերի։ Այս անգամ ամեն ինչ այլ է. զավակներս՝ փեսաս եւ նրա կինը, ինձ նվիրեցին այս ճանապարհորդությունը, որովհետեւ դեկտեմբերին կդառնամ 80 տարեկան։ Սա իմ տարեդարձի նվերն է։
–Նախապես շնորհավորում եմ։ Ժո՛, ինչպե՞ս կբնորոշեք ձեր մասնագիտական գործունեությունն ու ձեր տեղը ֆրանսիական երաժշտության պատմության մեջ։
-Ես այն սերնդից եմ, որ սկսեց ռոք-ն-ռոլից։ Հետո հետաքրքրվեցի բլյուզով, ջազով եւ ժամանակակից այլ երաժշտական ուղղություններով, մինչեւ որ 1977-ին Բոբ Մարլիի շնորհիվ բացահայտեցի ռեգգին։ Ներկա եղա նրա համերգներից մեկին, եւ հենց այդ պահից որոշեցի ինքս էլ զբաղվել այդ երաժշտությամբ։ Ֆրանսիայում առաջիններից էի, որ սկսեցի ռեգգի երգել ֆրանսերեն։ 1977-1980 թթ. ստեղծեցի իմ առաջին խմբերը եւ մասնակցեցի Ֆրանսիայում ռեգգիի շարժման ձեւավորմանը։ Բայց դրանով ամեն ինչ չի սահմանափակվում։ Ես նաեւ սովորել եմ Գեղարվեստի բարձրագույն դպրոցում, աշխատել եմ որպես նկարիչ, ձեւավորող, մամուլի նկարազարդող, պաստառների եւ պատկերապատումների հեղինակ։ Բացի այդ, զբաղվել եմ փողոցային ներկայացումներով եւ փերֆորմանսներով։ Ասեմ, որ ես երգահան-կոմպոզիտոր եմ. չեմ կատարում ուրիշների երգերը, այլ երգում եմ միայն իմ խոսքերով ու երաժշտությամբ գրված երգերը, իսկ գործիքավորումները մշակում ենք երաժիշտների հետ միասին։
–Ձեր անվան հետ է կապվում առաջին ֆրանսիական ռոք-օպերայի ստեղծումը…
-Ճիշտ այդպես։ Ուզում եմ նաեւ իմանաք, թե ի՛նչն էր ոգեշնչել այդ ռոք-օպերան։ Այն մեծ հաջողություն ունեցավ ֆրանսիական երաժշտության պատմության մեջ։
– Այո՛, լեգենդար «Հիսուս Քրիստոս գերաստղից» հետո, այնպես չէ՞։
– Մենք «Ռոքերների անեծքը» ստեղծեցինք 1973-ին եւ առաջինը Ֆրանսիայում պաշտոնապես բեմադրեցինք իսկական ռոք-օպերա։ Ոգեշնչվել էինք իմ պատանեկության սիրելի ռոք-ն-ռոլ երգիչներից ամերիկացի Ջին Վինսենթից ու որոշեցինք նրան եւ առաջին ռոքերների ողջ սերնդին հարգանքի տուրք մատուցել։ Ներկայացումը բավական սյուրռեալիստական էր. բեմում անընդհատ հայտնվում ու անհետանում էին կերպարներ, տարբեր տարրեր էին միախառնվում։ Համանուն ալբոմն էլ լույս տեսավ 1973-ին եւ մեծ հաջողություն բերեց մեզ։ Համերգներով հանդես եկանք հեղինակավոր բեմերում, այդ թվում՝ Փարիզի «Բոբինո» թատրոնում։ Շատ գեղեցիկ ժամանակաշրջան էր։
–Այժմ խոսենք ձեր հայերեն երգի մասին։ Կարծում եմ՝ առաջին անգամ էր, երբ Ֆրանսիայում ծնված մի հայ երգ գրեց հայոց լեզվով, այդպե՞ս է՞։
-Կարծում եմ՝ այո՛, գոնե ժամանակագրորեն։ Առավել եւս՝ որ այն բոլորովին նման չէր հայ ավանդական երաժշտությանը, քանի որ ռեգգի էր, որը լիովին այլ ռիթմ ունի։ Ինձ ոգեշնչել են ճամայկացի մեծ երաժիշտները՝ Բոբ Մարլին, Փիթեր Թոշը, Ջիմի Քլիֆը եւ այլք։ Եվրոպա այդ մշակույթը հասավ ավելի ուշ եւ սկզբում տարածվեց հիմնականում աֆրո-կարիբյան համայնքներում։ Ես այդ երաժշտությունը միավորեցի իմ սեփական մշակույթին։ Երգը կոչվում է «Արեւին ձայնը»։ Մի օր ինքս ինձ ասացի, որ անպայման պետք է հայերեն երգ գրեմ։ Բայց դրա համար պետք է ոգեշնչվեի Հայաստանից եկող ինչ-որ բանով։ Ամբողջ գիշեր լսում էի տանը եղած հայկական ձայնապնակները՝ շարականներ, պատարագ, աշուղական երաժշտություն, զուռնայի նվագ… Լսեցի մինչեւ լուսաբաց։ Երբ արեւը ծագեց ու լուսավորեց սենյակս, երգը հանկարծ ինքնին ծնվեց։ Զարմանալի էր, որովհետեւ իրականում ես շատ վատ եմ խոսում հայերեն։ Բայց տեղի ունեցավ մի բան, որ կարող եմ միայն միստիկական անվանել։ Երբ տեսա արեւը, անմիջապես մտածեցի Ջահի մասին։ Ռաստաֆարի շարժման մեջ, որը ես ավելի շուտ փիլիսոփայություն եմ համարում, քան կրոն, Ջահ նշանակում է Աստված։ Ռաստաֆարի շարժումը ծնվել է Ճամայկայում՝ Եթովպիայի կայսր Հայլե Սելասիե Առաջինի ազդեցությամբ։ Գիտեք, որ Եթովպիան աշխարհի ամենահին քրիստոնյա պետություններից մեկն է՝ Հայաստանից հետո։ Հայլե Սելասիեի թագադրության ժամանակ նրան շնորհվեցին «Արքայից արքա», «Տերերի Տեր» եւ «Հուդայի ցեղի հաղթական Առյուծ» տիտղոսները։
Ռաստաֆարիներն այդ ամենը կապեցին «Հայտնության» գրքի հետ, որտեղ Քրիստոսը նույնպես ներկայացվում է որպես Արքայից արքա եւ Տերերի Տեր։ Այդպես ձեւավորվեց նրանց հավատը, եւ Աստծուն նրանք կոչեցին Ջահ։ Իսկ հետո բառերը սկսեցին ինքնաբերաբար հոսել։ Գրեթե չէի մտածում, պարզապես գրում էի. «Սովորեցի անգլերեն՝ հասկացա լեռների լեզուն, սովորեցի լատիներեն՝ տեսա ամբողջ աշխարհը, պատերազմ կար Լեհաստանում՝ եկա Արմագեդոնից, վտանգավոր օր էր…»։ Այդ ամենը կարծես գալիս էր ինձնից վեր կանգնած ինչ-որ ներշնչանքից։

–Հետաքրքրական է… Այժմ մի փոքր պատմե՛ք ձեր ընտանիքի մասին։
-Հորս անունը Տիգրան է, մորս՝ Հայկուհի։ Հորս՝ Հովհաննիսյանների ընտանիքը Օրդուից էր՝ Սեւ ծովի ափից, Պոնտոսից։ Մայրս, ծնյալ Չաքըրյան, բոլորովին այլ վայրից էր՝ Կյուրինից, Սեբաստիայի շրջանից։ Ցեղասպանության ժամանակ իմ բոլոր պապերն ու տատերը սպանվել են։ Հորս գերդաստանից միայն ինքն է կարողացել փրկվել։ Ամբողջ ընտանիքը ձերբակալվել է, իսկ նա՝ 14-15 տարեկան պատանի, միայնակ կարողացել է փախչել։ Հասել է Կոստանդնուպոլիս, ապա ֆրանսիական հյուպատոսության տրամադրած փաստաթղթերով մեկնել է Մարսել, հազարավոր այլ հայերի պես։
Մորս ընտանիքը խոշոր մետաքսագործարանի տեր է եղել, պատրաստել են մետաքսե մեծ գլխաշորեր։ Թուրքերը նրանց ամբողջովին կողոպտել են։ Պապիս սպանությունից հետո տատս մորս եւ նրա փոքր եղբոր՝ Հակոբի հետ տարագրվել է սիրիական անապատ, որտեղ էլ մահացել է։ Մայրս սեփական ձեռքերով է նրան թաղել անապատում։ Մայրս եւ եղբայրը հասել են Հալեպ, ապա տեղափոխվել են Դամասկոսի որբանոց, իսկ հետո՝ Երուսաղեմ։ Այնտեղից էլ մայրս վերջապես կարողացել է մեկնել Ֆրանսիա եւ հասնել Մարսել։
Ծնողներս Հայաստանի երկու բոլորովին տարբեր պատմական շրջաններից էին։ Եթե ցեղասպանությունը չլիներ, նրանք երբեք չէին հանդիպի, ու ես էլ չէի ծնվի։ Մի քանի տարի անց նրանք ծանոթացել են Մարսելում եւ ամուսնացել։ Նախ ծնվել է Օննիկ եղբայրս եւ Փարիզեթ քույրս։ Ես աշխարհ եկա շատ ավելի ուշ. եղբայրս արդեն 18, իսկ քույրս՝ 15 տարեկան էին։ Կարելի է ասել՝ մի փոքր «անակնկալ» երեխա էի, բայց, ինչպես ասում են, այդպես էր Աստծո կամքը։ Ծնվել ու մեծացել եմ Մարսելում՝ բավական փակ հայ միջավայրում, որտեղ ընտանիքները հիմնականում շփվում էին նույն գավառից եկած կամ վաղուց միմյանց ճանաչող մարդկանց հետ։
–Եվ որտեղ պահպանվում էին հայկական ավանդույթները…
-Այո՛, հատկապես Զատիկին։ Կարմիր ձվեր էինք ներկում, ինչը շատ էի սիրում։ Նաեւ եկեղեցի էինք գնում։ Բայց ես շատ փոքր էի, ընդամենը հինգ տարեկան, երբ կորցրի մորս։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ աստիճանաբար մոռացա հայերենը։ Մինչեւ հինգ տարեկանը նույնիսկ ֆրանսերեն չէի խոսում, միայն հայերեն։ Երբ Մարսելի այգիներում խաղում էի մյուս երեխաների հետ, վերադառնում էի տուն ու մորս ասում. «Ես նրանց հետ խոսում եմ, բայց ինձ չեն պատասխանում»։ Չէի հասկանում, որ նրանց հետ հայերեն էի խոսում, իսկ նրանք ֆրանսիացիներ էին։
Մորս մահից հետո ինձ խնամեց քույրս։ Նա ինքն էլ դեռ շատ երիտասարդ էր։ Խնամեց հորս, եղբորս, հետո ամուսնացավ։ Իսկ ես կամաց-կամաց մերվեցի ֆրանսիական հասարակությանը։ Հայրս առանձնապես կապված չէր հայկական կուսակցությունների եւ կազմակերպությունների հետ։ Եկեղեցի գնում էինք միայն Սուրբ Ծնունդին եւ Զատիկին։ Իհարկե, շարունակում էի տեսնել մեր ազգականներին։ Բայց, եթե անկեղծ լինեմ, մանկության տարիներին չէի սիրում այդ ընտանեկան հավաքները, որովհետեւ դրանք միշտ տխուր էին։ Անընդհատ խոսում էին ցեղասպանության եւ իրենց կորուստների մասին։ Երեխայի համար դա ուրախ մթնոլորտ չէր։ Երեւի հենց դրա համար էլ շատ արագ մերվեցի ֆրանսիական հասարակությանը։
– Մենք հաճախ ասում ենք, որ հայերը մի մեծ ընտանիք են։ Գիտեմ, որ դուք ազգակցական կապ ունեիք գրող Զարեհ Որբունու հետ։
-Նա իմ հորաքրոջ որդին էր։ Ես շատ լավ ճանաչում էի Զարեհին։ Ազգանունն Օքսուզյան էր։ Նա Մարսելում ապրում էր իր եղբայր Լորանի (Նուրհան) եւ քույր Մելանուշի հետ։ Հաճախ էինք հանդիպում, հատկապես Ծննդյան օրերին։ Բայց Զարեհը շատ երիտասարդ հասակում տեղափոխվեց Փարիզ։ Ընտանիքում նրան մի փոքր տարօրինակ մարդ էին համարում։ Նրա եղբայրը, ընդհակառակը, գործարար էր, կահույքի արտադրության ձեռնարկություն ուներ։ Ես հաճախ էի հանդիպում Զարեհին, բայց այն ժամանակ նույնիսկ չգիտեի, որ նա գրող է։ Այդ մասին իմացա միայն ավելի ուշ, երբ շուրջ քսան տարեկանում մեկնեցի Փարիզ՝ ուսումս շարունակելու։ Նա եւ կինը՝ էլզասցի Լիլին, մեծ սիրով ինձ հյուրընկալեցին իրենց տանը։ Երկուսն էլ բացառիկ մարդիկ էին։ Զարեհը Ֆրանսիայում բացել էր առաջին մակրոբիոտիկ ռեստորանը։ Նա ճապոնացի մտածող Ժորժ Օսավայի հետեւորդն էր, որի սննդակարգի փիլիսոփայությունը հիմնված էր հիմնականում հացահատիկի եւ բուսակերության վրա։ Նրա ռեստորանը գտնվում էր Սեն Ժերմեն-դե-Պրե թաղամասում։ Նրանք ինձ ընդունեցին, եւ հենց այդ ժամանակ էլ ես նրանց իսկապես ճանաչեցի։ Երկուսն էլ խոր հոգեւոր որոնումների մեջ էին, իսկ կյանքի վերջում հարում էին բահայական հավատքին։ Ես Զարեհին հանդիպել եմ մինչեւ նրա կյանքի վերջին օրերը։ Բացառիկ բարի մարդ էր։ Բայց քանի որ գրում էր միայն հայերեն, ես երկար ժամանակ չգիտեի, թե ինչ էր ստեղծագործում։ Միայն վերջերս, Հուրի Վարժապետյանի ֆրանսերեն թարգմանությունների շնորհիվ, բացահայտեցի նրա գրական աշխարհը եւ հասկացա, թե որք՜ան ժամանակակից մտածող էր նա։ Ավելի ուշ նաեւ իմացա, որ Հայաստանում նա շատ հայտնի է։ Առաջին այցելության ժամանակ անցանք մի քաղաքի միջով, որտեղ մի դպրոց կրում էր նրա անունը։ Չեմ հիշում, թե ո՛ր քաղաքում էր, բայց դա ինձ մեծ հպարտություն պատճառեց։
–Իսկ հայկական ավանդույթներն ու ոգին ինչպե՞ս վերադարձան ձեր կյանք։
-Դա տեղի ունեցավ շատ ավելի ուշ։ Կարծում եմ՝ ամեն ինչ սկսվեց Փարաջանովի դատավարության ժամանակ։ Ֆրանսիայում նրա պաշտպանության համար մեծ շարժում էր սկսվել՝ ցույցեր, տարբեր նախաձեռնություններ։ Ես միացա այդ շարժմանը, որովհետեւ տեսել էի նրա ֆիլմերը, որոնք, որպես արվեստագետի, խորապես հուզել էին ինձ։ Հատկապես «Նռան գույնը» ֆիլմը։ Հենց այդ ժամանակ սկսեցի ճանաչել մեծ աշուղ Սայաթ-Նովային եւ շատ ավելի լրջորեն հետաքրքրվել հայ մշակույթով։
Այդ տարիներին կար նաեւ մի հրաշալի խումբ՝ «Զարթոնք» անունով, որը հայկական փոփ երաժշտություն էր կատարում, դա ինձ չափազանց հետաքրքրական էր թվում։ Այդպես աստիճանաբար նորից մոտեցա իմ մշակութային արմատներին։ Այդ գործում մեծ դեր ունեցավ նաեւ քույրս։ Նա ինձնից շատ ավելի էր կապված հայությանը։ Սովորել էր կարդալ-գրել հայերեն, հաճախում էր համալսարանական դասընթացների։ Ամեն անգամ, երբ գնում էի նրա մոտ, նա համառորեն ինձ հետ միայն հայերեն էր խոսում, որպեսզի օգներ, որ լեզուն վերագտնեի։ Այդպես կամաց-կամաց նորից սկսեցի հասկանալ հայերենը։
–Իսկ այդ հայկական ոգին փոխանցե՞լ եք ձեր զավակներին։
-Իհա՛րկե։ Կինս մոր կողմից մարոկկացի է, հոր կողմից՝ սենեգալցի։ Նա առանձնապես հավատացյալ չէ, բայց շատ հոգեւոր մարդ է։ Երկուսս էլ ունենք շատ համամարդկային ընկալում հոգեւոր կյանքի մասին։ Աղջիկներս հայերեն չեն խոսում, միայն մի քանի բառ։ Սակայն ճակատագիրն այնպես տնօրինեց, որ երկու փեսաներս էլ հայ են։ Ես այդ ուղղությամբ ոչինչ չէի արել։ Աղջիկներս երբեք հայկական դպրոց չեն հաճախել եւ գրեթե չեն մասնակցել համայնքային կյանքին։ Կրտսեր աղջիկս՝ Օռնելան, մի ժամանակ չորեքշաբթի օրերին գնում էր հայ եկեղեցու դասընթացներին՝ լեզուն սովորելու, բայց շուտով ամբողջովին տարվեց ձիավարությամբ եւ դադարեց հաճախել։
Մի օր ավագս՝ Անաստասիան, ասաց. «Ուզում եմ քեզ ծանոթացնել իմ ընկերոջ հետ»։ Դա Միսաքն էր, հրաշալի մի երիտասարդ։ Հետո Անաստասիայի ծննդյան օրը Միսաքը հրավիրեց իր ընկերներին, որոնց մեջ էր Մաքսիմը։ Այսօր նա իմ թոռնիկ Բիլիի հայրն է։ Իսկ Միսաքն ու Անաստասիան ունեն փոքրիկ որդի՝ Երազ անունով։ Ամենահետաքրքիրն այն է, որ մեր ընտանիքների միջեւ կապը շատ հին է։ Մաքսիմի պապը՝ Ղազարյան ընտանիքից, երիտասարդ տարիներին եղբորս՝ Օննիկի, ամենամոտ ընկերն էր, իսկ մեծ մորաքույրն` իմ քրոջ շատ մտերիմ ընկերուհին։
–Եվ ինչպե՞ս էր հայաստանյան ձեր երկրորդ ուղեւորությունը։
-Բախտս բերեց՝ ունենալով Միսաքի պես հրաշալի ուղեկից, որն ամեն ինչ մանրամասն կազմակերպել էր։ Մենք մեքենա վարձեցինք, եւ նա վարեց գրեթե 1200 կիլոմետր։ Նրա շնորհիվ բացահայտեցինք իսկապես կախարդական վայրեր։
Այցելությունս Մատենադարան ինձ խորապես հիացրեց եւ հուզեց։ Այնքան գեղեցիկ էր… Այդ պահից սկսեցի ավելի մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել հայկական մշակույթը։ Անսահման տպավորվեցի հայկական վանքերի գեղեցկությամբ՝ Էջմիածնում, Տաթեւում… Այցելեցինք նաեւ մի վայր, որը վաղուց էի երազում։ Պարզապես հմայվեցի Քարահունջով. այդ հնագույն վայրը համամարդկային նշանակություն ունեցող հուշարձան է։ Այն ինձ հիշեցնում է Անգլիայի Սթոունհենջը կամ Բրետանի Կառնակի մեգալիթյան համալիրները։ Աշխարհի տարբեր ծայրերում կան նման հնագույն մեգալիթյան վայրեր, որոնք միշտ խորին հուզմունք են պատճառում ինձ։
Եվ վերջապես, ամենից շատ ինձ զարմացրեց Հայաստանի բնության անհավանական բազմազանությունը՝ խոր կիրճերը, լեռները, ժայռերը, որոնք երբեմն բնական քանդակների են նմանվում։ Հենց այստեղ ես իսկապես հասկացա հայկական հայտնի ասույթի իմաստը՝ «Մենք ենք, մեր սարերը»…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
