Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պատասխան է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ նամակին, որում նա հաստատել է Թեհրանի դիրքորոշումը։
Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
«Պաշտոնական պատասխանը շարադրված է նամակում, որում ստատուս քվոյի և պարոն Թրամփի նամակի վերաբերյալ մեր տեսակետներն ամբողջությամբ շարադրվել են և փոխանցվել մյուս կողմին», – ասել է Արաղչին։
Ըստ գործակալության՝ Արաղչին «հաստատել է Իրանի դիրքորոշումն այն մասին, որ երկիրը չի մասնակցի ուղղակի բանակցությունների, քանի դեռ ենթարկվում է ռազմական սպառնալիքների և ճնշման՝ նշելով, որ կարող է մասնակցել միայն անուղղակի բանակցությունների»։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ Թրամփի նամակը պարունակում է «ավելի շատ սպառնալից դիրքորոշում», սակայն, ըստ նրա, նաև «որոշ հնարավորություններ» է բացել Իրանի համար։
Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ էր սահմանել Իրանի միջուկային նոր համաձայնագրի կնքման համար՝ նշելով, որ նման համաձայնագիրն իրանցիներին «խաղաղ զարգացման և բարգավաճման» հնարավորություն կտա։
Միաժամանակ Թրամփը զգուշացրել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է իրանական միջուկային խնդրի լուծման ռազմական և դիվանագիտական ուղիները, սակայն նախապատվություն է տալիս խաղաղ բանակցություններին։
2018 թվականին՝ Թրամփի առաջին նախագահության ժամանակ Միացյալ Նահանգները դուրս եկավ միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի դեմ։
Ի պատասխան՝ Իրանը դադարեցրեց համաձայնագրի որոշ կետերի կատարումը։