Ֆրանսիական թերթերը պահանջում են, որ Google- ը վճարի իրենց

Ֆրանսիայում տպագրվող մոտ 300 թերթ համատեղ բողոք է ներկայացրել երկրի մրցակցային մարմնին՝ Google ինտերնետային կոնցեռնի ԱԲ (արհեստական բանականության)այն գործառույթի վերաբերյալ, որը, լրատվամիջոցների կարծիքով, իրենց համար անբարենպաստ վիճակ է ստեղծում: Նշված գործառույթը նորություններն ու տեղեկատվությունը ցուցադրում է արհեստական բանականության կազմած ամփոփագրում, որը մասամբ հիմնված է թերթերի մատուցած լրատվության վրա: Օգոստոսի 12-ին վերոհիշյալի մասին ծանուցեց «Դոյչլանդֆունկը»՝ իրազեկելով հրատարակիչների պահանջի մասին՝ Google պետք է վճարի թերթերին: Ավելին՝ բողոքին միացած ֆրանսիական թերթերը պնդում են, որ ԱԲ-ի ամփոփագրերի ի հայտ գալուց հետո իրենց առցանց ընթերցողների թիվը զգալի նվազել է:
Google -ը հուլիսի վերջին Ֆրանսիայում թողարկեց իր նոր AI Overview գործառույթը: Այն հայտնվում է Google-ի որոնումներում սովորական հղումներից վերեւ՝ ամփոփելով տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները: Թեեւ այդ աղբյուրները, որ հաճախ լրատվական կայքեր են, ցուցադրվում են, սակայն թերթերի հրատարակիչներն ու խմբագիրները կասկածում են՝ որեւէ մեկը կսեղմի՞ հղման վրա, կկարդա՞ հոդվածները:
Թերթերի Apig ընկերակցությունը հայտնում է, որ Google- ը խախտում է 2022 թվականին կնքված համաձայնագիրը: Այդ ժամանակ երկար բանակցություններից հետո ֆրանսիական մամուլը եւ ամերիկյան կորպորացիան համաձայնության եկան բովանդակության օգտագործման, փոխահատուցման հարցում: Համաձայնագիրն անցյալ տարի վերակնքվեց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի մրցակցային մարմինը Google-ին խախտումների համար տուգանեց 250 միլիոն եվրո:
Google-ը Գերմանիայում էլ նմանատիպ գործառույթ ունի: Կան հստակ տվյալներ, որ ցույց են տալիս, թե ԱԲ կազմած ամփոփագրերի ներդրումից ի վեր գերմաներեն լեզվով լրատվական կայքերի այցելուների թիվը զգալի նվազել է: «Դոյչլանդֆունկի» այս տեղեկությունն առիթ տվեց մտածել՝ իսկ Հայաստանում շատե՞րն են օգտվում ԱԲ -ի կազմած ամփոփագրերից, թե՞ վստահում են իրենց սիրելի առցանց կայքերին, լրատվությունը քաղում են նախընտրելի թերթերից: Սա կփորձենք պարզել առաջիկայում:
Իսկ մինչ պարզելը, հարց ուղղեցինք ԱԲ-ին՝ ԱԲ-ն օգնու՞մ, թե՞ խանգարում է հայաստանյան լրատվամիջոցներին: Այսպես է պատասխանում՝ «ԱԲ-ն Հայաստանի տպագիր եւ առցանց թերթերին ուղղակիորեն չի խանգարում, այլ ստեղծում է նոր մարտահրավերներ եւ հնարավորություններ: Լրատվամիջոցները փորձում են այն օգտագործել աշխատանքը հեշտացնելու համար, սակայն բախվում են տեխնիկական եւ որակական խնդիրների: Արհեստական բանականության գործիքները հաճախ սխալ են հասկանում եւ գրում հայերեն, ավտոմատ թարգմանված կամ գրված նյութերը կարող են սխալ փաստեր պարունակել: Տեղական շատ խմբագրություններ միջոցներ չունեն ԱԲ նոր համակարգեր գնելու համար: Օգտակարն այն է, որ օգնում է արագ հավաքել տեղեկությունները, ուղղել տեքստերը, հեշտացնում է լուրերի թարգմանությունը»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
