Ուզում ենք հավատալ, որ ԻԻՀ դեսպանը հետամուտ է լինելու Գագիկ Ծառուկյանի շուրջ գործընթացի բացահայտմանը. Տոնոյան

ԲՀԿ ներկայացուցիչների այցն այս վայր կրում է գործնական և խորհրդանշական նշանակություն, Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց ակցիայի ժամանակ հհայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի հարցով նամակներ է ուղարկել Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին, Հայաստանում առաքելություն իրականացնող դեսպաններին, ինչպես նաև միջազգային կառույցներին։
«Մենք այդ բոլոր անձանց ուշադրությունը հրավիրել ենք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի գործընթացի վրա։ Դիվանագետների ուշադրությունը հրավիրել ենք այն բանի վրա, որ տեղի է ունենում մարդու իրավունքների, ժողովրդավարական նորմերի կոպտագույն խախտում, և միջազգային ու դիվանագիտական կառույցները պետք է իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահեն այս հարցը»,- ասաց նա։
Խոսելով այն մասին, թե ինչու են ակցիա իրականացվում Իրանի դեսպանատան առջև, Իվետա Տոնոյանն ասաց.
«Ցանկանում ենք պարոն դեսպանին անձամբ փոխանցել նամակը, որում նկարագրված է այն ամբողջ իրավական «բեսպրեդելը», որը սանձազերծվել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Մեր համար անընդունելի է, որ ԻԻՀ երկու քաղաքացիների, խարդախների, խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունները։ Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել հայ-իրանական տնտեսական, մշակութային, առևտրային, քաղաքական կապերի ամրապնդման դիրքերից և արել է առավելագույնը երկու երկրների միջև այդ կապերը զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ։
Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ սա բացարձակ անհիմն, սուտ և հորինված մեղադրանք է, որի հիման վրա կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը, բայց ցավոք, այդ ամենի հեղինակները Իրանի քաղաքացիներն են։ Բայց այն մարդիկ ովքեր իջեցրել են այս պատվերը՝ ԻԻՀ քաղաքացիներին օգտագործելով Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և հետագայում կալանավորելու համար, վստահաբար, սա նաև որոշակի շարժառիթներ ունի, և որոշակի անձինք կամ երևույթներ են կանգնած սրա հետևում, որոնք հստակ նպատակ են ունեցել՝ վատթարացնելու հայ-իրանական հարաբերությունները սեպ խրելու այդ դարավոր բարեկամության մեջ, ինչպես նաև Հայատանում գեներացնել հակաիրանական տրամադրություններ։ Սա առաջին հերթին պետք է թույլ չտան Իրանի իշխանությունները։ Մենք ուզում ենք հավատալ, որ ԻԻՀ դեսպանը հետամուտ է լինելու այս գործընթացի բացահայտմանը»,- ասաց Տոնոյանը։
