Ճշգրիտ բառապատճենումներ
Գիտակրթական զարգացման ուղին բռնած Հայաստանը, միջազգային հանրության հետ ինտեգրվելու քարքարոտ ճանապարհին, պարտավորված էր մտածել նաեւ սեփական բառապաշարը հարստացնելու մասին: Այդ նպատակով հայերն ընտրեցին բառապատճենման մեթոդը:
Սովետական տարիներին, օրինակ, Ռուսաստանում եւ դրա ստվերի տակ ապրող հանրապետություններում «Мёртвый час» արտահայտությունն օգտագործվում էր մանկապարտեզներում կամ հիվանդանոցներում՝ քնի եւ հանգստի համար նախատեսված ժամանակը նկարագրելու համար: Մենք այդ բառակապակցությունը բառացի թարգմանեցինք եւ ստացանք «մեռյալ ժամ» արտահայտությունը՝ այդ մակագրությամբ ցուցանակներ փակցնելով մանկապարտեզների ու հիվանդանոցների մուտքերին՝ առանց մտածելու, որ հիվանդանոցում բուժվող իր հարազատին այցելելած սփյուռքահայը, կարող է մի օր նկատել «մեռյալ ժամ» մակագրությունը եւ, մեղմ ասած, ազդվել դրանից:
Եզրույթներ կերտելու ճանապարհին հայերը հանդիպեցին նաեւ security բառին եւ, սպառնալիքներից, հնարավոր վնասից կամ անցանկալի ազդեցությունից պաշտպանված լինելու վիճակը նկարագրելու համար, անգլերենից այն պատճենելու փոխարեն կրկին դիմեցին ռուսերենին: «Безопасность» բառը բառացի թարգմանելով՝ հայերն ստացան «անվտանգություն» տարբերակը՝ չմտածելով, որ հետագայում, բառը մորֆոլոգիական փոփոխությունների ենթարկելիս (օրինակ՝ գոյականը ածական դարձնելիս), կարող են հանդիպել դժվարությունների, եւ շեղումներ թույլ տալով՝ ստանալ «անվտանգային» բառը:
Ազգային ու կրոնական հատկանիշներից ելնելով կամ քաղաքական համոզմունքների պատճառով հետապնդումների ենթարկված եւ ֆիզիկական բնաջնջումից խուսափելու համար հարկադրաբար հայրենիքը լքած մարդուն բնորոշելու համար հայերը կրկին դիմեցին ռուսերենին՝ կազմելով «փախստական» եզրույթը, որը ռուսերեն «беженец» բառի պատճենումն է:
Ահա թե ինչու մարդիկ երբեմն արագ խոսելիս շփոթվում են եւ «փախստականի» փոխարեն օգտագործում «փախած» կամ «ճողոպրած» բառերը:
Պաշտոնապես առաջարկում եմ եթե միջազգային եզրույթներ կազմելու լավագույն մեթոդը բառապատճենումն է, ապա կարելի է տվյալ դեպքում բառը թարգմանել պարսկերեն panahande տերմինից՝ ստանալով «ապաստանյալ» եզրույթը: Այդ դեպքում այլեւս ոչ ոք Արցախից էթնիկ զտումների ենթարկված հային «փախած» կամ «ճողոպրած» չի անվանի:
Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ











