Էկոնոմիկայի նախարարը վստահ է՝ կարկուտի թեման ավելի շատ է հետաքրքրում ՀՀ քաղաքացիներին, քան Շուշիի ազատագրումը

Լրագրողներն այսօր Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք նա այս կապակցությամբ ուրախ է։ Նախարարն ուղիղ պատասխան չհնչեցրեց, այլ ասաց.
«Կարծում եմ՝ ՀՀ կառավարության և ՔՊ-ի կողմից առաջ քաշված իրական Հայաստանի քաղաքակրթական մոդելը և գաղափարախոսությունը պատասխանում է բոլոր հարցերին, և ես ուրախ կլինեմ, երբ ՀՀ կնքի խաղաղության պայմանագիր, Հայաստանում լինի վերջնական խաղաղություն, պատերազմներ այլևս չլինեն, և մենք մեր հսկայական միջոցները ուղղենք մեր երկրի սոցիալական, կրթական և առողջապահական խնդիրների շարունակական բարելավմանը»։
Նախարարն արագ անցում կատարեց վերջին օրերին տեղացած կարկուտի հետևանքներին՝ նշելով, որ այս թեման վստահաբար ավելի շատ է հետաքրքրում ՀՀ քաղաքացիներին։ Նա նշեց, որ պլանավորում է լինել Արմավիրի մարզի մի շարք գյուղերում և տեղում ծանոթանալու գյուղացու կրած վնասներին։
