Քվեարկության արդյունքների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին. այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի վերջո, ԲՀԿ-ն անցնո՞ւմ է խորհրդարան։
«Օգտվելով առիթից ասեմ, որ ըստ էության՝ 2005 տեղամասերից ընդամենը 5-ում մուտքագրման ընթացքում եղել է սխալ մուտքագրում, այնտեղ տողեր են թռցրել, մարդկային գործոն է»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ դա կարող է դիտավորության արդյունք լինել, ԿԸՀ նախագահն ասաց.
«Արձանագրությունները կան, հրապարակված են։ Այսինքն՝ նախնական արդյունքները հենց դրա համար են նախնական, որովհետև այս արդյունքները դեռ պիտի ճշգրտվեն։ Հիմա այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերի վերահաշվարկ է իրականացվում։
Վերահաշվարկի վերաբերյալ պատշաճ կարգի դիմում մենք շատ քիչ ենք ստացել։ Մենք ստացել ենք երեք ուժերից վերահաշվարկի դիմումներ՝ ԲՀԿ-ից, «Ուժեղ Հայաստան» դաշինքից և «Միասնության թևերից»։
Մեր մոտեցումը եղել է սա. որ տեղամասերը ցանկանում են, որպեսզի վերահաշվարկ իրականացվի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց նախաձեռնությամբ սկսել են վերհաշվարկները իրականացնել ու հիմա ընթանում են:
Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում երևի ամբողջը կվերահաշվարկեն, որովհետև «Միասնության թևերի» պատգամավոր թեկնածուն այդպես է ցանկացել, այդպես է ներկայացրել»։
Հարցին՝ ի՞նչ է նշանակում գաղտնի ընտրացուցակ, ԿԸՀ նախագահը պարզաբանեց.
«Մենք ունենք ընտրողների ցուցակ, որը հրապարակում է մեր լիազոր մարմինը, այսինքն՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, և մենք ունենք կատեգորիաներ, ում ցուցակները չեն հրապարակվում։ Ընտրական օրենսգրքում շատ հստակ գրված է ու կհասկանաք, թե ցուցակների հետ բարձրացված աղմուկը որքան է վնասում Հայաստանի Հանրապետությանը»։









