Ապրիլի 10. (լրացված) Լիբանանի առողջապահության նախարարությունը թարմ տվյալներ չի ներկայացնում զոհերի եւ վիրավորների վերաբերյալ: Գերմանական այն լրատվամիջոցները, որ հաղորդում են Բեյրութից, այսօր հղում են անում տեղի առողջապահության նախարարության՝ ապրիլի 8-ի վերալրացված տվյալներին՝ ավելի քան 300 զոհ կա, 1500 վիրավոր: Շենք-շինությունների ավերակների տակ մնացած զոհերի, հավանական վիրավոր ողջերի մասին նոր տվյալներ չկան: Փրկարարների ծանուցմամբ, զոհերի թիվը դեռ աճելու է: Պատերազմի սկզբից՝ 5 շաբաթվա ընթացքում Լիբանանում 1500 զոհ է գրանցվել, վիրավորները 4.639 են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Լիբանանում գտնվող ներկայացուցիչ Աբդինասիր Աբուբաքարը տեսաասուլիսում ահազանգել է բուժօգնության խիստ սահմանափակ միջոցների մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչի տվյալներով, պատերազմի սկզբից ի վեր 13 հիվանդանոց է վնասվել, որից 6-ը փակվել է:
Ապրիլի 9. – Պետական բոլոր հաստատությունները փակ էին: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ապրիլի 8-ին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 203 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը: Իրան- ԱՄՆ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը խախտեց Նեթանյահուն՝ «Հեզբոլլահին» ոչնչացնելու գերնպատակ պատրվակը խաղարկելով, որն արժանացավ միջազգային՝ այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի քննադատությանը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Թյուրքը հայտարարեց՝ հրադադարից մի քանի ժամ անց նման արյունահեղությունն անըմբռնելի է: ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կալասը զգուշացրեց՝ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը չի արդարացնում զանգվածային ավերածությունները: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Քուփերը պահանջեց, որ Լիբանանը ներառվի հրադադարի մեջ: Մինչեւ ե՞րբ է Իսրայելը շարունակելու ջարդարարությունները:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա








