Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Խորհրդարանական արժանապատվության ճգնաժամ. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

Ազգային ժողովում Արթուր Հովհաննիսյանի պահվածքը ոչ միայն անթույլատրելի է, այլև բացարձակապես անհամատեղելի է պատգամավորի կարգավիճակի հետ։

Սեռական բնույթի վիրավորանք հնչեցնելով ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին՝ նա հատել է բոլոր կարմիր գծերը։

Սա այլ կերպ, քան քաղաքական ստորություն, չի կարելի բնորոշել։

Սա ՔՊ-ական պատգամավորի անպատժելիության առաջին դեպքը չէ։

Մի քանի տարի առաջ ՄԻՊ ընտրությունների ժամանակ Հովհաննիսյանը հրապարակավ սպառնացել էր «կտրել» թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն ու ականջը։

Այս փաստը ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե պատահական սայթաքման, այլ վտանգավոր վարքագծային մոդելի հետ։

Հովհաննիսյանի այս ամբարտավան պահվածքը սնվում է անպատժելիության մթնոլորտից․

● երբ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու վրա ու մնաց անպատիժ,

● երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավորներին «համբալ» անվանեց, և դարձյալ հետևանքներ չեղան։

Այսօր այդ նույն մթնոլորտը ծնել է հերթական խայտառակ դրսևորումը։

Աշխարհում նման պահվածքը չի մնում առանց հետևանքի․

● Ֆրանսիայում նախարար Դամյեն Աբադը հեռացավ պաշտոնից միայն կանանց իրավունքների կազմակերպությունների մեղադրանքների ֆոնին։

● Նորվեգիայում պատգամավոր Ինգվիլդ Վարաֆյորդը վայր դրեց մանդատը՝ սոցիալական ցանցում անընդունելի գրառում կատարելու համար։

Այս օրինակների համեմատությամբ Արթուր Հովհաննիսյանի պահվածքը անհամեմատ ծանր է՝ սեռով պայմանավորված խտրականություն, զրպարտություն և կնոջ արժանապատվության նկատմամբ բացահայտ ոտնձգություն։

Այս իրավիճակում ընդդիմադիր խմբակցությունները պետք է հանդես գան համատեղ հայտարարությամբ և բոյկոտեն Ազգային ժողովի նիստերը, մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհնչեցնի իր պաշտոնական քաղաքական գնահատականը և Հովհաննիսյանը վայր չդնի մանդատը։

Ես իմ ամբողջական զորակցությունն եմ հայտնում Թագուհի Թովմասյանին։

Նրա հանդեպ հնչած վիրավորանքները վիրավորում են ոչ միայն մեկ պատգամավորի, այլև յուրաքանչյուր հայ կնոջ արժանապատվությունը։

  • Լռությունը այս հարցում կնշանակի համակերպում խայտառակության հետ։ Իսկ համակերպումը՝ քաղաքական համակարգի վերջնական արժեզրկում: