Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ հայ ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանի հուշ-երեկոն:
Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչությունը, 2025 թվականի նոյեմբերի 21-ին որոշում էր կայացրել՝ ականավոր բժիշկ Արտավազդ Սահակյանին շնորհել «Ադամանդակուռ Արարատ»շքանշանը:
Ցավոք, Արտավազդ Սահակյանը մահացավ:

Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանը հանձնվեց նրա որդուն՝ բժիշկ Արամ Սահակյանին:


Արտավազդ Սահակյանին կարելի է ասել ամբողջ Հայաստանն էր ճանաչում: Նրան միշտ սպասում էին նաև Սփյուռքում, Արցախում:








Նրա հետ Արցախի հեռուստատեսության վերջին հարցազրույցը հետադարձ հայացք է անցյալին՝ ինչպես կատարեց առաջին փոխպատվաստումը, ինչպես էր նա երազում դառնալ ճարտարապետ, բայց դարձավ մարմնի ճարտարապետ, ինչպես է 1990-ականներին կազմակերպել Մեղրիի, Նոյեմբերյանի, Երասխի մարտերում վիրավորված մեր տղաների տարհանումն ու բուժումը, ինչպես է դիվանագիտական առաքելություն իրականացրել, մեկնել Արցախ, պատանդառվել, կազմակերպչական կարևոր խնդիրներ լուծել, Արցախում ևս բուժել մարդկանց, կյանք պարգևել:
Արտավազդ Սահակյանը 7 գյուտի հեղինակ է: Ամենաանհավանական վիրահատություններ է արել ոչ միայն Հայաստանում, այլև օտար երկրներում: Նա գիտնական էր, օժտված բժիշկ, որի համար իր Հայրենիքը, ժողովուրդը բացարձակ արժեք էին:
Արտավազդ Սահակյանը իրական լեգենդ էր, ֆենոմեն, մարդ-հանրագիտարան. նրան ճանաչելը մեծագույն պատիվ է: Ասում են բժիշկները, ճարտարապետները, լրագրողները, արվեստագետները, բոլորը: Նրանք հուշեր են պատմում ամենաուժեղ մարդու ամենափխրուն զգացումներից: Ու թվում է՝ Արտավազդ Սահակյանը իր մեջ ամփոփել է ամբողջ Հայաստանը, ամբողջ հայությանը ու նրա ցավը: Այդ ցավն էլ նրան տարավ՝ մեզ թողնելով իր անժամանակ հեռացումի մեծ ցավը:
ԹՄՄ Մամուլի գրասենյակ





