Ես մի քանի ամիս առաջ էի ասել, որ Փաշինյանը վերցնելու է այդ ստորագրած թուղթը, որը բացի իրենից ոչ մեկին պետք չի, վերցնելու է մյուս ձեռքը մուրճը ու ընկնի Հայաստանի մարզերով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով փաստին, որ Նիկոլ Փաշինյանն այսօր սոցցանցի իր էջում «պողպատե մանդատ» գրությամբ մուրճի նկար է տեղադրել։
Դիտարկմանը, որ գուցե դրանով սպառնում է ընդդիմությանը, պատգամավորն արձագանքեց.
«Գլուխը պատին է տալիս, որ սպառնում է ընդդիմությանը։ Երկրորդ, ախր մի քանի ամիս առաջ ասել էի, որ Փաշինյանը վերցնելու է այդ ստորագրած թուղթը, վերցնելու է իր մուրճը ու ընկնի գյուղերով՝ հերթով մեր քաղաքացիներին խաբելու։ Յոթ տարվա ընթացքում զարմանալիորեն, բայց ես սկսել եմ հասկանալ և կանխատեսել Փաշինյանի գործողությունները»։
Հայկ Մամիջանյանն անդրադարձավ այն խոսույթին, որ Փաշինյանին այդ գործում օգնելու են նախկին նախագահները, քանի որ Փաշինյանը իրեն ներկայացնելու է որպես նախկինների այլընտրանք։
«Ես ասեմ, թե ինչպես Հանրապետականը և Սերժ Սարգսյանը չակերտների մեջ կօգնեն Փաշինյանին. անդադար ամբողջ գործադիրը և խորհուրդը և շարքային կուսակցականները դատարանների դռները լինելով, անհնազանդության ակցիաներին մասնակցելով, դրանց ընթացքում բերման ենթարկվելով և որոշ պարագաներում ձերբակալվելով, Հանրապետականի փոխնախագահը երկու տարի անազատության մեջ գտնվելով, մեր գործընկերներ Նարեկը Մալյան, Նարեկը Սամսոնյան, Վազգենը Սաղաթելյան անազատության մեջ գտնվելով, Մամիկոն Ասլանյանը շուրջ երեք տարի անազատության մեջ գտնվելով՝ անդադար պայքարելով մեր ուժերի ներածից մի քիչ շատով։ Այ այդպես չակերտների մեջ հաստատ կօգնենք»։
Հիշեցմանը, որ 2021-ին դա աշխատեց, քանի որ մարդիկ ասում էին՝ ավելի լավ է Նիկոլը լինի, քան նախկինները, ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ Հանրապետականը մինչև վերջին պահը դեմ էր 2021 թվականի ընտրություններին։
«Մեր գործընկերներին մենք խնդրում էինք, առաջարկում էինք, կոչ էինք անում, փողոցային պայքարը շարունակել և չտալ Փաշինյանին նոյեմբերի 9-ի փաստաթուղթը լեգիտիմացնելու հնարավորություն։
Երկրորդ, մեր իշխանության օրոք եղել են շատ-շատ-շատ սխալներ, շատ. դրանցից ոչ մեկը անդառնալի չի։ Ես շատ խնդրում եմ, որպեսզի մեր քաղաքացիները հիշեն, որ մեր գործընկերները, այդ տարիներին լուսաբանում էին Մաշտոցի պուրակի ցույցեր, «Էլեկտրիկ Երևան», Վարդգես Գասպարիի այս կամ այն վայրում հերթական գործողություն, լիքը պրոբլեմներ, կոռուպցիոն խնդիրներ, և այլն, բայց ո՛չ Եռաբլուր 5000 հոգու, ո՛չ հանձնված Արցախ։ Հայաստանի Հանրապետությունը միջազգային գործոն էր և մեզ հետ հաշվի էին նստում։ Ես չեմ զարմանում, որ կան շատ քաղաքացիներ, որոնք ուզում են ետ բերել այդ ժամանակվա իրենց զգացողությունները, իսկ մեր այն քաղաքացիներին, որոնք չեն սիրում Փաշինյանին, գիտակցում են իր խաբեությունները, բայց չեն համակրում մեր քաղաքական ուժին, շատ-շատ եմ խնդրում կամ գտնել առկա քաղաքական ուժերից որևէ մեկին, կամ սեփական նախաձեռնությամբ արտահայտել սեփական բողոքը, որովհետև շատ վաղուց արդեն Հայաստանում ժողովուրդն է ընդդիմություն Փաշինյանին»«-ամփոեց Հայկ Մամիջանյանը։





