Հանցագործության մասին հաղորդման մեջ հատուկ նշել էի՝ պետք է հարցքննվեն կամ ձերբակալվեն Նիկոլ Փաշինայնը, Սուրեն Պապիկյանը, Լիլիթ Մակունցը և Արայիկ Հարությունյանը։ Այսքան ժամանակ, սակայն, այդ մարդկանց վերաբերյալ ձերբակալման որոշում չկա, հարցաքննություններ չկան, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը։
Նա պետական համակարգի աշխատողներին, բժիշկներին, ուսուցիչներին հարց ուղղեց՝ արդյոք չենք ամաչում, որ նման վարչապետ ունենք։
«Ես պաշտպանելու եմ բոլորին, խնդրում եմ՝ գնան և փոխեն վարչապետին»,- ասաց Արման Թաթոյանը։
Նա միաժամանակ շեշտեց՝ գործող իշխանություններն անկանխատեսելի են, չունեն հստակ ռազմավարություն։ Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստացել է երկու տարուց ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում, Թաթոյանը քմծիծաղ տվեց։
«Լո՞ւրջ։ Ութ տարի է՝ իշխանություն են ու մի հատ էլ երկո՞ւ։ Մեզ պետք չէ վարչապետ, իշխանություն, որը «բեզաչոտնիկի» պես է իրեն պահում։ Ասում է երկու, հետո ասելու է երեք տարուց, հետո ասելու է չորս տարուց»,- նշեց նա՝ շեշտելով, որ վարչապետ լինելու դեպքում ինքը շատ արագ լուծելու է վիզաների ազատականացման հարցը, իսկ որ երկրների հետ էլ վիզային ռեժիմ գործի՝ ապա հեշտացված կարգով։
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանին՝ Արման Թաթոյանը նախ շնորհավորեց վերջինիս ծննդյան օրը, նշեց, որ ճանաչել և աշխատել է նրա հետ․
«Մաղթում եմ, որ նա շուտ վերադառնա հայրենիք, հասնի իր ընտանիքին։ Ինչ վերաբերում է գերիների հարցին, ապա այս հարցն Ադրբեջանն օգտագործում է մեր դեմ ատելություն բորբոքելու համար։ Նրանք շատ լավ պատրաստվել են, վնասների հատուցում են պահանջելու։ Բայց մենք պետք է այնպես անենք, որ նրանց պահանջները որևէ կերպ հիմք չընդունվեն»,- ասաց Թաթոյանը։
Նա շեշտեց՝ ինքը, տևական ժամանակ լինելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, այժմ հանձնառություն է ստանձնում լինել ՀՀ իրավունքների պաշտպանը և Ալիևին պատասխան տվողը։
Թաթոյանը վերջում անդրադարձավ նաև Արցախի խնդրին՝ շեշտելով՝ Արցախի հարցը սենյակի դուռ չէ, որ Նիկոլ Փաշինյանը փակի-բացի։
«Լինելու է Արցախից բռնի տեղահանվածների հարցերով հատուկ գերատեսչություն, լինելու է արցախցիների վերադարձի իրավունք։ Այս պահին դա իրատեսական չէ. վերադարձի իրավունքը ենթադրում է անվտանգություն, կամավորություն և արժանապատվություն»,- նշեց Արման Թաթոյանը։








