Կիրակի, 26 Հուլիս, 2026

Իմաստաբանական բառարան

Չքաղաքականացնել

Ինչ ուզում եք ասեք. մենք քաղաքականացված ազգ ենք: Մեր երկրում ուր էլ նայես, անպայման ՔԱՂԱՔականի հետք կտեսնես: Պատճառը հենց «քաղաք» բառի առանձնահատկությունն է:

Ռուսերեն ԶԵՄԼՅԱԿ-ին համաՔԱՂԱՔացի ենք ասում: ՊՈԼԻՏԻԿԱՆ՝ հայերենով ՔԱՂԱՔականություն է կոչվում, ՑԻՎԻԼԻԶԱՑԻԱՆ՝ ՔԱՂԱՔակրթություն: Սահմանափակ հայացքների ու ձգտումների տեր մարդկանց ՔԱՂՔենի ենք անվանում: Երեւանցիների համար լավ տղան «քաղքի տղա» պատվավոր կոչումն ունի:

Կարեւոր չէ՝ որտեղ ես կրթվել՝ քաղաքո՞ւմ, թե՞ գյուղում: Երկու դեպքում էլ ՔԱՂԱՔավարության կանոններին պետք է ծանոթ լինես:

Հայ ժողովրդին ուղղված «Հպարտ քաղաքացի» կոչի հասցեատերը միայն ՔԱՂԱՔաբնակները չեն: Հայաստանի հեռավոր գյուղերում ապրողներն էլ հպարտ կոչվելու իրավունքից անմասն չպետք է լինեն:

ՔՊ (Քաղաքացիական պայմանագիր) կուսակցության գրասենյակներ կան ոչ միայն քաղաքներում, այլեւ՝ գյուղական վայրերում:

ՔԱՂհասարակությունն ու Սորոսը, թեեւ հոմանիշներ չեն, բայց դրանց միջեւ մի աներեւույթ կապ կա՝ ՔԱՂԱՔականացված կապ: Էլ ինչպե՞ս կարող ենք պնդել, որ Սորոսը ապաքաղաքականացված ֆիգուր է, իսկ ՔԱՂհասարակությունները՝ ոչ սորոսական:

Հայաստանում պետությանը ծառայելու վեց տարբերակ կա՝ զինվորական ծառայություն, գաղտնի ծառայություն, դիվանագիտական ծառայություն, հոգեւոր ծառայություն, իրավաբանական ծառայություն եւ քաղաքացիական ծառայություն (արջի ծառայությունը դրանց մեջ չի մտնում): Դիվանագիտականից բացի (որի դեպքում ծառայողն իրավունք չունի ինքնուրույն քաղաքականությամբ զբաղվել), մնացյալը անխտիր ՔԱՂԱՔականացված ծառայություններ են, հատկապես՝ ՔԱՂ-ծառայությունը:

Այո, Ք Ա Ղ Ա Ք-ը յուրահատուկ բառ է: Այն՝ ո՛ր կողմից էլ կարդաս, դրա մեջ քաղաքականության հետք կգտնես: Ձախից կարդաս՝ լիբերալիստների քաղաքական հոսանքին կվերաբերի, աջից կարդաս՝ աջակողմյան, պահպանողականների ու հետադիմականների հոսանքին:

Բայց, ցավոք, ՔԱՂԱՔԸ մեր բառը չէ: Մենք այն վերցրել ենք Ասորեստանի նշանավոր մայրաքաղաք Kalak տեղանունից, որը նախապես եղել է հասարակ անուն՝ «քաղաք» նշանակությամբ:

Փաստորեն, մենք չունենք մեր սեփական քաղաքը, հետեւաբար նաեւ՝ սեփական քաղաքականությունը:

Դժվար է ասել՝ եթե հայերն այդ բառը վերցրած լինեին ավելի ուշ՝ 21-րդ դարում, ո՞ր երկրի մայրաքաղաքի անունը փոխառած կլինեին:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ