Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ամենայն հավանականությամբ իրավապահ համակարգի միջոցով է նկատի ունեցել. ԱԽ քարտուղարը՝ Փաշինյանի՝ «սաղիդ պիտի տանեմ-լցնեմ ԱԱԾ-ի պադվալը» սպառնալիքի մասին

Վարչապետը երեկ խոսել է կոռուպցիայի մասին մամուլում տեղ գտած հրապարակման մասին։ Անվտանգության խորհրդի գրասենյակը հավաքագրում է այդպիսի բոլոր հրապարակումները, միասնական, ամբողջական զեկույց է կազմում և տեղեկացնում է վարչապետին։ Վարչապետը խոսել է սրա մասին, և այս աշխատանքը մենք երկար ժամանակ կատարում ենք, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խուսափելով ուղիղ գնահատական հնչեցնել երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմության հասցեին հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ։

Երբ լրագրողը հիշեցրեց վարչապետի՝ «սաղիդ պիտի տանեմ-լցնեմ ԱԱԾ-ի պադվալը» խոսքերը, ԱԽ քարտուղարը նախ առաջարկեց անցնել հաջորդ հարցին, այնուհետ ասաց.

«Ամենայն հավանականությամբ իրավապահ համակարգի միջոցով է նկատի ունեցել»։

Ըստ Գրիգորյանի՝ հավաքագրվում է կոռուպցիայի մասին մամուլում տեղ գտած ցանկացած ինֆորմացիա՝ բոլորի վերաբերյալ։
«Մեր հիմնական ուշադրությունը, բնականաբար, կառավարության անդամների, ՏԻՄ մարմիններում աշխատող քաղաքացիների մասով է։ Մենք այդ ինֆորմացիան հավաքագրում ենք, զեկույց ենք կազմում և ներկայացնում ենք վարչապետին »,- ասաց նա։

Հաջորդ հարցին՝ ինչո՞ւ է Անվտանգության  խորհուրդն զբաղվում կոռուպցիայի մասին մամուլի հրապարակումների հավաքագրմամբ և դրանք վարչապետին ներկայացնելով՝ Արմեն Գրիգորյանը նկատեց՝ պատճառն այն է, որ ԱԽ-ն կոռուպցիան համարում է ազգային անվտանգության սպառնալիք։

«Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է, Անվտանգության խորհուրդը դրա շրջանակներում աշխատանքներ է կատարում՝ համարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն առաջնահերթություն է և ազդում է ՀՀ անվտանգության վրա»,- ասաց պաշտոնյան։

Վերջում Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ որևէ նորություն չկա, որևէ նոր բան լինելու դեպքում կներկայացնեն հանրությանը։