2015 թվականի փետրվարին գործող նախագահ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին անվանեց չարիք երկրի համար։ Շատերը գուցե հիշում են այդ օրերի վայրահաչության շքերթը, երբ տարբեր տրամաչափի իշխանական գործիչներ շնչակտուր լինելով վիրավորական հայտարարություններին էին հնչեցնում իրենց նախկին գործընկերոջ հասցեին։
Այդ ժամանակ Ծառուկյանը հակվել էր նախաձեռնելու և ղեկավարելու իշխանափոխության շարժում, որ շատ հավանական է հաջողությամբ ավարտվեր, եթե դեռ մեկնարկում չկայացվեր որոշում հետքայլ անելու։ Իշխանության և Ծառուկյանի միջև բանակցություններով խնդիրը հանգուցալուծվեց Սամվել Կարապետյանի միջնորդությամբ, ինչից հետո Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին։
Նախքան այդ դեպքերը Ծառուկյանը նախկին նախագահ Տեր֊Պետրոսյանի հետ փորձում էր իրականացնել բուրժուա֊դեմոկրատական հեղափոխություն Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։ Հատկանշական է, որ այդ համագործակցությունը առիթ կամ գուցե պատճառ դարձավ Փաշինյանի ու ՀԱԿ֊ի քաղաքական բաժանման և ջրբաժանի։ Ամեն դեպքում արդեն 2018 թվականին ԲՀԿ առաջնորդը վերադարձրեց Սերժ Սարգսյանին պարտքը` հեղափոխական շարժման վճռական փուլում աջակցելով Փաշինյանին։
Հատկանշական է, որ 2018 թ֊ի այդ օրերին Ծառուկյանը, ով գլխավորում էր Ազգային Ժողովում մեծությամբ երկրորդ խմբակցությունը, իրական հնարավորություն ուներ հանրապետական մեծամասնության հետ քաղաքական կոմպրոմիսի միջոցով դառնալ վարչապետ, բայց նախընտրեց աջակցել Նիկոլին։ Միանգամայն տրամաբանական է, որ իշխանության եկած Փաշինյանը հաջորդիվ տարիներին հետևողականորեն քաղաքականությունից դուրս էր մղում Ծառուկյանին։
Ոմանց կարող է թվալ, թե Նիկոլի նպատակն ի սկզբանե չի եղել Ծառուկյանի ոչնչացումը, և այդ որոշմանը նա հանգեց վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ` որոշելով պատժել առյուծի վանդակում որձ առյուծի հետ հանդիպման առաջարկի համար։ Փաշինյանը շատերին կարող է թվալ իմպուլսիվ իր որոշումներում, բայց իրականում նա գործում է հաշվենկատ դահիճի նման։
Ծառուկյանի ճակատագիրը կանխորոշված էր ընտրություններից շատ առաջ և փաշինյանական հաշվեհարդարը չէր ուշանալու, եթե անգամ ԲՀԿ առաջնորդը որոշեր չմասնակցել վերջին ընտրարշավին։ Ութ տարիների իշխանության արդյունքում Նիկոլը ձևավորել է անձնապես իրեն հավատարիմ նոր չիովնիկական և օլիգարխիկ կլիկ` հետևողականորեն նախապատրաստելով նախկին իշխանությունների օրոք հարստացած էլիտայի ունեզրկումը։ Ժողովրդին տրվել է խոստում թալանի վերադարձի, որի քողի տակ փաստացի իրականացվում է սեփականության, երկրի հարստությունների վերաբաշխում։
Հին տերերին փոխարինելու են գալիս նորերը, ովքեր փոխաբերական իմաստով շատ ավելի անհոգի են, քան նախկինները։ Ու այս մսաղացում հայտնվելու են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր ներկա իշխանավորների համար հովանոց են պահում։ Լավ է սա, թե վատ, զերծ կմնամ գնահատականներից։
Մեկ բան, սակայն, կարձանագրեմ` արդար է, որ այս այլանդակ քաղաքական համակարգի զոհերը դառնան տարիներով այս մարդակեր պետական համակարգի շինարարության բոլոր մասնակիցները։ Ու հավելեմ, որ այս գործընթացը հնարավորություն է ստեղծում նոր իշխանության հավակնող ուժի ձևավորման ու նախկին֊ներկաների այս տանդեմին ի վերջո գրողի ծոցն ուղարկելու համար։
Վարդան Բալյան, քաղաքագետ











