Իմաստաբանական բառարան
Ճիտին պարտքը
Վիզը մարդու եւ կենդանիների գլուխը մարմնին կապող մաս է, որը հայերենում ունի յուրաքանչյուրիս ճաշակին պատշաճող հոմանիշ՝ պարանոց, ճիտ, բուկ, փող, շլինք…
«Վիզ» բառի ստուգաբանությունը հայտնի չէ, բայց հայտնի է դրա հոմանիշներից մեկի՝ պարանոցի կազմության շարժառիթը: Չէ՞ որ պարանը հորինելուց մարդիկ նկատի են ունեցել դրա իսկական նշանակությունը, որն ի սկզբանե նախատեսված է եղել ո՛չ թե լվացք կախելու կամ ջրհորից ջուր հանելու, այլ կենդանիների ու մարդկանց վզից կապելու, քարշ տալու եւ կախաղան բարձրացնելու համար:
Համոզված կարող եմ ասել, որ եթե մարդը կոկորդիլոսի կամ ձկան նման վիզ չունենար, վզի համար այդքան հոմանիշներ չէր հորինի: Չէր հորինվի նաեւ մարդկանց գլխատելու համար նախատեսված գիլիոտինը:
Նիհարելուց այլեւս մեզ չէին հանդիմանի, թե որքան վիզդ բարակել է:
Խնդրանքով մեկին դիմելիս այլեւս վիզդ չէիր ծռի:
Անհոգ կյանք վարող մարդիկ չէին արժանանա «հաստավիզ» մակդիրին: Դաստիարակչական նպատակներով հայերի մոտ վզակոթից հարվածելու սովորույթ գոյություն չէր ունենա:
Վնգստացող շնաբարո դատավորներին վզից բռնելու եւ դուրս շպրտելու կարիքը չէր լինի:
Որոշ երկրների ղեկավարների մոտ Լեռնային Ղարաբաղի հարցը պարանի տեսքով Հայաստանի վզին փաթաթելը նորաձեւ չէր դառնա:
Մեր երկրի ղեկավարությունը հին ու նոր պրոբլեմները երեխեքի վզից չէր կախի:
Վզից խաչքար կախելը չէր համարվի հայ ժողովրդի հիմնական առաքելությունը:
Եվ վերջապես, խոսոտւմնազանցության պատճառով, Գրիգոր Զոհրապի նորավեպի հերոս Հուսեփ աղայի օրինակով, ուրիշներն էլ քարով լցված կաշվե պայուսակը վզի փոխարեն փորից կախ ջուրը կնետվեին:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
