Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ալիևը հունիսի 19-ին կմեկնի Թուրքիա, Փաշինյանը՝ հունիսի 20-ին

Հունիսի 19-ին Էրդողանի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Թուրքիա. հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը։

Նրա խոսքով՝ այցի շրջանակներում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա «Ադրբեջանական թաղամաս» անվամբ բնակելի համալիրի բացումը, որը կառուցվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Քահրամանմարաշում 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած երկրաշարժից հետո։

Ֆահրեթթին Ալթունը նշել է, որ այցի ընթացքում նախատեսվում է մտքեր փոխանակել տարածաշրջանային ներկա գործընթացների, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին էլ Նիկոլ Փաշինյանն է մեկնելու Թուրքիա։ Այսօր, լրագրողների հետ զրույցում նա խուսափեց պատասխանել՝ ինչ նպատակով է մեկնելու Անկարա։