Արդեն 5-6 տարի է, որ մեր թերթի նախաամանորյա համարը չի կարողանում տոնական որեւէ տրամադրություն փոխանցել իր հավատարիմ ընթերցողներին: Միայն գանգատ, բողոք, քննադատություն երկրի ներսում եւ դրսում շարունակվող ձախավերությունների, բացթողումների համար, որոնց կուտակումը սպառնում է, հարցականների տակ դնում մեր պետության ու ժողովրդի ապագան: Նույնիսկ երգիծական նյութերը վերածվում են հուսահատեցնող սարկազմի, ստեղծված վիճակից ելքերի որոնումը, ժողովրդային լեզվով ասած՝ բայղուշության:
Նոր տարվա սեմին ոգեւորիչ ի՞նչ կարող ենք մատուցել հանրությանը, ընթերցողին: Արցախը հանձնելուց, նրա բնակչությանը բնավեր դարձնելուց հետո հայրենիքի մնացյալ մասը կտոր-կտոր թշնամուն զիջե՞լը, հանուն մի քանի մարդկանց հարստացման ցեղասպան թուրքի արարքները կոծկե՞լը, ուրանա՞լը: Իբր ինքնիշխանությունը ամրապնդելու, կասկածելի նոր բարեկամներ ճարելու նպատակով հին, պատմական բարեկամներից ու հարեւաններից մեկուսանա՞լը:
Իսկ ներքին ճակատո՞ւմ, ի՞նչ կա մնայուն ու կայուն. ճանապարհներին բարակ շերտ ասֆալտ քսելով գյուղացվոցը երջանկացնելու փողաբեր սխրա՞նքը, թոշակառուների եկամուտները 2-3 հազարով ուռճացնելու ծրագի՞րը, գործազրկությունը վտանգավորության 4 տոկոս շեմից 14 տոկոսի հասցնե՞լը, արտաքին պարտքը 8 միլիարդ դոլարի մոտեցնե՞լը, համատարած՝ ինքնաբուժմամբ զբաղվող ժողովրդի առողջությունը չապահովե՞լը, կրթության մակարդակը անկիրթների հոգատարությանը վստահե՞լը:
Անցնող 7 տարվա ընթացքում այդ ո՞ր նոր ճանապարհն է կառուցվել Հայաստանում, իսկ ավտոմեքենաների առատությունից շնչահեղձ անդամալույծ դարձած Երեւանում այդ ո՞ր էստակադան, կամուրջը կամ անցուղին է կառուցվել, հանրային-հասարակական նշանակության այդ ո՞ր կառույցն է շինվել, այդ ո՞ր գործարանն ու ձեռնարկությունն է վերականգնվել ու գործարկվել ու, վերջապես, մեր գիտնականներից ու գյուտարարներից, մեր բժիշկներից ու տիեզերքը հետազոտող մասնագետներից այդ ո՞ր մեկին է շնորհվել միջազգային մրցանակ ու կոչում, երբ, բարեբախտաբար, հայ ժողովրդի արմատը դեռեւս չի չորացել, ինչի ապացույցը 2 եւ 3 տարի առաջ սփյուռքահայ երկու գիտնականների արժանանալն էր բարձրագույն՝ Նոբելյան մրցանակների:
Այդ որտեղի՞ց եւ ո՞ւմ թելադրանքով մոգոնվեց Հայ եկեղեցու դեմ հերետիկոսական արշավ ձեռնարկելու գաղափարը, որով տարուց ավելի զբաղեցնում, տանջահար եք անում, ջլատում, երկպառակտում մեր ժողովրդին: Մեր պետությունը ի՞նչ է շահում այդ ստոր, քսու արշավանքից: Բացի նրանցից բոլորս գիտենք, «պատարագ» բառը, ինչպես ռուսերեն տՏՊՈՐՏՍ-ը, նշանակում է «ընծա», «նվեր»՝ առ Աստված: Արդ, կեղտոտ հոգով ու մտքով դուք չե՛ք կարող որեւէ բան ընծայաբերել Երկնավորին, չե՛ք կարող քանդել մեր Եկեղեցին:
***
Առաջիկա 2026-ը Հայաստանում լինելու է ընտրությունների տարի, խորհրդարանական բռնապետությանը (Parlamentarian Dictatorship) վերջ տալու հնարավորության տարի:
Կհաջողվի՞ մեզ հասնել ցանկալի արդյունքի: Դժվար է ասել: Քանզի այդ ընտրություններում, ներկա ընթացքով, արտաքին ուժերը, գլխավորությամբ Բաքվի, Անկարայի եւ Բրյուսելի, ավելի մեծ ձայն, կշիռ ու փող ունեն,- վերջինն արդեն խոստացել է 15 միլիոն եվրո,- քան ընտրող մեր ժողովուրդը: Մանավանդ որ ներսում, ի դեմս Ն. Փաշինյանի կառավարության, նրանք ունեն առայժմ հզոր դաշնակից, բաժնեկից ու մեղսակից: Նրանք ունեն նաեւ հաղթաթուղթ, որով կարող են ճակատագրական երկընտրանքի առջեւ կանգնեցնել մեր ժողովրդային զանգվածներին՝ Նիկոլ կամ Պատերազմ:
Կարո՞ղ ենք ուժ գտնել մեր մեջ հաղթահարելու մեզ սպասող փորձություններն ու փորձանքները:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ





