«Կյանքն ինձ համար երկու երես ունի. հեռավորություն եւ վերադարձ…»

Զրույց ամերիկահայ բանաստեղծ, ԱՄՆ Հայ գրողների միության անդամ Արմեն Փաշայանի հետ
– Երբ գրում եք, ո՞ր երկրում եք լինում՝ իրական հայրենիքո՞ւմ, թե՞ հիշողության հայրենիքում։
– Իհարկե, հիշողության, քանի որ հուշերիս հետքերն եմ դրոշմում տողերիս, կյանքից ստացած տպավորությունները։ Հայրենիքից դուրս կարոտն ավելի է թանձրացնում ասելիքներս, կարեւորել տալիս ամեն մանրուք։ Իմ բանաստեղծական աշխարհում ես եմ՝ որպես խենթ պոետ, եւ ասում եմ՝ թո՛ղ մուսաները գան ու մնան ու փարվեն ինձ։ Շատ կարեւոր է ներշնչանքը…
– Շարունակեմ ձեր ասելիքը, նույն բանաստեղծության մեջ, որ կոչվում է «Ես կմնամ մենակ», ասում եք, որ հողմերի տված ցրտից «ես կդողամ ու դրանից պտուղներս կքաղցրանան»։ Գեղեցիկ է ասված։ Էլ ո՛ր տողը կհիշեիք ձեր բանաստեղծություններից։
-Հիմա հանկարծ հիշեցի «Թիթեռը»։ Նա՝ թիթեռը, սավառնում է օդում՝ գույնզգույն հանդերձանքով եւ տենչալով սիրածին՝ իր պարն է պարում։ Բայց նա մեկ օր ունի, ընդամենը։ Եվ պոետն ուզում է մեկ օրով էլ երկարացնել նրա կյանքը՝ ասելով՝ «իմ կյանքից գոնե մի օր ես թիթեռին տայի»…
–Շատ տպավորիչ էր, իրոք։ Հետաքրքրական, թատրոնին նմանվող տեսարաններ ունեն «Վարագույրի մենախոսությունը», «Առակ», «Օտարություն», «Փողոցի անկյունի սրճարանում», «Ձեռքդ տուր», «Մի պտույտ է, ուրիշ ոչինչ» բանաստեղծությունները։ Իսկ ի՞նչն է հատկապես ոգեւորում բանաստեղծին։
-Իհարկե` սերը։ Առանց սիրո մոլորակը չի կարող պտտվել։ Սերն է ստիպում նկատել ամեն ինչ, ստեղծագործել, սպասել հաջորդ օրվան։ Սերը՝ անձնական, Հայրենիքի, ընտանիքի հանդեպ, բնությունը եւս կենտրոնացնում եւ հիացնում է իր բազմազանությամբ։ Ինձ համար ամեն ինչ է հետաքրքրական եւ կարեւոր՝ տերեւը, կանաչը, ամպը, կենդանին, քամին, ծառն ու բարը։ Եվ մարդկային հարաբերությունները, մենությունը, թախիծը, կարոտը։ Այս բոլորը խմորվում են իմ մեջ եւ արձագանքվում տողերումս։
–Ձեր բանաստեղծությունը՝ «Շառլ Ազնավուրին», երգ դարձավ։ Անդրադառնանք բովանդակաթյանը։ Հայազգի մեծ երգիչը երգել է ֆրանսերեն, բայց հոգին հայի էր, ինչպես Սարոյանի դեպքում։ Այստեղ ասում եք՝ ամեն տեղ Հայաստան է, երբ Շառլն է երգում։ Ինչպե՞ս ծվեցին արդեն հայտնի երգի տողերը։
-Միշտ սիրել եմ Շառլին, լսել նրա երգը, եւ ամեն լսելիս զարմացել եմ նրա ասելիքի խորությունից, հոգու հսկա տարածքից, որն ինձ ազնվացրել է, մոռացնել տվել տխրությունս, արթնացրել հուշերս, հեռացրել անախորժը։ Այդ զգացումներից է ծնվել բանաստեղծությունը։ Եվ ինձ թվացել է՝ նա որտեղ էլ երգի, աշխարհի որ մասում էլ, այդտեղ կթեւածի հայկականը, կբացվի լույսը, կճախրի սերը։ Եվ պատահական չէ, որ հենց դա երգ դարձավ։
–Հինգ բանաստեղծական ժողովածու ունեք՝ գրված տարբեր տարիներին։ Վերջինը՝ «Փողոցի անկյունի սրճարանում», թարգմանական է, տեղ են գտել անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, ֆրանսերեն եւ չինարեն թարգմանություններ։ Ի՞նչ է տալիս թարգմանությունը բանաստեղծին։
-Առաջին հերթին` հաճույք, երբ լսում ես քո տողը այլ լեզվով, այն նոր մեղեդային հագուստ է ստանում, նաեւ հասկանալի դառնում օտարին։ Ես ապրում եմ ԱՄՆ-ում, այնտեղ շատերն են ծանոթացել իմ գործերին, հավանության արժանացրել մտքերս, ասելիքներս։ Մի՞թե քիչ է դա, երբ դու ընկալելի ես դառնում այլազգի գրչընկերոջդ, հետո տեղի են ունենում քննարկումներ, զրույցներ, որն օգտակար է կարծիքներ լսելու առումով։
–Այսօր, երբ աշխարհում տարբեր վայրերում են ապրում հայերը, ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել հայ բանաստեղծ։
-Լավ հարց է։ Դա իմ ինքնությունն է։ Իմ արմատները Մուսալեռից են։ Ես գրել եմ տողեր այդ մասին. «Իմ տոհմի կանչը հեռվից է գալիս, Անտիոքի հեռու ճամփեքի պես, Ու զանգակատան զանգից է գալիս, Հավատով լեցուն ժողովրդի պես»։ Ինձ համար առաջինը մաշտոցյան հայերենն է, այսինքն՝ լեզուն եւ մեր Հայաստանը, որը մեր օրրանն է, մեր հոգին, որը պիտի խնամենք, պաշտենք ու պաշտպանենք։
Զրույցը վարեց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆԸ
