Կիրակի, 26 Հուլիս, 2026

Իմաստաբանական բառարան

Իշուն քեռի ասելու ժամանակները

Շատ լեզուներում «քեռի» եւ «հորեղբայր» հասկացությունների  համար ընդամենը մեկ  բառ է հորինված. Անգլիախոս մարդիկ uncle են ասում, ռուսախոսները՝ ձյաձյա, մեր վրացի հարեւանները՝ բիձա…

Սակավաթիվ են այն ժողովուրդները, որոնք  «մորեղբոր» համար առանձին բառ ստեղծելու մասին են մտածել. Հայոց լեզուն, ի պատիվ մեր ժողովրդի, այդ սակավաթիվ լեզուներից է:
Նախ՝ պատճառների մասին.

Քույր եւ եղբոր ամուսնությունը (Sibling marriage) տարբեր մշակույթներում եղել է սոցիալապես ընդունված, հատկապես՝ թագավորական կամ դինաստիական շրջանակներում:

Օրինակ՝ փարավոն Թութանհամոնը, ենթադրաբար ամուսնացած է եղել իր քույր Անքեսենամունի հետ: Բնականաբար  այդ զույգից ծնված երեխաների մոր եղբայրն ու հոր եղբայրը նույն անձն է եղել, միաժամանակ թե՛ քեռին, թե՛  հորեղբայրը:

Բայց Հայաստանում  “սիբլինգ ամուսնությունը”   երբեք հասարակության կողմից   ընդունված պրակտիկա չի եղել՝ ո՛չ հեթանոսական, ո՛չ էլ քրիստոնեական շրջանում: Ընդհակառակը, դա դիտվել է որպես արյունապղծություն, եւ խստորեն դատապարտվել է թե՛ հասարակության եւ թե՛ եկեղեցու կողմից: Այդ պատճառով էլ հայ երեխան իր հոր եւ մոր հարազատ եղբայրներին տարբեր անուններով է դիմել:

Դա՝ ի միջի այլոց: Հիմա՝ «Քեռի» բառի մասին՝

Գեւորգ Ջահուկյանը ենթադրում է, որ  ՔԵՌԻ բառը կապված է բնիկ հնդեվրոպական ծագում ունեցող ՔՈՅՐ բառի ՔԵՌ սեռականի հետ: Սակայն այդ վարկածին թերահավատորեն է նայում Հրաչյա Աճառյանը:

Անկախ բառի հնդեվրոպական ծագումից,  քեռին հայկական ընտանքիներում  երկրորդ կարգի ուղիղ ազգականի կարգավիճակ ունի, եւ ազգակցական հարաբերություններում ընտանիքի կարեւոր ու  մտերիմ անդամի պատվին է արժանացել:

Այդ պատվավոր դերակատարության շնորհիվ քեռին զարմիկի, կամ ինչպես գյումրեցիներն են ասում՝ եգյանի կյանքում կարեւոր դեր է կատարել:

Մի ժամանակ ասում էին՝ քանի քեռին սաղ է, եգյանը միշտ շոկոլադ կամ ուրիշ համով բաներ պիտի ուտի: Իհարկե, թանկացումների պատճառով, կարծես վերջին շրջանում քեռիների ու զարմիկների հարաբերություններում որոշակի ճեղքվածք է առաջացել:

Պատկերացրեք՝  քեռու հայտնվելուն պես (քանի որ նա իր շալակին  շոկոլադի հարուստ պաշարով էր ներկայանում) բակի երեխաները ցնծությունից  գոռում  էին՝ «քեռին էկավ մեր բակը, տուլուլու-տուլուլու մեր բակը»… Հիմա արդեն երեխաները բացականչում են՝ «բա ո՞ւր մնաց լիքը շալակը»:  

Նախկինների օրոք,  երբ հովանավորչությունը մեզանում գլուխ էր բարձրացրել,  լավ աշխատանքի տեղավորման հարցում քեռին միշտ իր զարմիկի կողքին է եղել: Չէ՞ որ ընդունված էր ասել՝ «եթե լավ քեռի ունես, ուրեմն ամուր մեջք էլ կունենաս»: Փաստորեն մի ժամանակ մեր իրականության մեջ  «պինդ մեջքն» ու «ազդեցիկ քեռին» հոմանիշներ էին:

Բայց այսօր թե՛ ազդեցիկ քեռու, եւ թե՛ պինդ մեջքի դերում  հանդես է գալիս իշխող քաղաքական կուսակցությունը:   

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ