Ճապոնիայի ամենամեծ թերթը՝ «Յոմիուրի Շիմբուն»-ը, հունիսի 8-ի համարում անդրադարձել է Մելինե Մեսրոպյանի եւ Արիսա Օտայի «Ճապոնիայում ապրած «սփյուռքը». Դիանա Աբգարը եւ Հայոց ցեղասպանությունը» աշխատությանը (Մեսրոպյանի հետ մեր հարցազրույցը տե՛ս «Ազգ», 2026, հունվարի 30): Հոդվածում ներկայացված է ոչ միայն գիրքը, այլեւ Հայոց ցեղասպանության պատմությունը, Ճապոնիայում Հայաստանի դեսպան Դիանա Աբգարի ջանքերը՝ Ճապոնիայից հայ փախստականներին աջակցելու գործում, ինչպես նաեւ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ճապոնիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչների եւ հայ համայնքի կողմից Յոկոհամայում Աբգարի գերեզմանին կատարված այցը:
Ավելի քան մեկ դար անց, երբ Դիանա Աբգարը Ճապոնիայից բարձրացնում էր իր ձայնը հանուն Հայաստանի ու հայերի բարօրության, նրա կյանքն ու գործունեությունը ներկայացվում են ճապոնական լայն հանրությանը երկրի ամենաազդեցիկ լրատվամիջոցներից մեկի միջոցով: Հետաքրքրական է նաեւ, որ լրագրողը հիշատակում է մեկ դար առաջ՝ 1912 թ.-ին նույն «Յոմիուրի Շիմբուն»-ում զետեղված հայերի կոտորածների մասին Դիանա Աբգարի տված հարցազրույցը: Շատ ճապոնացի ընթերցողների համար սա կարող է լինել Դիանա Աբգարի եւ Հայոց ցեղասպանության պատմության հետ առաջին ծանոթությունը:
Ա. Բ.










