Հոկտեմբերի 2-ին Գյումրիում բացվել է եւ մինչեւ 2026 թ. հունվարի 31-ը կգործի գորգագործական արվեստի յուրօրինակ ցուցահանդես: Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի սրահում ցուցադրվել են քաղաքի թանգարանային օջախների հավաքածուների մեկ եւ կես տասնյակից ավելի գորգեր ու կարպետներ, այդ թվում բացառիկ նմուշներ, որոնք 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարասկզբի գործեր են: Ամենահին նմուշը 1853 թվականի է:
Շիրակի երկրագիտական թանգարանը, որի պատմահնագիտական եւ ազգագրական հարուստ հավաքածուների պահման ու ցուցադրման համար նպաստավոր շենքային պայմաններ այդպես էլ չեն ստեղծվում, ներկայացրել է 9 գորգ, որոնցից 8-ը ցուցադրվում են առաջին անգամ: 6 ցուցանմուշ ներկայացված է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի, 1-ը՝ Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանի ֆոնդերից: Ինչպես նկատվել է, սա թանգարանային օջախների համագործակցության լավ օրինակ է: Իսկ ցուցահանդեսն իր կարեւոր ճանաչողական նշանակությամբ, անշուշտ, ուղղված է նաեւ քաղաքում զբոսաշրջության խթանմանը:

Ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ Շիրակում գորգագործությունը զարգացման որոշակի ավանդույթներ ունի: Գորգերն ու կարպետներն էլ այստեղ եղել են բնակարանային դիմագծի կարեւոր տարր: Այսօր դրանց գործածության զգալի նվազում կարելի է նկատել, որը, հույս ունենք, տեւական հեռանկարի առումով ժամանակավոր բնույթ կկրի:
Գյումրու համայնքային ցուցասրահում, «Կումայրի» արգելոց-թանգարանի կողմից հայ ավանդական գորգարվեստի ցուցահանդես էր կազմակերպվել նաեւ 2023 թ. սեպտեմբերին: Ներկայացվել էր ինչպես Շիրակի, Լոռու, Սյունիքի, այնպես էլ Արցախի, Ուտիքի, Վանանդի, Բասենի եւ Բագրեւանդի գորգարվեստի 30 նմուշ:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ