Դժվար է, բայց ոչ անհնարին
Փորձենք մեր վառ երեւակայության օգնությամբ պատկերացնել, որ մեզանում արմատախիլ է արվելու քծնանքը: Ավելին՝ օրենքով քրեականացվելու են կեղծավորությունն ու երեսպաշտությունը, երկերեսանությունն ու ստորաքարշությունը: Արգելափակում կդրվի հայերենի բառապաշարի մեջ արմատացած, հատկապես ռուսերեն «շոպլիկ» բառի վրա: Շոպլիկներին բացահայտող ոստիկանները խրախուսվելու են կլորիկ պարգեւավճարներով:
Եկեք մի պահ պատկերացնենք, որ քաղաքի բանուկ հատվածներում տեղադրվելու են տարբեր չափի սյուներ (անարգանքի սյուներ)՝ իրենց շեֆերի հետ սելֆի անող ենթականերին գամելու համար: Կարո՞ղ եք պատկերացնել շեֆի անհեթեթ խոսքերի տակ ստորագրելուց հրաժարվող խրոխտ չինովնիկի դեմքը: Իրոք՝ դժվար է:
Մի քիչ դժվար է պատկերացնել, բայց փորձենք մեր մեջ ուժ գտնել ու մտովի վերարտադրել շեֆին մեծարելու խնջույքի տեսարանը, որտեղ ենթական կենաց ասելու փոխարեն՝ «ծխելու» անվան տակ դուրս է գալիս դահլիճից եւ միտումնավոր կորցնում վերադասին մի երկու քաղցր խոսք ասելու բացառիկ առիթը:
Փորձենք նաեւ պատկերացնել աշխատաժողովների ժամանակ «քծնանքն արձանագրող դետեկտորների» արձակած խլացնող ազդանշաններից շփոթահար չինովնիկների դեմքերը:
Կարո՞ղ եք պատկերացնել նախընտրական շրջաններում թեկնածուների կողմից ժողովրդին տրվող խոստումների մեջ քծնանքի տարրեր հայտնաբերելու գործը «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգողին վստահելու արդյունավետությունը: Դժվար է, բայց ոչ անհնարին:
Հեշտ չէ, բայց եկեք փորձենք պատկերացնել նաեւ նորաձեւ մեթոդներով կրթվելու համար կազմակերպվող դասախոսությունների կիսադատարկ լսարանները՝ մեկը մյուսին հերթ չտալով լսարանը լքող ունկնդիրների ձանձրույթը եւ ծափահարելուց հրաժարվելու նրանց համարձակությունը: Դժվար է, բայց ոչ անհնարին:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ





