Սեպտեմբերի 22-ից 30-ը ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նիստի շրջանակներում մի շարք պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումներ տեղի ունեցան պետությունների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ: Իրադարձությունը առանձնահատուկ բնույթ էր կրում, քանի որ պետությունների ղեկավարները, արտգործնախարարները եւ այլ պաշտոնյաներ ելույթներ ունեցան` ցույց տալու համար միջազգային քաղաքական դաշտում իրենց երկրի քաղաքական, տնտեսական եւ մարտավարական ձեռքբերումներն ու առաջնահերթությունները, արտաքին քաղաքականության նպատակներն ու ընդհանրապես որդեգրած դիրքորոշումը աշխարհում, որպեսզի միջազգային հասարակությունը համապատասխան եզրահանգումներ կատարի դրանց հիման վրա:
Որպես ընդունված կարգ, ամեն տարի Հայաստանի պետության ղեկավարը ՄԱԿ-ի այս հարթակից աշխարհին է ներկայացնում երկրի նվաճումները, մարտավարական նպատակները եւ ուղերձները: Այս անգամ սակայն, ՀՀ վարչապետը ուշացումով ժամանեց Նյու Յորք` բաց թողնելով հնարավորությունը մասնակցելու ՄԱԿ-ի կազմակերպած բարձր մակարդակի միջոցառումներին, ինչպես օրինակ` Մ Նահանգների նախագահի եւ առաջին տիկնոջ պաշտոնական ընդունելությունը: Փոխարենը Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց Մոսկվայում կայացող «Համաշխարհային ատոմային շաբաթ» համագումարին` մոդուլային փոքր ռեակտորներ ձեռք բերելու հարցը քննարկելու Ռուսաստանի գործընկերների հետ, չնայած ԱՄՆ-ի հետ այդ բնագավառում ՀՀ-ն համագործակցության հուշագիր էր ստորագրել ընդամենը քիչ ժամանակ առաջ:
Վարչապետ Փաշինյանը Մ. Նահանգներ այցելեց սեպտեմբերի 26-27-ին: Նրա ելույթը գլխավորապես հիմնված էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը: Վարչապետն իր ելույթում «խաղաղություն» բառը օգտագործեց 26 անգամ, շեշտելով` «Ուրախ եմ հայտարարելու միջազգային հանրությանը, որ խաղաղություն է հաստատվել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ» եւ կարեւորելով այն ջանքերը, որոնք մի կողմից Հայաստանի տարածքով անխոչընդոտ կապ են հաստատելու Ադրբեջանի պետության եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ, իսկ մյուս կողմից հնարավորություն են տալու Հայաստանին` օգտվելու միջազգային եւ տեղական տրանսպորտային ուղիներից: Փաշինյանը մի անգամ եւս իր երախտագիտությունը հայտնեց Մ. Նահանգների նախագահին` խաղաղության հաստատման գործում կարեւոր դերակատարություն ունենալու համար:
Հայաստանի վարչապետը սակայն գոհ չէր Ադրբեջանի նախագահի պնդումներից, որ Հայաստանը «կապիտուլյացիայի» է ենթարկվել, պատճառաբանելով, որ նման մեկնաբանությունը «համահունչ չէ խաղաղության համաձայնության իրականության հետ եւ նսեմացնում է դրական առաջընթացը»: Փաշինյանը նաեւ դժգոհ էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթից, որ հայկական իրականության մեջ «ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ զուգակցվում է հակամարտության հետ»: Ըստ Փաշինյանի, այդ եզրույթը Ադրբեջանի նախագահի կողմից մի քանի անգամ հնչել է նույնիսկ վաշինգտոնյան հռչակագրի նախաստորագրումից հետո, այն դեպքում, երբ նման եզրույթ ներառված չէ այդ փաստաթղթում:
Արժե այստեղ ընդգծել, որ Փաշինյանը բաց թողնելով նախագահ Դոնալդ Թրամփի եւ առաջին տիկնոջ Մելանյա Թրամփի նյույորքյան պաշտոնական ընդունելությունը կորցրել էր հնարավորությունը մասնակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող քննարկումներին, որոնցում Ալիեւը օգտվելով առիթից` միակողմանի կարողացել էր հարցի իր տարբերակը ներկայացնել եւ դրանով խորացնել նաեւ իր անձնական հարաբերությունները Մ. Նահանգների նախագահի հետ:
Իրար հետ շփումների ժամանակ Թրամփը «իմ ընկեր» խոսքերով էր դիմել Ալիեւին` հարցնելով` «ինչպե՞ս է ընթանում խաղաղությունը», «լա՞վ», «ոչ մի կրակո՞ց», իսկ Ալիեւը պատասխանել էր. «ամեն ինչ ավարտվեց օգոստոսի 8-ին»: Նա մի անգամ եւս շնորհակալություն էր հայտնել Թրամփին` ավելացնելով, որ նա «հրաշք գործեց»: Ակներեւ է, որ Ալիեւը փորձում էր ոչ միայն պաշտոնական ուժեղ կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ, այլեւ անձնական սերտ հարաբերություններ զարգացնել Թրամփի հետ, եւ դա նրան հաջողվում էր: «Նույնիսկ օգոստոսի 8-ից եւ դեռ ընտրություններում հաղթանակ տանելուց առաջ Ալիեւը լավ խոսքեր էր շռայլում իմ հասցեին», խոստովանել է Թրամփը, Ալիեւին նվիրելով Սպիտակ տան խորհրդանշական բանալին, նշելով, որ «նման քայլ հաճախ չի կատարում»:
Ի հակադրություն, Հայաստանի ներկա իշխանությունները ավելի սերտ ու գործնական հարաբերություններ ունեն Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ: Այնպես որ, կարծես հավելյալ ջանքեր են պետք գործադրել` հասնելու համար Ադրբեջանին եւ հարաբերությունները բարելավելու ինչպես անձնապես Թրամփի, այնպես էլ նրա Հանրապետական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Փաշինյանից առաջ ելույթ ունենալով Ալիեւը, ճիշտ է, օգտագործել էր այնպիսի հռետորաբանություն, որ համահունչ չէր «խաղաղության օրակարգի հետ»: Նա Հայաստանին կապիտուլյացիայի ենթարկելուն էր ակնարկել` նշելով, որ Ադրբեջանը «հաղթանակեց ե՛ւ պատերազմում, ե՛ւ խաղաղության հաստատման գործում»: Իսկ Հայաստանի դեմ ագրեսիան նա ներկայացրեց որպես ինքնապաշտպանություն: Գոհունակություն հայտնեց, որ իր գործունեությունը ավարտել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին նա անվանեց` «հնացած եւ խաղաղության հաստատման հետ կապ չունեցող մի կազմակերպություն» եւ պահանջեց Ազատության աջակցության Ակտի 907 հոդվածի մեկընդմիշտ վերացումը: Այդ հոդվածը իրականում դեռ ուժի մեջ է եւ նախագահի կողմից վերացվում է ժամանակավորապես, այնպես որ հաջորդ տարի դարձյալ վերացնելու հարկ է լինելու:
Մինչ Ալիեւը ՄԱԿ-ի հարթակը օգտագործեց հակամարտության իր տարբերակը ներկայացնելու համար, Փաշինյանը նախընտրեց Մոսկվայում առաջ տանել էներգետիկայի բնագավառում մարտավարական իր քաղաքականությունը: Փաշինյանը Մոսկվա մեկնեց, երբ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանն արդեն ընթացքի մեջ էր: Մոսկվայում մասնակցելով «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովին, նա հայտարարեց, որ Հայաստանը որոշել է մինչեւ 2036 թվականը ընդլայնել Մեծամորի Ատոմակայանի գործունեությունը եւ այդ նպատակով համագործակցում է Ռուսաստանի «Ռուսատոմի» եւ միջազգային այլ ընկերությունների հեետ: Նա դարձյալ անդրադարձավ փոքր ռեակտորների հարցին, նշելով, որ այդ բնագավառում եւս Հայաստանը բանակցում է ՌԴ-ի եւ «Ռուսատոմի» հետ:
Հայաստանը ռեակտորների հարցը ավելի վաղ քննարկել էր Մ. Նահանգների հետ, եւ մեկ ամիս առաջ «Էներգիայի անվտանգության գործընկերության» ներկայացուցչի հետ հուշագիր էր ստորագրել, որտեղ հիշատակվում էր նաեւ փոքր մոդուլային ռեակտորների արտադրական տեխնոլոգիաների մասին: Այժմ Ամերիկայի հակառակորդի հետ միեւնույն համագործակցության հետապնդումը Փաշինյանի կողմից` կարող է դիտվել որպես քաղաքական կասկածելի քայլ:
Ամփոփելով նշեմ, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանը ցույց տվեց ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի մարտավարական տարբեր մոտեցումները, այլեւ աշխարհում նրանց քաղաքական դիրքորոշման, կշռի եւ ազդեցության անհամապասխանությունը: Մինչ նախագահ Ալիեւը ՄԱԿ-ի հարթակը եւ աշխարհի մեծամեծների հետ երկկողմ հանդիպումները օգտագործեց սերտացնելու եւ ամրապնդելու համար Ադրբեջանի կապերը եւ առաջ մղելու Ադրբեջանի տեսակետը, Փաշինյանը գերադասեց կենտրոնանալ Ռուսաստանի հետ էներգիայի ոլորտի հարաբերությունները զարգացնել` ի հաշիվ նյուրյորքյան բարձր մակարդակի դիվանագիտական շփումների:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)