Լրագրողներից մեկն այսօրվա ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց՝ քարոզարշավի ընթացքում իր և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից զազրելի խոսույթ է ներմուծվել. իշխանություններին քննադատողներին հարց է ուղղվում՝ ինչո՞ւ չեք զոհվել։
Լրագրողը շարունակեց՝ նույն քաղաքացիները հետաքրքրվում են, թե ինչու Նիկոլ Փաշինյանն ինքը չի զոհվել, կամ ինչու Սուրեն Պապիկյանը չի զոհվել, Սասուն Միքայելյանն ինչո՞ւ չի զոհվել, ինչու ՔՊ խմբակցության որևէ պատգամավոր չի զոհվել, ինչո՞ւ չի ծառայել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց արդարանալ՝ նշելով, որ իր խոսքը վերաբերում էր «Լեռնային Ղարաբաղի փսևդոէլիտային և նրանց հարակից շրջանակներին»։
«Դա ճիշտ խոսույթ է, որովհետև նրանք քիչ չի, որ բառիս բուն իմաստով փախել են՝ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, հիմա էլ եկել են, ուզում են Հայաստանի ժողովրդին կրկին ներքաշեն պատերազմի մեջ։ Այո՛, և ես ասել եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված, փսևդոէլիտային արմատախիլ եմ անելու Հայաստանի Հանրապետությունում։ Այո՛, այդ մարդիկ պետք է պարզաբանեն. հասուն տղամարդիկ, որ այսօր եկել են Հայաստանում ինչ-որ բաներ են պատմում, իրենք որտե՞ղ են եղել, իրենք բացի փախնելուց, ուրիշ ինչո՞վ են զբաղվել. ոչ մի բանով, և այդ խոսույթը վերաբերում է ոչ թե նրանց, որ կարող էին զոհվել և չեն զոհվել, այլ նրանց, ովքեր ընտրել են, որ իրենք պետք է ոչ մի պարագայում չզոհվեն։
Ես էլի ասում եմ, որ իմ որդու մոտ, խրամատում իր հետ ծառայակիցները զոհվել են։ Իմ ընտանիքը եղել է Ղարաբաղում, և դա դարձել է շատ քննարկումների առարկա։ Այդ Ղարաբաղի փսևդոէլիտաները, որ ամեն անգամ փախել են ու եկել են էլի Հայաստան ու ուզում են ներքաշեն կոնֆլիկտի մեջ, այո՛, իրենք պիտի պարզաբանեն։
Այդ թվում՝ Ղարաբաղի ժողովրդին են պատանդի կարգավիճակում շարունակել պահել։ Եվ ես երեկ էլ ասեցի, որ Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակում պահելը ունեցել է մի նպատակ՝ Հայաստանի պետականությունը ծնկի բերելը Մեղրիով միջանցք ստանալուց հետո»,– հայտարարեց Փաշինյանը։









