ԿԸՀ-ն հունիսի 14-ին, երեք ընտրական տեղամասերում, վերահաշվարկ կատարելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումներն ուսումնասիրելուց հետո, հայտարարեց, որ արձանագրված խախտումները չեն ունեցել այնպիսի ազդեցություն, որը կարող էր փոխել ընտրության արդյունքները, չնայած այդ երեք ընտրատեղամասերի արդյունքները ճանաչեց անվավեր։ ԲՀԿ-ին, այդպիսով, ընդամենը մի քանի տասնյակ քվե պակասեց` խորհրդարան անցնելու, ու դա էականորեն փոխեց նոր խորհրդարանի ուրվագիծը. եթե մինչ այդ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 61 մանդատ ուներ ընտրություններում ստացած քվեով եւ չէր կարող շատ կարեւոր օրենքների ընդունման եւ առանցքային պաշտոնյաների նշանակման համար Սահմանադրությամբ հարկավոր 3/5 մանդատներն ունենալ, ապա այժմ դա լրացրեց եւ վերցնելու է 64 մանդատ` մի կերպ լրացնելով կայուն մեծամասնության պահանջը:
Մի անգամ էլ հիշեցնենք ԿԸՀ հրապարակած վերջնական արդյունքները` ԱԺ անցած կուսակցությունների մասով.
«Քաղաքացիական պայմանագիր»- 726 819 քվե կամ 49.7456 տոկոս
«Ուժեղ Հայաստան»-340 006 քվե կամ 23.2710 տոկոս
«Հայաստան» դաշինք- 144 983 քվե կամ 9.9231 տոկոս
ԱԺ մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինք՝12 մանդատ։
Հետեւանքը հանրության համար հոգեբանական է, քանի որ կես միլիոնից ավելի մարդ, անկախ շարժառիթից, մերժել է իշխանությանը, ու այդ մարդկանց քվեի հետ հաշվի չնստել չի կարելի:
Իշխանության համար էլ հարմարավետ չէ, քանի որ նա չունի ինքնավստահություն ներշնչող սահմանադրական մեծամասնությունը, որը նրան հնարավորություն էր տալու Սահմանադրություն փոխել, անվերապահ դիրքից խաղաղության փաստաթուղթ ստորագրել, քանի որ երկրում կես միլիոն մարդ համաձայն չէ այդ քաղաքականության հետ:
Իսկ առարկայական գետնի վրա ընտրությունների նման պատկերը իշխանության եւ ընդդիմության նոր դիմակայության առիթ է:
Ընտրություններին հաջորդող խորհրդարանական քառօրյայից սպասվում էր տեսակետների եւ մոտեցումների հստակեցում հետընտրական տրամաբանության մեջ: Սակայն ընդդիմադիր խմբակցություններն այդպես էլ խորհրդարան չներկայացան, իսկ իշխանության ներկայացուցիչները վիրտուալ եւ միակողմանի պատասխանում էին ընդդիմության խոսույթին եւ քայլերին` հիմնականում ագրեսիվ տոնով եւ սպառնալով:
Անձամբ ես այս գումարման ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանից սպասում էի ուրվագիծ, թե ինչպե՞ս է աշխատելու իշխող ուժը նոր պայմաններում, նվազագույն մանդատներով, ի՞նչ տակտիկա է որդեգրելու, ինչպե՞ս է կառավարություն կազմելու, ո՞ր քայլերն են առաջնահերթ լինելու: Բայց տեսա իշխանականների նյարդայնություն, ընդդիմությանն ուղղված սպառնալիքներ` այն ենթատեքստով, որ հանկարծ ու ընդդիմադիրները չհամարձակվեն մանդատ վերցնել եւ խորհրդարան գալ: Միգուցե այդ տարբերակի համար իշխանությունն արդեն ծրագիր եւ օրենսդրության ճեղքերն օգտագործելով` ավելի հարմար ընդդիմություն խորհրդարան ներս բերելու մտադրություն ունի՞: Կամ գուցե ավելի հեռահար պլաններ կան` նոր, արտահերթ ընտրությունների գնալու, որի միտքն անգամ ծակ բյուջեով եւ բազմաթիվ առաջնահերթ լուծման սպասող խնդիրների առկայությամբ պիտի որ անհնար թվար:
Ընդդիմության մեջ էլ է անորոշություն` վերցնե՞լ մանդատները, թե՞ չվերցնել: Երկու տարբերակն էլ ընդդիմության համար բազմաթիվ անհայտներ ունի: Չվերցնելու, ՍԴ դիմելու դեպքում`անհայտ է /կամ` ակնհայտ/ արդյունքը, ի վերջո եթե վերջնանպատակը նոր ընտրությունների նշանակումն է, հազիվ թե նոր ընտրություններում ընդդիմությունը կարողանա նույնքան քվե հավաքել, դրանք անշուշտ կպակասեն` նախ մոտիվացված ընտրությունն այլեւս միգուցե հնարավոր չի լինի/այն, որ ասում են ընտրակաշառք/, երկրորդ` ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ հարուցված քրեական հետապնդումները զսպիչ դեր կունենան մոտիվացված ընտրության համար:
Ընդդիմությունը, ընդ որում`երեք խոշոր միավորների հետ քիչ քվեներ հավաքած ընդդիմամետ ուժերը եւս, խոսում են իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառման, արձանագրությունների եւ փաստացի տվյալների անհամապատասխանության եւ այլ խախտումների մասին: Իշխանությունը, նրա առանցքային դեմքերն ու հատկապես Նիկոլ Փաշինյանը շարունակում են ընդդիմությանը մեղադրել ընտրակաշառքի տոտալ բաժանման, այլ երկրից ղեկավարվելու եւ ընտրակաշառքով քվեւ ձեւավորելու մեջ:
Անորոշությանը նպաստում են իշխանության սպառնալիքները`պատժելու, նստեցնելու վերաբերյալ, Ռոբերտ Քոչարյանին եւ այլոց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը, արտաքին ազդակները, որոնք նույնպես հավանաբար իրենց գործն անում են:
Հիմա երկրով մտահոգ մարդկանց ավելի շատ անհանգստացնում է այն, որ իշխանություն-ընդդիմություն հետընտրական դիմակայությունն արդեն կարող է վնասներ հասցնել երկրի կայունությանը, տնտեսական անհետաձգելի խնդիրների լուծմանը, անգամ երկրի անվտանգությանը, եթե ընդդիմության գլխավոր օրակարգը մնում է իշխանության տապալումը, իսկ իշխանությանը` ընդդիմության ոչնչացումը:
Նորն այն է այս բոլորում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը հայտարարություն է արել ընդդիմադիր ուժերին համախմբելու, հետընտրական ընդդիմադիր կոալիցիա կազմավորելու մտադրության մասին` սխալ համարելով մինչեւ ընտրություններն ընդդիմադիր ուժերի պայմանավորվել չկարողանալը, որն, ի դեպ, մենք առաջվա նման հնարավոր չենք համարում:
Հիմա նոր ընտրություններ անցկացնելու ակնարկներ կարելի է լսել ոչ միայն ընդդիմադիր շրջանակներից, այլեւ, օրինակ, իշխանամերձ Դանիել Իոանիսյանից: Ընդդիմադիրները ընտրությունների արդյունքները մտադիր են վիճարկել Սահմանադրական դատարանում, Նիկոլ Փաշինյանը ներկա խորհրդարանի վերջին ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանին կրկին ընդդիմությանն անվանեց այլ երկրի լրտեսներ եւ ընտրակաշառք բաժանողներ, սպառնալով, որ թավիշը վերջացել է եւ սկսվում է եռագլուխ քրեաօլիգարխիկ ընդդիմությանը պատժելու փուլը:
Ընդ որում` իշխանությունն արագորեն շրջանառության մեջ է դրել օրենքի նախագծերի փաթեթ, ըստ որի Հայաստանում համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին կարող են մասնակցել դրանց նախորդած տարում վեց ամիս Հայաստանում ապրած քաղաքացիները` ապահովելով մասնակցային ժողովրդավարություն եւ ընտրողի բավարար կապը պետության հետ: Սա հեռուն գնացող նախաձեռնություն է, որը թույլատրելու է ասհմանադրական հանրաքվե անցկացնել` առանց խորհրդարանում սահմանադրական մեծամասնության քվեի:
Փաշինյանը խոսում է երաշխիքներ ստեծելուց առ այն, որ ընտրակաշառք բաժանողները Հայաստանում չկարողանան քաղաքական ազդեցություն ունենալ, Հայաստանում արմատավորված քրեաօլիգարխիկ համակարգն արմատախիլ անելուց, անվտանգության սպառնալիք ստեղծողներին հակազդելուց: Արդյոք կկրկնվի՞ 1994-ի վիճակը, երբ կուսակցության գործունեություն արգելվեց Հայաստանում:
«Մենք ու նրանք»-ի սինդրոմը
1996 թվականին ես աշխատում էի այն թերթում, ուր եւ Նիկոլ Փաշինյանը, ու զարմանալի զուգադիպությամբ` այդ տարին համապետական ընտրություններում Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ընդդիմադիր ուժերը ստացել էին ընտրողների 400 հարյուր հազարից ավելի քվեն եւ պնդում էին, թե իշխանությունը կեղծել է ընտրությունների արդյունքները:
Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը հետապնդում էր ընդդիմադիրներին, իսկ ես իմ թերթում գրում էի, որ նա այդ 400 հարյուր հազար քվեատիրոջ նախագահն էլ է, պետք է լուծումներ գտնել, ու չարժե ատելություն բուծել ընդդիմադիրների հանդեպ:
Տեր-Պետրոսյանն ու նրանից հետո բոլոր նախագահներն իրենց իշխանությունը կառուցել են հասարակության բեւեռացման վրա` այդպե’ս պահպանելով իշխանությունը, ատելու, բեւեռացման տեխնոլոգիաները գործի դնելով փորձելով իշխանությունը պահել, քանի որ դրա հակառակը երկրի բոլոր քաղաքացիների համար անվտանգային, սոցիալական, արդարադատության եւ այլ երաշխիքների ստեղծումը պիտի լիներ, ու դա նրանք հերթագայաբար ի վիճակի չէին անելու:
Արդյունքը եղել է 1998 թվականի իշխանափոխությունը, 2008 թվականի մարտի 1-ը, 2018 թվականի իշխանափոխությունը` հերթական ընտրություններից մի տարի հետո:
Ոչ ոք չի կարող պնդել, թե ինչ կարող է հաջորդել այս ընտրություններին, եթե մինչեւ այժմ երեսուն տարուց ավելի փոխադարձ ատելության վրա կառուցված ապրելու տեխնոլոգիան չփոխենք:
Բայց այս իշխանությունը եւ առկա ընդդիմությունը նույնպես արդեն ութ տարի նույն տեխնոլոգիայի մեջ են, եւ հիմա նույնպես հասարակությանը մտադիր են պահել բեւեռացման մեջ, իշխանության դեպքում` իշխանության ապահովման միակ միջոց որպես, եւ այդ պատճառով իշխանությունը հետընտրական ամբիոններում նախ խոսում է ոչ թե իր տնտեսական, երկրի զարգացումն ապահովելու մոտակա քայլերից, իշխանության ձեւավորման նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունից, այլ ընդդիմությանը նստեցնելուց ու պատժելուց, անգամ օրենսդրորեն է նոր զարգացումների է պատրաստվում:
Երեսուն տարուց ավելի ես երազեցի իմ փոքրիկ երկրում հանրային համերաշխության ունենալու մասին, երազեցի, որ հանրությանը երկու մասի չբաժանեն, որ հանրության մի մասը չատի մյուսին, քանի որ եթե մի հայն ատում է մյուսին, է’, ինչ տարբերություն` նույն հային թուրքն էլ է ատում: Ես միշտ մտածում էի, որ ավելորդ ճոխություն է հայերիս համար միմյանց ատելը, որ պետք է սթափեցնենք մեր քաղաքական ուժերին դրա հետեւանքների վերաբերյալ:
Զարմանալի զուգադիպությամբ, ինչպես 1996 թվականին, հիմա էլ եմ գրում այդ մասին: Երեւում է` էլի իզուր:
Մանավանդ հիմա, երբ ԱՄՆ-ն ու Իրանը պատմական համաձայնության հանգեցին, ու այդ իմաստով մեր տարածաշրջանում /ԹՐԻՓՓ-ի առումով էլ/ այն արագությամբ զարգացումներ կլինեն, որ Հայաստանը ներքաղաքական խնդիրների վրա կենտրոնանալով`արտաքին սթափությունը թուլացնելու ոչ մի պահ չի ունենալու: Կազանում զուգահեռ կայացած Պուտին-Հաքան Ֆիդան /Թուրքիայի արտգործնախարար/ բանակցությունները վկա, որոնք անշուշտ Հայաստանի վերաբերյալ գաղտնի պայմանավորվածություններ կարող են պարունակել:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.











