Երբ արդեն մեղադրանք է առաջադրված՝ ընդ որում քաղաքական մեղադրանք, ապա ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ընդ որում՝ այդ որոշումն ընդունել է մի անձնավորություն, որն ինքն իրեն անգամ չի կարողանում տիրապետել, բայց որի ձեռքում են գտնվում ՀՀ պետական մարմինները և բոլոր հնարավորությունները, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
«Ես էլ, իհարկե, չունենալով այն ռեսուրսը, որ ունի Սամվել Կարապետյանը, հայտարարում եմ, որ կանգնած եմ լիելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին և իմ մեթոդներով պաշտպանելու եմ եկեղեցին և ազգային արժեքները։ Եթե իմ այս նախադասության մեջ իշխանությունը զավթելու կոչ կամ պետությա դեմ հանցագործություն կա, ապա ես էլ եմ այդ նույն բանը կրկնում։
Սամվել Կարապետյանի՝ եկեղեցու կողքին կանգնած լինելու նախադասությունը դարձավ հիմք, որ Հայաստանի համար այսպիսի խայտառակ գործողություններ իրականացվեն՝ ընդ որում ուժային կառույցների կողմից։ Որևէ տարբերություն չեմ տեսնում 2020 թվականին հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի և այս թիմի գլուխ հանդիսացող անձի արարքների միջև»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՀԷՑ-ը պետականացնելու անհրաժեշտության մասին հայտարարությանը՝ իրավապաշտպանը նկատեց՝ սա ոչ այլ ինչ է, քան բռնաճնշման մի ձև։
«Ինքն ուրիշ մեթոդի չի տիրապետում։ Ինքը չի եկել կառավարելու Հայաստանի Հանրապետությունը, ինքը եկել է ոչնչացնելու։ Փաշինյանը դա վերջին յոթ տարիների ընթացքում խիստ հետևողական է անում։ Այն, ինչ անում է իշխող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ մի կապ չունի ո՛չ օրենքի, ո՛չ իրավունքի, ո՛չ Հայաստանի և հայ ժողովրդի կարիքների հետ. ամբողջը զուտ գնում է միայն ու միայն ցեղասպանական քաղաքականության սպասարկմանը։ Սա մեծամասամբ Փաշինյանի նախաձեռնությունն է, և ես երբեք չեմ հասկանա այն մարդկանց, որոնք 2018-ին ճչում և թռչկոտում էին, իսկ հետո ԱԺ-ում լեգիտիմացրեցին նրան, նրանց, ովքեր 2021 թվականին ընտրեցին գործող իշխանություններին»,- ամփոփեց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի պաշտան Արմեն Ֆերոյանն ավելի վաղ հայտարարել էր՝ ռուսաստանաբնակ գործարարին մեղադրանք է առաջադրվել իշխանութունը յուրացնելու հրապարակային կոչերի համար․ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանավորելու նրան։ Ըստ Ֆերոյանի՝ իր պաշտպանյալը չի ընդունոմ իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ այն բացարձակ ապօրինի է։
Հիշեցնենք նաև, որ իրադարձությունները սրընթաց զարգացել էին Սամվել Կարապետյանի՝ երեկ տված հարցազրույցից հետո, որտեղ նա, մասնավորապես, հայտարարել էր.
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։
Սամվել Ալեքսանյանն այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Երեկվա իրադարձությունները հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը։։ Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում՝ ինքը Հայաստանն է, անհուն հարգանքն ու սերը իմ հայրենիքի, մեր ավանդույթների, մեր պատմության, մեր Եկեղեցու հանդեպ»։