Իմ հայ մարդիկ…
Սիրելի՛ եղբայրներ ու քույրեր, հարազատներ, ընկերներ, ծանոթ ու անծանոթ հայ մարդիկ։
Ես Վլադիմիր Մարտիրոսյանն եմ՝ ձեզ պես հայ մարդ, ով ունի ընտանիք, ունի հոգսեր, անհանգստություններ, վախեր և սպասումներ ապագայից՝ ճիշտ այնպես, ինչպես ձեզնից յուրաքանչյուրը։ Բայց իմ և ձեր միջև կա մեկ փոքր տարբերություն։ Իմ գործը քաղաքականություն արտադրելն է, իսկ Ձերը՝ այն սպառելը: Տարիներ շարունակ ես մասնագիտական առումով զբաղվել և ուսումնասիրել եմ պետությունների ճակատագրերը, ժողովուրդների սխալներն ու հաղթանակները և այն պահերը, երբ հասարակություններն ու ժողովուրդները ճիշտ ժամանակին կանգնել են իրենց կողքին և այն պահերը, երբ ուշացել են և դա արժեցել է ճակատագիր:
Ու հենց դրա համար հիմա ձեզ հետ խոսում եմ ոչ թե որպես մասնագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոչ թե որպես Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն կամ դասախոս, այլ որպես հայ մարդ, զավակ, ամուսին, ընտանիքի և երեք երեխաների հայր է:
Խնդրում եմ՝ մի պահ ինձ հավատաք։
Այնպես, ինչպես մարդը հավատում է բժշկին, երբ խոսքը իր կյանքի և առողջության մասին է։ Ինչպես հավատում է ուսուցչին, երբ խոսքը իր երեխայի կրթության մասին է։ Ինչպես ընկերը կհավատա ընկերոջը ,հարազատը հարազատին, եղբայրը եղբորը:
Լսեք ինձ։
Ձեր կյանքում չի եղել և գուցե էլ չլինի ավելի կարևոր ընտրություն, որտեղ ձեր մասնակցությունն այսքան հենց ձեզ ու միայն ձեզ պետք լինի։ Հավատացեք, այս ընտրությունները քաղաքական գործիչների մասին չեն, կուսակցությունների մասին չեն, նույնիսկ այս իշխանության մասին չէ։
Սա ընտրություն է՝ Ձեր կյանքի մասին, ընտանիքի մասին, արժանապատվության մասին, Ձեր երեխաների վաղվա մասին, Ձեր վախերի ու հույսերի մասին, Ձեր ու ձեր գենի մասին է։
Եթե երբևէ եղել է կամ կլինի պահ, երբ դուք Ձեզ ամենաշատն էիք պետք՝ այդ պահը հիմա է, հենց հիմա:
Խնդրում եմ՝ մի մնացեք տանը։
Մի մտածեք՝ «իմ ձայնից բան չի փոխվի»։ Վստահեցնում եմ՝ պատմությունն ու ճակատագրերը շատ հաճախ փոխվել են հենց այն մարդկանց շնորհիվ, նրանց ջանքով, նրանց քայլով , ովքեր մի օր որոշել են՝ «Ես գնալու եմ ու փոխեմ»։
Գնա.
Այս ընտրությունները ՔՈ մասին են.
Այս անգամ ընտրիր հենց Քեզ.
Ես քեզ շնորհակալ կլինեմ։
Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ








