Ոչ թե անհաջող գործարք էր, այլ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար մեծ քայլ էր, որի հետ կապված բոլոր ներդրումները կատարվել են պարոն Ծառուկյանի կողմից, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը՝ անդրադառնալով իրանցի գործարարների հետ կապված գործարքին:
«Մի քիչ դժվարանում եմ այդ անձանց անվանել իրանցի գործարարներ, որովհետև, ըստ էության, իրականությունը բացահայտվել է, և այն լրիվ այլ է։
Մարդիկ այս պահին պարտք են պարոն Ծառուկյանին 14,5 միլիոն դոլար, բայց իրենք ներկայացնում են լրիվ այլ իրականություն, որը քննության ընթացքում պարտադիր պետք է հերքվի, մեր կողմից ներկայացված փաստաթղթերը պետք է քննության առարկա դառնան՝ ինչքան էլ այս պահին միակողմանի քննություն է ընթանում»,- ասաց Խաչատրյանը։
Ըստ փաստաբանի՝ իրանցիները հաստատեն, թե չհաստատեն, իրենք ներկայացրել են փաստաթղթեր, որտեղ հստակ երևում է՝ Իրանի քաղաքացիները ստորագրել են պարտավորագիր, որը հիմնավորում է, որ 14,5 միլիոն դոլար պարտք են եղել Գագիկ Ծառուկյանին, ինչպես նաև պարտավորված են եղել վերդարձնել պարտքը 2 տարվա ընթացքում։
«Այդ երկու տարվա ընթացքն ավարտվում էր հենց այս պահին, և մենք համոզմունք ունենք, որ նրանց նման գործելակերպն ուղղված է, որպեսզի այդ պարտավորությունները չկատարեն»,- ասաց փաստաբանը։











