Սա բացարձակ զրպարտություն է, և չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակով խոսակցություններ անել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով քանդակագործ Վիգեն Ավետիսի հնչեցրած այն հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանը քանդակագործներից մեկին գցել է առյուծի վանդակը։
Նա նշեց, որ Վիգեն Ավետիսի հայտարարությունն աղերս չունի իրականության հետ, և Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը զրպարտության հիմքով դիմելու է դատարան։
Ըստ Իվետա Տոնոյանի՝ Վիգեն Ավետիսի հայտարարությունները վառ ու բորբոքված երևակայության արդյունք են և որևէ աղերս չունեն իրականության հետ։
«Մենք նրան պատասխանատվության ենք ենթարկելու այդ հայտարարությունների համար։ Ինչպես գիտեք՝ ընդամենը երեք տարի առաջ նույն Վիգեն Ավետիսը մեծ ջերմեռանդությամբ, Ծառուկյանի հանդեպ մեծ ակնածանքով մասնակցում էր Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթին՝ ներկայացնելով իր նախագիծը։ Եթե այսօր խոսում է ինչ-որ հորինված քանդակագործի մասին, ապա դա բացառապես իր բորբոքված երևակայության արդյունքն է»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ նման հիվանդագին երևակայություն ունեցող մարդկանց եթեր տրամադրելն արդեն խոսում է իշխանությունների մեջ եղած ոչ առողջ տրամաբանության և մթնոլորտի մասին։
ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձավ նաև «Առինջ մոլ»-ում իրականացված քննչական գործողություններին՝ նշելով, որ կապարակնքվել են 10-15 տաղավարներ, որոնք, ըստ տեղում ներկայացված պարզաբանման, գործել են բարձր լարման հոսանքալարերի տակ։
«Բայց գլոբալ առումով մոլի գործունեությունը կասեցված չէ, քանի որ հարյուրավոր այլ տաղավարներ են գործում։
Իվետա Տոնոյանը միաժամանակ նշեց, որ «Մուլտիգրուպ» կոնցեռնի կազմում գործող մի շարք ընկերություններ շարունակում են չգործել, աշխատակիցները հարկադիր պարապուրդում են, իսկ «Նոյ» կոնյակիգործարանում արդեն չորս օր է՝ գույքագրում է իրականացվում։
Նա զգուշացրեց, որ եթե ձեռնարկությունները չվերագործարկվեն, կարող են առաջանալ լուրջ տնտեսական խնդիրներ, մասնավորապես՝ խաղողի մթերման գործընթացում, քանի որ գործարանը պայմանագրեր ունի Արմավիրի և Արարատի մարզերի հազարավոր խաղողագործների հետ։
Անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման գործընթացին՝ Տոնոյանը նշեց, որ շինարարությունը շարունակվում է, կամավորների հոսքը վերջին օրերին նույնիսկ աճել է, սակայն առաջիկայում հնարավոր են խնդիրներ, քանի որ արձանի կառուցման համար անհրաժեշտ սալիկներ մատակարարող «Մուլտիսթոն» ընկերությունը ևս դադարեցրել է գործունեությունը։
Տոնոյանը, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը և «Մուլտիգրուպ»-ի ընկերությունների գործունեության կասեցումը սկզբնական շրջանում ծանր ազդեցություն են ունեցել թիմի վրա, սակայն կուսակցությունը շարունակում է գործել միասնական։









