Նկարում ամբողջովին արցախահությունից կազմված ու Սարդարապատի հերոսամարտին մասնակցած մահապարտների 5-րդ գունդն է՝ Պողոս Բեկ–Փիրումյանի հրամանատարությամբ։
Իմ հիշողության մեջ դեռ վառ են այդ կռվին մասնակցած ու փառքով ետ վերադարձած իմ գյուղացի մեծերը՝ Սուլի Հովսեփյան (Բշրաթանց Սուլի), Հարություն Մարությանը, իմ հորեղբայրները՝ Ջավադ Առուշանյանը, Սարգիս Առուշանյանը, քեռիներս՝ Միաբ Աբրահամյանը, Մովսես Աբրահամյանը (Մակունց Մովսես), Վերին Շենից էլ Բաբաքյոխյան Լևոնը, ովքեր առաջին աշխարհամարտից միանգամից մեկնեցին Սարդարապատ…
«Չկռվող ղարաբաղցիները» դեռ 100 տարի առաջ էին ապացուցել, որ անկախ Հայաստանն ու Հայրենիքը ամեն բանից առավել են։ Այսօր էլ անիրական են թվում նրանց արարքները, բայց այն ժամանակ անկախ պետության ծարավը նրանց անհնարին թվացող սխրանքների էր դրդրում։ Այն ժամանակ երևի հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը չկար։ Կար մի գերնպատակ, ու նրանք պայքարում էին ազգային ինքնության, կյանքի ու պատմության շարունակականության համար։ Նրանց պատմական շանս էր ընձեռվել ու նրանք լիովին օգտագործեցին այն։
Այս նկարի՝ իմ հիշողություններում դաջված հերոսների դեմքերը ինձ անդադար հիշեցնում են, որ ազատությունը երբեք հեշտ չի տրվել. այն նվաճվել է արյամբ, քրտինքով, սիրով ու հավատով։ Եվ գուցե ժամանակները փոխվել են, բայց այն ոգին, որ միավորեց մեզ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում, նույն ուժով շարունակում է բաբախել մեր սրտերում։
Լիդա Առուշանյան, Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում քաջաբար ընկած Դավիթ Առուշանյանի մայրը