Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Խորհրդարան, որպես այդպիսին, չկա եւ չի լինի, քանի դեռ կա ներկայիս կառավարող ուժը. Հակոբ Բադալյան

Ես չեմ անդրադառնա նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկին, քանի որ այստեղ առանձնապես անդրադարձի հանգամանք չեմ էլ տեսնում։ Այդ իմաստով ամեն ինչ պարզ է, ասված է վաղուց, ասում են շատերը, եւ շատ առումով՝ արդարացի։

Խորհրդարան, որպես այդպիսին, չկա եւ չի լինի, քանի դեռ կա ներկայիս կառավարող ուժը։ Այդ ուժն ինքը հակախորհրդարանական է, որովհետեւ այն բացարձակ ավտորիտար միավորում է, որտեղ ամեն ինչ կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Շատերը կարող են համարել, թե ինչ տարբերություն։ Չէ՞ որ այդպես էր նաեւ ՀՀԿ–ն, ամեն ինչ կախված էր Սերժ Սարգսյանից։

Ովքեր համարում են այդպես, ուրեմն բացարձակ չեն պատկերացնոմ, թե ինչ համակարգ էր մինչեւ 2018 թվականը։ Կամ, այդ պատկերացումը բացարձակապես ձեւավորվել է ընդդիմադիր մամուլի հրապարակումների եւ ընդդիմության ելույթների միջոցով, որոնք միշտ էլ գրեթե ոչ մի կապ չեն ունեցել իրականության հետ։ Խոսքս մինչեւ 2018 թվականի մասին է։

Լավ, չծավալվեմ այդ համակարգի մասին, առավել եւս, որ ես դա անում եմ մեկնաբանությունների շարքով, որ հատուկ ներկայացնում եմ իմ Պատրեոնի ամսական բաժանորդներին։

Վերադառնալով այսօրվան։ Հայաստանի նոր խորհրդարանն ունի մի ինտրիգ՝ ընդդիմության նոր մեթոդաբանություն, որը սաղմնավորվել է խորհրդարանի ընտրությունից մի քանի ամիս առաջ, որոշակի ծիլեր է տվել ընտրությանը, եւ պետք է սաղարթ ստանա հետընտրական շրջանում։ Խորհրդարանական կարգավիճակը, այդ իմաստով, ընդդիմության համար նման է որոշակի «ոռոգման համակարգի»։ Ինչպես է ընդդիմությունը իրականացնելու ոռոգումը։ Սա գլխավոր հարցն է։ Սա գլխավոր աշխատանքն է՝ գտնել ինչպեսը եւ սպասարկել հետեւողականորեն։

Մի բան հստակ է, որ այս առանցքային աշխատանքում ամենաօգտակար ուղեկիցը կարող է լինել սառնասրտությունն ու զանազան գայթակղություններից ազատ լինելը։ Խոսքս բնականաբար նյութական–ֆիզիկական գայթակղությունների մասին չէ, այլ՝ հոգեբանական։

Ինքս համարում եմ, որ այստեղ շատ կարեւոր է հանրության եւ ընդդիմության փոխգործակցություն–երկխոսությունը, առավել եւս, որ թե կառավարող ուժը, թե նաեւ ընդդիմադիր դաշտի հորիզոններում այլ հավակնություններ ունեցող ուժեր, ձգտելու են առավելապես ստանալ մեղադրական «պարադիգմ», երբ հանրությունը լինելու է ընդդիմության «պետական մեղադրող»։

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան