«Այն, ինչ կարող էր անհավանական թվալ ընդամենը մի քանի տարի առաջ, այժմ դարձել է սովորական։ Հակազդեցություն չկա, «գորտը մնում է եռացող ջրում»։
Նիկոլ Փաշինյանը այս փոխաբերական ջուրը եռացրել է կամաց-կամաց՝ ոչ միանգամից։
Սկզբում «Արցախը Հայաստան էր և վերջ», «բանակցում էր սեփական կետից»։
Հետո «կամավորական ջոկատներ էր կազմում, հրամանատար ընտրում», որ հաղթի պատերազմում։
Հետո կարգավիճակի նշաձողն էր իջեցնում, որ միջազգային լայն կոնսոլիդացիա լինի։
Շարունակվեց։
Սեփական ձախողումների ամբողջական վերագրում բոլորին, ոչ թե աղետի սթափ վերլուծություն ու դասեր։
Արցախի կորուստ, դրա որակում «Հայաստանի իրական անկախության օր» և աննախադեպ հրավառություն Երևանի կենտրոնում։
Մեղադրանքներ Արցախի սովահար ժողովրդին, որ «չեն կռվել»։ Ատելության արշավ արցախցիների դեմ։
Եռաբլուրում որդեկորույս ծնողների ձերբակալում։
Հիշատակի օրերին պետական այրերի Եռաբլուր չայցելելու նոր ավանդույթ։
Հայոց պատմության արհեստական վերաձևում Հայաստանի պատմության։
Հայոց եկեղեցու դեմ հարձակում, հոգևորականների բանտարկություններ՝ ի հեճուկս Սահմանադրության, բարոյականության և օրենքների։
Արարատի հեռացում երկիր մուտքի դրոշմակնիքից, անգամ՝ Խոր Վիրապի ավանդական հետնապատկերից։
Ինքնիշխանության բղավոցներով Սահմանադրության փոփոխության հանձնառություն՝ Ալիևի պահանջով։
Արցախի զոհաբերում, որ ճանապարհ չտա։ Ճանապարհի (կամ միջանցքի) տրամադրում առանց Արցախի։
Ցեղասպանության պատասխանատվության մեղսագրում զոհին։
Բաքվում հայ գերիների առկայության նորմալացում, մեղադրանքներ անգամ գերիներին։
Իրավապահ համակարգի ու դատական իշխանության գործիքայնացում և այլն, և այլն։
Սարսափելին այն չէ, որ Փաշինյանի թիմակիցներն ու կողմնակիցները նորմալ են համարում այս աննորմալությունը։
Սարսափելին այն է, որ գիտակից մարդկանցից շատերը, հասկանալով իրականությունը, ընտրում են լռությունը։
Լռություն՝ հարմարության, վախի կամ անձնական հաշվարկի պատճառով։
Եվ հենց այդ լռությունն է, որ «գորտին» պահում է եռացող ջրում»։
Տաթևիկ Հայրապետյան, պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ









