Բացահայտում
Պատկերացրու, որ մեկ այլ քաղաքակրթությունից կամ մոլորակից ես եկել մեզ մոտ ու մի տարօրինակ առարկա ես նկատել: Չգիտեմ՝ ձեր մոլորակում նման դեպքերում ինչպե՞ս կվարվեին, բայց մեզ մոտ, օրինակ, հետաքրքրասեր հայը կվերցներ հեռախոսը, կնկարեր այդ առարկան, հետո էլ Google որոնողական համակարգի օգնությամբ կփորձեր պարզել, թե ի՞նչ է սա:
Երեւակայիր, որ հենց այդպես էլ վարվում ես դու, ու հրաշագործ սարքիդ ու քո մոլորակի պահանջներին վայել որոնողական համակարգի օգնությամբ պարզում, որ այդ տարօրինակ «գտածոն» գլխարկ է, իսկ դրա հայտնաբերման վայրը՝ հնագույն մշակույթի օրրան Հայաստանը:
Հետո՝ գլխարկի մասին ավելի մանրամասն պատկերացում կազմելու համար կրկին դիմում ես որոնողական համակարգի օգնությանը եւ պարզում, որ այն նախատեսված է մարդու գլուխը ցրտից կամ շոգից պաշտպանելու համար:
Եթե մի փոքր էլ խորանաս, կպարզես, որ Հայաստանի տարբեր ազգագրական շրջաններում հայերը գործածել են գլխարկի տարբեր տեսակներ: Օրինակ՝ Վասպուրականում, Տուրուբերանում, Փոքր Հայքում եւ Կիլիկիայում հայ տղամարդիկ կրել են ՔՈԼՈԶ կոչվող թաղիքե գլխարկներ, իսկ Աղձնիքում՝ բամբակե կտորից պատրաստված ԳԴԱԿՆԵՐ: Սյունիքում, Արցախում եւ Գեղարքունիքում տարածված են եղել գառան մորթուց պատրաստված գլխարկները, իսկ զինվորականները կրել են մետաղյա սաղավարտներ՝ սառը զենքի հարվածներից պաշտպանվելու համար:
Հայաստանից դեպի հյուսիս, արջերի հետ բարեկամական դաշինք կնքած ռուսների մոտ, գլխարկը ասոցացվում է տատիկին կարկանդակ հասցնող բարի աղջնակին հոշոտած ու հրապուրիչ հանդերձանքով իր հերթական զոհին ներկայացող գայլի տեսքով:
Հայաստանին սահմանակից Վրաստանում գլխարկների մեջ ամենաբրենդայինը համարվում է Դարչոյի գլխարկը, որը փոքրիկ օդանավերի վայրէջքի համար նախատեսված աերոդրոմ է հիշեցնում:
Թուրքիայում, յաթաղանից բացի, այցեքարտի համարում ունի թաղիքից պատրաստված կարմիր ֆեսը՝ վերեւում կախ ընկած ծոպիկով:
Հարեւան Իրանն էլ, ազգային փոքրամասնությունների ու էթնիկ խմբերի բազմազանության շնորհիվ, տարածաշրջանի գլխարկների ամենագունեղ ներկապնակն է համարվում:
Եթե հետաքրքրասիրությունը քեզ շատ խեղդի, նաեւ կպարզես, որ հինգհազարամյա քաղաքակրթության դրոշմակիր երկրի կողքին գոյություն ունի Կոկա-Կոլային հասակակից կամ վաղամեռիկ Հռոմի Պապի տարիքից մի քիչ ավել պատմություն ունեցող մի երկիր, որտեղ տղամարդիկ ոչ թե ցրտից կամ շոգից պատսպարվելու, այլ լոպպազանալու համար են գլխին մի տարօրինակ առարկա դնում, որը կոչվում է հովարավոր, կամ պարզապես՝ «կիլդիմի» գլխարկ:
Հարգելի այլմոլորակային, միայն մի՛ փորձիր որոնողական համակարգով պարզել, թե ի՞նչ է Կոկա-Կոլան կամ ո՞վ է Հռոմի Պապը: Շատ կխճճվես:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ