Նոր գումարման ԱԺ-ում շարունակելու ենք խոսել արցախցիների անվտանգ վերադարձի իրավունքի մասին. Քոչարյան

Մեր որոշման մասին տեղյակ կպահենք ՝ ինչպես ենք մասնակցելու։ Չեմ կարծում, որ տարբերվելու է նախկին որոշումներից, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Վահագն Ալեքսանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու գործընթացին։
«Ես չեմ կարծում, որ նրա ընտրությունը կարող է լավ անդրադառնալ։ Մարդուն կոնրետ հարց եմ տալիս, ասում եմ՝ սուտ բան ես ասել, ինչի՞ ես ասել, հակադարձում է՝ դե բոլորն են ասում։ Մի հատ էլ քմծիծաղ է տալիս, զոռբայությամբ առաջ տանում»,- ասաց պատգամավորը։
Լևոն Քոչարյանը միաժամանակ հույս հայտնեց, որ իններորդ գումարման ԱԺ-ում միմյանց ուղղությամբ շիշ նետելու և ծեծկռտուքի դրվագներ չեն գրանցվի։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է խորհրդարանական ընդդիմությունը նոր գումարման ԱԺ-ում արծարծելու Արցախի խնդիրը, ինչին ի պատասխան՝ Լևոն Քոչարյանը նկատեց.
«Մենք մեր նախընտրական ծրագրում Արցախի հետ կապված մոտեցումներն ասել ենք։ Առաջին հերթին դա արցախցիների անվտանգ վերադարձի իրավունքն է։ Խոսքն արդարացի իրավունքի մասին է, որ բռնի տեղահանված արցախցիներն ունենան վերադարձի իրավունք։ Երկրորդն արցախցիների սոցիալական հարցերն են, որոնք շարունակելու են բարձրաձայնել»։
Վերջում Լևոն Քոչարյանը նաև համոզմունք հայտնեց, որ իրենց խմբակցությունից որևէ մեկը Սահմանադրության փոփոխության նախագծի քվեարկության ժամանակ ՔՊ-ի կողմը չի անցնի։
