Երբ ամերիկահայ կոմպոզիտոր Մարի Սարգսյան-Չինկեզյանին օրերս Երեւանում կայացած համերգ-հանդիպմանը հարցրեցին, թե ի՛նչ է իր համար հայրենիքը, նա պատասխանեց. «Հայրենիքն ինձ համար կյանքի եւ արվեստի սոլի բանալին է»: Հարցն ուղղողը Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող էր, որ իր մի շարք կուրսընկերների հետ ներկա էր հանդիպմանը: Այն կազմակերպել էր եւ վարեց համալսարանի Երաժշտության մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Անահիտ Գեւորգյանը: Կոմպոզիտորի ցանկությունն էր Հայաստան ժամանելուն պես հանդիպում կազմակերպել մի մտերմիկ արվեստային միջավայրում, եւ, իրոք, այն կայացավ ՀՊՄՀ Կոջոյանի անվան ցուցասրահում՝ ուսանողների, իր արվեստը ճանաչող եւ գնահատող երաժիշտների, արվեստագետնրի, հին ու նոր բարեկամ – ընկերների ներկայությամբ:

Մարի Սարգսյան-Չինկեզյանի ստեղծագործությունները սիրո, հայրենանվիրումի, կանացի ներանձնական զգացողությունների մասին են: Ունի նաեւ բազմաթիվ մանկական երգեր, որոնք կատարվում են թե՛ Սփյուռքում եւ թե՛ Հայրենիքում: Դրանցից մեկը՝ «Սեպտեմբեր» վերնագրով, վերջերս տեղ է գտել առաջին դասարանի դասագրքում, եւ հենց դրա կատարմամբ էլ սկսվեց համերգը: Համերգի առաջին հատվածում հաջորդաբար հնչեցին կոմպոզիտորի մանկական ստեղծագործությունների ընտրանուց առնված երգեր, որոնց մեծ մասը տեղ են գտել դպրոցահասակ երեխաների համար կազմված դասագրքերում: «Պիտի ընկերանանք», «Պայծառ օր», «Զինվոր», «Ընկեր»,- երգեր, որ անհոգ մանկության, հայրենասիրության, ընկերասիրության մասին են՝ պարզ ու մատչելի խոսքով եւ երաժշտական կառույցներով: Երգերը կատարեցին վեցամյա մանուկներ, որ դեռ նոր պիտի հաճախեն դպրոց, ապա եւ՝ Ավանի մշակույթի տան սաները՝ մեծ մասամբ հեղինակի դաշնամուրային նվագակցությամբ:

Հայ պանդխտության երգերի մերօրյա արտահայտություն է Մարիի «Տաղ առ Այնթապ» դաշնամուրային ստեղծագործությունը՝ ավանդական, ժողովրդական մեղեդիական հնչողության պահպանմամբ եւ կուռ, գեղեցիկ կառույցով: Այն, ոնց կոմպոզիտորը խոստովանեց, որ երիտասարդ տարիներին խնդրել է մորն իր նախնիներից հաղորդված, Էրգրից բերված երգեր երգել, ոգեշնչվել է դրանցից, նոր ստեղծագործության նյութ քաղել: Մի քանի տարի առաջ «Տաղ առ Այնթապ»-ը լսել եմ Մարիի հեղինակային երեկոյին՝ իր իսկ կատարմամբ: Այն ժամանակ Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը կայացած համերգով, ասես, նշանավորվեց Մարի Սարգսյան – Չինկեզյանի՝ Հայաստանի կոմպոզիտորների միությանն անդամակցությունը:

Մանկավարժական համալսարանում կայացած համերգ-հանդիպմանն արդեն այս գործը կատարեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մագիստրոս Մանուշակ Ղարսլյանը: Կատարումները մեջմեջվում էին կոմպոզիտորին ուղղված՝ ուսանողների հարցերով, եւ այդ հարցերից մեկը հենց վերաբերվում էր ազգային երաժշտարվեստին իր անդրադարձներին: Հարցեր ուղղեցին նաեւ մանկական երգեր ստեղծելու իր նախընտրության դրդապատճառների, մանկական երգերին ներկայացվող արդի պահանջների, իր ստեղծագործական նոր գաղափարների վերաբերյալ: Մարիի ներկայիս ձգտումն է իր՝ նախորդիվ ստեղծածի համահավաք ժողովածուն կազմելն ու հրատարակելը: Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն իր խոսքում հատկապես ընդգծեց Մարիի մանկական երգերի որակը. «Երեխաների համար շատ դժվար է գրել այն, ինչ իրենք կուզեին երգել: Եվ ինձ թվում է՝ Մարիին դա հաջողվում է»:
Այս հանդիպմանը նախապատրասվելիս էր գրել Սուրբծննդյան երգը՝ օրհնությամբ եւ գովաբանությամբ լեցուն, որը եւ հնչեց Մանե Գաբրիելյանի կատարմամբ: Համերգը եզրափակվեց բանաստեղծուհի Հասմիկ Սարգսյանի խոսքերով գրված երկու ստեղծագործությունների կատարմամբ: «Ուխտ արեցի» ռոմանսը հնչեց օպերային մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանի ձայնով եւ Նունե Մելիք Վրթանեսյանի նվագակցությամբ:
«Օրհներգ»-ը կատարելիս Մագդա Մկրտչյանին միացավ Ալ. Աճեմյանի անվ. երաժշտական դպրոցի երգչախումբը՝ Մարինե Ավետիսյանի խմբավարությամբ:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Համերգից երեք օր անց՝ հունիսի 21-ին, Գյումրիում հեղինակի ներկայությամբ դարձյալ հնչեց «Զինվոր» քայլերգը, այս անգամ՝ Արտակ Գրիգորյանի ղեկավարած «Gyumri Brass» զինվորական փողային նվագախմբի կատարմամբ: