Ոչ, այն հայտնի ընտրական կարուսելը նկատի չունենք, այլ պարզապես՝ որ գլխավորը ընտրությունից ընտրություն մեզանում կրկնվում ու այդպես էլ չի փոխվում:
ԽՍՀՄ տարիների մի հին հայտնի անեկդոտ կար, ասում էր՝ մի անգամ Ռուսիո Նիկոլայ ցարն «այնտեղից» հրաշքով արթնանում-գալիս, տեսնում է՝ դահլիճում ժողով է: Մի քանիսը նստած են վերեւում՝ բեմի վրա, մյուս բոլորը ներքեւում՝ դահլիճում: Հարցնում է՝ նրանք ովքեր են, սրա՞նք ովքեր: Պատասխանում են, որ վերեւում իշխանություններն են, ներքեւում՝ ժողովուրդը: Ասում է՝ բա իմ օրոք էլ այդպես էր, էլ ինչի՞ համար հեղափոխություն արեցիք:
2018-ին Նիկոլ Փաշինյանի շարժումը (կուզեք հեղափոխություն կոչեք, կուզեք հեղաշրջում) հաջողեց ու նրան իր քայլիստներով իշխանության բերեց նաեւ այն պատճառով, որ երկրում այդպես էլ ընտրություններով իշխանություն փոխել չէր լինում: Բայց ահա հիմա էլ, չնայած իր ու իր վարչակազմի հանդեպ կուտակված դժգոհություններին, պատմությունը կարծես թե կրկնվեց: Ստացվեց, որ ՀՀ քաղաքացի ընտրողը մեծամասամբ հավատաց ու ամենից շատ ձայն տվեց հազարամյակների Հայոց Արցախի կորստյան, տրված հազարավոր զոհերի, այդքան գերիների ու կորածների համար փաստացի գլխավոր պատասխանատուին ու Արցախի խնդրից երես դարձնողին, դեռ արցախցի մարդկանց էլ «փախածներ» կոչողներին ու չզոհվելու համար մեղադրողին, մեզ մեր պատմական ուղին, մեր արմատները, Հայոց ցեղասպանությունը, ազգային արժեքները, Արարատն ուրանալ եւ «իրական Հայաստանով», «որտեղ հաց, այնտեղ կաց» նյութապաշտությամբ ապրել թելադրողին: Եվ որ նրան ու իր ուժին մանդատ տվեց մեր 220-ից ավելի գյուղերի դպրոցների փակման, հանրակրթական ու բարձրագույն դպրոցի ապազգայնացման, Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի վերացման, բուհերի խումբ-խումբ միավորման եւ մայրաքաղաքի կենտրոնից այդ բուհերի, դրանց ամբողջ դասախոսական եւ ուսանողական համակազմի՝ քաղաքից դուրս (չգիտես ինչպես կառուցվելիք «ակադեմիական քաղաք») վտարման, Հայոց եկեղեցու գործերին հակաօրինական կոպտագույն միջամտության եւ նման ու այլ կարգի իրենց ծրագրերի իրականացման կամ շարունակման, միաժամանակ երկրում իրենց համար արդեն բրենդային դարձած թշնամանքի, պառակտման տարածման շարունակման համար:
Արդյո՞ք արձանագրված նախնական արդյունքն արտահայտում է հայ ընտրողի քվեարկության իրական պատկերը, թե՞ ոչ այդքան, դեռ գուցե կպարզվի: Բայց շատ բան իրավացիորեն ասվել ու ասվելու է ողջ ընտրական գործընթացի մասին՝ նախընտրական քարոզչության շրջանից մինչեւ արդյունքների ամփոփում, որոնք միասին կարող էին շատ բան փոխել:
Օրինակ, ՔՊ-ի քարոզարշավը սկսվել էր պաշտոնապես նախատեսված ժամկետից շատ առաջ, հիշո՞ւմ եք՝ փետրվարի 28-ից՝ «ուրախ ավտոբուսով», չնայած դրանից առաջ ու հետո էլ Հ1-ը, նրա լուրերն, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի ամենօրյա ու իր ՔՊ-ի մենաշնորհված (փոքրիկ բացառություններով) քարոզչական հարթակն էին: Դրանք հետո զուգորդվեցին ընտրությունների տարում կամ դրանց նախադռանը պետության սոցիալական քայլերով, որոնք դժվար է չգնահատել որպես իշխող ուժի յուրատեսակ եւ որոշակի ազդեցություն ունեցած նախընտրական կաշառք: Իսկ բուն քարոզչության շրջանի հետ կապված նշենք կառավարող ուժի ու նրա առաջնորդի կողմից ծավալված բուռն հակաքարոզչությունն ու հիմնական համարված մրցակիցների հնարավորությունների սահմանափակման, մրցակիցների սահմանադրական իրավունքի ժխտման («գլուխը պատովն է տալիս, որ ուզում է վարչապետ դառնալ»), նրանց «սեւացման» ու հետապնդման, արգելափակման աննախադեպ քայլերը: Գործի էր դրվել ընտրովի արդարադատության արդեն սովորական դառնալ հավակնող մեխանիզմը. ով Փաշինյանին խանգարում է, ով նրան լուրջ ընդդիմադիր կամ, այս դեպքում, մրցակից է, հանկարծ պարզվում է՝ հանցագործ է կամ գոնե իրավական որեւէ խոցելիություն ունի: Եվ չի ուշանում ասես ուղղակի ցուցումը դատարաններին (մոտավորապես)` «նա դեռ առնվազն տասը տարի պետք է մնա Հայաստանում», ասել է թե՝ այդքան դատապարտված պետք է լինի: Իր քարոզչական շրջագայության ընթացքում իրեն քննադատողներին, ուրիշներին վարչապետի սպառնալիքներն ու բառապաշարը, թող ներվի ասելը, ընդհանրապես հարիր չեն անգամ մի հասարակ պետական պաշտոնյային, էլ ուր մնաց՝ երկրի ղեկավար անձին ու այդպիսին մնալ ցանկացողին: Մենք Հայաստանի այսպիսի՞ ղեկավար էինք ուզում:
Ու մի բան էլ: Եթե ընտրությանը մասնակցել հավակնող մի ուժ իր նախընտրական ծրագրում հակաօրինական դրույթներ է ներառում, ԿԸՀ-ն նրա հայտը պետք է ընդունի եւ ուժին գրանցի՞, թե՞ պետք է մերժի: Իշխող ՔՊ-ն, որը որպես պետական իշխանություն պատասխանատու է ընտրական ողջ գործընթացի օրինականությունն ապահովելու եւ գոնե բարոյապես՝ այդ օրինականության օրինակ ծառայելու, իր նախընտրական ծրագրում ներառել էր Ամենայն Հայոց կաթողիկոս հեռացնելու, նոր կաթողիկոս ընտրելու եւ նման դրույթներ, որոնք նույնիսկ ոչ թե մի «հասարակ» օրենքի, այլ երկրիս Սահմանադրության ոտնահարում է թվում: Իսկ երբ օրենքը մի անգամ նույնիսկ ինստիտուցիոնալ մակարդակով խախտվում է, այն հետո կարող է ընդունված գործելակերպ դառնալ: Ու նաեւ լինել «յօրինակ այլոց»:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ











